Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ն զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսևորել է իշխանության անգործություն: Բացի այդ, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
Հաշվի առնելով գործի հնչեղությունը և տուժող կողմի իրավահաջորդների բարոյահոգեբանական վիճակը, դատարանի մոտակայքում հերթապահություն էին իրականացնում ոստիկանները՝ ապահովելով նիստի մասնակիցների անվտանգությունը։ Դատարանը գործել էր համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-981-րդ հոդվածների պահանջների՝ ապահովելով պաշտպանվող անձի՝ դատարան ներկայանալու անվտանգությունը:
16․02․2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը։ Նշենք, որ վերոնշյալ դատական նիստով ՄԻՄՀ/ISHR/-ն իրականացնում է թվով 5-րդ դիտարկումը։
Դատական նիստը բացվեց 50 րոպե ուշացումով, կարգադրիչները, դատական նիստի ներկաներին հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկի ուղեկցող խմբի ծանրաբեռնվածության պատճառով ամբաստանյալը դեռ չի ներկայացվել դատարան, որն էլ հանդիսանում էր ուշացման պատճառը։
Դատական նիստին ներկա էին մեղադրողը, ամբաստանյալը, ամբաստանյալի պաշտպանը, տուժող կողմի իրավահաջորդները։ Դատարան էր ներկայացել նաև վկա Մոնթե Պողոսյանը, ով պատերազմական գործողությունների ժամանակ գտնվել է ամբաստանյալ Իշխան Վահանյանի ենթակայության ներքո։
Վկայի խոսքով, նա վիրավորվել է պատերազմական գործողությունների ժամանակ և չի տեսել ամբաստանյալ Իշխան Վահանյանի գործողությունները, որոնք հանդիսանում են հանցագործության փաստական հանգամանք։ Վկայի ցուցմունքը տարբերվում էր մյուս վկաների տված ցուցմունքներից, և շատ դեպքերի նկարագրություններում կային էական հակասություններ։
Դատական նիստի ընթացքում վկայի եղբայրը, ով գտնվում էր դատական նիստերի դահլիճում, առանց դատարանի թույլատվության, հայտարարություն արեց, որի համար դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314․1 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, հայտարարեց նկատողություն։
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ արդեն 5-րդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալի պաշտպանը շարունակում է լուռ մնալ, չի ներկայացնում միջնորդություններ կամ հարցեր չի ուղղում վկաներին։ Այս մասով հարկ է մեջբերել ՄԻԵԴ դիրքորոշումն առ այն, որ կողմին ներկայացնելու համար իրավաբան նշանակելն ինքնին չի երաշխավորում արդյունավետ պաշտպանություն։ Նշանակված իրավաբանին կարող են երկար ժամանակ թույլ չտալ իրականացնել իր գործառույթները կամ էլ նա կարող է խուսափել իր գործառույթներն իրականացնելուց։ Իրավիճակին ծանոթ լինելու դեպքում ներպետական մարմինները պետք է փոխարինեն իրավաբանին, եթե նրանք դա չանեն, կողմը գործնականում կզրկվի արդյունավետ պաշտպանության հնարավորությունից՝ չնայած իրավաբանական օգնությունը նախատեսող դրույթի առկայությանը (Բերտուզզին ընդդեմ Ֆրանսիայի գործը, 2003, § 30):
Դատարանը վկայի հարցաքննությունն ավարտելուց հետո որոշում կայացրեց հաջորդ դատական նիստ նշանակել 2023 թվականի մարտի 2-ին, ժամը՝ 13։00-ին։
Մեջբերման է արժանի նաև այն հանգամանքը որ գործով վկա հանդիսացող 3 անձ չեն կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ գտնվում են Արցախի Հանրապետությունում, որի սահմանը շարունակում է փակ մնալ։ Բացի հումանիտար աղետից, այս հանգամանքը ուղղակիորեն վնասում է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով ամրագրված՝ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջը: