Հետազոտություն

1097

                          Դատական Գործընթացների Մոնիթորինգ                          

<<Մարդու Իրավունքների Միջազգային Հանրություն>> կազմակերպությունը, 2021 թվականի  սեպտեմբեր ամսից իրականացնում է դատական գործընթացների մոնիթորինգ՝ դիտարկելով տարբեր դատական գործընթացներ՝ Երևանում և մարզերում։

Ծրագիրը իրականացվում է <<Օրենքի գերակայության ամրապնդումը Հայաստանում և Ուկրաինայում>> ծրագրի շրջանակներում։ Որպես դիտարկման սկզբունք ընտրվել են ԵԱՀԿ մոնիթորինգի չափանիշները։ Ներքևում ներկայացված է մոնիթորինգների իրականացման մեկ ժամանակահատվածի վերլուծությունը։

 Ծրագիրը  մեկնարկել է ՄԻՄՀ կառույցի ուկրաինական բաժանմունքի կողմից 2018 թվականից։  Այժմ, Ուկրաինայում ծրագիրը դադարեցվել է, և շարունակվում է  ՄԻՄՀ հայկական և գերմանական բաժանմունքների կողմից։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԻՄՀ Գերմանաիայի բաժանմունքի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից։

 Տվյալ ժամանակահատվածի դիտարկման համար ընտրվել են հիմնականում քաղաքացիական գործեր՝ աշխատանքից ազատման որոշումը բողոքարկելու, ճանապարհատրանսպորտային պատահարի հիմքով գումարի բռնագանձման, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման, փաստացի տիրապետումն ընդունած ժառանգ ճանաչելու, առուվաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին: Նաև քրեական գործեր կան ընտրված, օրինակ՝ Քր. Օր.-ի 186.1. հոդվածով՝ գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելը: Հիմնականում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընտրված դատավարություններ են:

Ներպետական ատյաններում բողոքարկված և առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկված գործերի ընտրությունն էլ իրավունքների խախտման դեպքում անձի կողմից դատարանի կայացրած որոշումների բողոքարկման հնարավորությունն ու համակարգն ուսումնասիրելու նպատակով է եղել, որը ՄԻԵԿ-ով սահմանված՝ դատական պաշտպանության իրավունքի իրականացման ձևերից է։

Փորձագետները նշում են դատավարության ժամանակ դատավորների կողմից, կողմերին իրենց իրավունքները բացատրելու մասին,  դատավարությանը նախապատրաստվելու կամ մյուս կողմի փաստարկները լսելուց ու գնահատելուց հետո իր դիրքորոշումը հստակեցնելու համար կողմի խնդրանքով ու փոխադարձ համաձայնությամբ նիստը հետաձգելու, կողմի տարիքը հաշվի առնելով՝ նրա նկատմամբ ավելի համբերատար վերաբերմունք դրսևորելու և այլ՝ դատավարական ընթացակարգերի պահպանման մասին:

Բայց արձանագրվել են նաև նիստերն ուշացումով բացելու դեպքեր, դատական համակարգի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ նիստերի ուշ նշանակումներ, դատաքննության ողջամիտ ժամկետների խախտումներ, դատավարական գործընթացում ժամանակի ոչ արդյունավետ կառավարում, օրինակ՝ դատական ​​նիստի ընթացքում կողմը մի քանի անգամ է ընթերցել միևնույն գրությունը, թեև ուղղակի կարող էր վկայակոչել այն, կողմերը երկար վիճել են միևնույն հարցի շուրջ, շեղվել են բուն խնդրից՝ փորձելով պարզել այլ հարցերի շրջանակ, կողմն ուղղորդող կամ քննության առարկային ոչ վերաբերելի հարցեր է ուղղել հրավիրված վկային:

Գումարի բռնագանձման պահանջի մասին քաղգործերով նկատելի է հետևյալ նույն սխեման. հայցվոր կողմ ապահովագրական ընկերություններն իրենց ներկայացրած հետադարձ պահանջը հիմնավորել են, որ պատահարը տեղի ունեցած ժամանակ պատասխանողները սահմանված ժամկետից՝ 40 րոպեից ուշ են տեղեկացրել պատահարի մասին, պատասխանողներն էլ առարկել են, որ  առաջին իսկ հնարավորության դեպքում են տեղյակ պահել ապահովագրողին վթարի մասին։ Պատասխանողները միջնորդություն են ներկայացրել՝ գործերն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու, բայց դատավորները որոշում են կայացրել պարզեցված վարույթով քննություն իրականացնել: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ի թիվս այլ դեպքերի, պարզեցված վարույթ կիրառվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձիերկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջների դեպքում: Դիտարկված բոլոր գործերով էլ քանի որ գումարները, որոնց բռնագանձման պահանջով հայց էր ներկայացվել, չեն գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, այն է՝ 2 000 000/երկու միլիոն/ ՀՀ դրամը, դատարանների որոշումը՝ գործերը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ, իրավաչափ են եղել:

Ինչ վերաբերում է պատշաճ ծանուցմանը, այս հանգամանքով պայմանավորված՝ դատարանները որոշում են կայացրել հետաձգել դատական նիստերը՝ ժամանակ տրամադրելով ծանուցումների իրականացման համար, քանի որ մի դեպքում՝ հայցվորի ներկայացուցիչն իրենց առարկությունները գրավոր ձևով չէր ուղարկել պատասխանող կողմին, մեկ այլ դեպքում՝ պատասխանողի ներկայացուցիչը գրավոր առարկությունը նեկայացրել էր դատարանին և հայցվորի ներկայացուցչին, բայց մյուս պատասխանողը չէր ստացել այն, մի  երրորդ դեպքում՝ դատարանը չէր կարողացել ապահովել պատասխանողի պատշաճ ծանուցումը, քանի որ վերջինս մշտական բնակություն էր հաստատել ՌԴ-ում, և հասցեն հստակ չէր։ Պաշտաճ ծանուցման ինստիտուտի հետ կապված՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվում է գործին մասնակցող անձանց ծանուցման մի քանի եղանակ՝ ծանուցագրի ուղարկում պատվիրված նամակի միջոցով, առձեռն հանձնում, ուղարկում էլեկտրոնային փոստի միջոցով: Սահմանադրական դատարանը իր որոշումներում բազմիցս անդրադարձել է ծանուցման ինստիտուտին և նշել է, որ շահագրգիռ սուբյեկտների կողմից պատշաճ ծանուցված լինելը վերջիններիս իրավունքների պաշտպանության /conditio sine qua non/ պայման է, առանց որի հնարավորր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: 

ՄԻՄՀ հայկական բաժանմունքը նախատեսում է պարբերաբար ներկայացնել մոնիթորինգների վերլուծությունները և ոլորտում՝ զարգացումների և փոփոխությունների դինամիկան։

   
0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments