Հրաչ Մալխասյանի, Աշոտ Տրդատյանի և Կարեն Տրդատյանի գործի մշտադիտարկումը (08.12.2022թ. դատական նիստ)

1071

 

(08.12.2022թ. դատական նիստ)

Հրաչ Արտյոմի Մալխասյանին, Աշոտ Մկրտչի Տրդատյանին և Կարեն Մկրտչի Տրդատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 00։47-ի սահմաններում, առանց նախնական համաձայնության, խմբի կազմում խուլիգանական դրդումներով սպանել՝ ապօրինաբար Վահագն Խաչիկի Հարությունյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: Հրաչ Արտյոմի Մալխասյանին,  Աշոտ Մկրտչի Տրդատյանին և Կարեն Մկրտչի Տրդատյանին մեղսագրվում է հանրության համար վտանգավոր արարք, որը նախատեսված է /18.04.2003թ. ընդունված/ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով։ Երեքն էլ ունեն դատվածություն։

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 2-ի և 3-ի որոշումներով Հրաչ Մալխասյանի, Կարեն և Աշոտ Մկրտչի Տրդատյանների նկատմամբ որպես խափանման միջոցներ է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում։ 2022 թվականի մարտի 17-ին Աշոտ Տրդատյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ նույն թվականի մարտի 18-ին վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը կրկնակի քննության է առնվել և թողնվել է անփոփոխ:

2022 թվականի մարտի 27-ին հետախուզվողներ Հրաչ Մալխասյանը և Կարեն Տրդատյանը հայտնաբերվել և բերման են ենթարկվել Երևան քաղաքի վարչության ՔՀ բաժին, և նույն օրը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 27-ի որոշումներով վերջիններիս նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը կրկնակի քննության է առնվել և թողնվել է անփոփոխ:

27.03.2022 թվականից ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ։ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 13-ի, նույն թվականի մայիսի 20-ի, հուլիսի 12-ի, հուլիսի 25-ի որոշումներով, մեղադրյալների նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետները երկարացվել են: 09.09.2022թ. տեղի ունեցած դատական նիստի ընթացքում որոշվել է ամբաստանյալ Աշոտ Տրդատյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ, ամբաստանյալ Կարեն Տրդատյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ, ամբաստանյալ Հրաչ Մալխասյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ:

31.10.2022թ. տեղի ունեցած դատականի նիստի ընթացքում որոշվել է Աշոտ Տրդատյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի փետրվարի 17-ը ներառյալ, Կարեն Տրդատյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի փետրվարի 26-ը ներառյալ, Հրաչ Մալխասյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի փետրվարի 26-ը ներառյալ:

Քանի որ քրեական գործը հարուցվել է սույն թվականի փետրվարի 27-ին, քննիչը և դատարանն առաջնորդվելու են 01.07.1998թ․ ընդունված Քրեական դատավարության օրեսգրքով, որի 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում` յուրաքանչյուր դեպքում 2 ամսից ոչ ավելի ժամանակով: Սակայն տվյալ դեպքում դատարանը յուրաքանչյուր անգամ կալանավորման ժամկետը երկարաձգել է երեք ամիս ժամկետով, որը համարվում է անձի քրեադատավարական իրավունքի խախտում։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով։ Այս իրավունքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում (Տե՛ս Բուզադջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 92-102, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ) և Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia], թիվ 629/11, §§ 48-53, 2016 թվականի հոկտեմբերի 20), (տե՛ս Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97‑100, 2012 թվականի հունիսի 26. Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26. Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2. և վերջերս կայացված Արա Հարությունյանի գործով վճիռը §§54-59):

2022 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 15։30-ին պետք է կայանար հերթական դատական նիստը:

Դիտորդը դատարան մուտք է գործել ժամը 15։20-ին։ Դատական կարգադրիչը մոտեցավ դիտորդին՝ տեղեկանալու, թե արդյո՞ք դատավարական կողմ է և ո՞ր գործով է։  Դիտորդը ներկայացավ, իսկ կարգադրիչը տեղեկացեց, որ կալանավորված անձանց դատական նիստին չեն բերելու։ Մի քանի րոպե անց դատական կարգադրիչը մոտեցավ դիտորդին, ասեց, որ դատավորին տեղյակ պահել է, որ  մշտադիտարկում իրականացնող դիտորդ պետք է ներկա լինի նիստին։

Դատական նիստը սկսվեց 30 րոպե ուշացումով, քանի որ կողմերը դատական նիստին չէին ներկայացել։

Նիստերի դահլիճը բացվեց ժամը 16։00-ին, դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին, սակայն, նիստերի քարտուղարը նշեց, քանի որ կողմերը նիստին ներկա չեն, նպատակահարմար չէ դիտորդին ներկայացնել դատական նիստի ընթացքում։

3 րոպե անց եկավ նախագահող դատավորը։ Քարտուղարը ներկայացրեց, որ կողմերը չեն ներկայացել դատական նիստին, դատավորը հրապարակեց դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը՝ վերջինիս աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգելու և մեկ այլ հերթի տեղափոխելու վերաբերյալ: Ի դեպ, միջնորդությամբ դատարանին տեղեկացվել էր, որ դիմում էր ուղարկվել ՔԿՀ՝ նիստին մասնակցելու համար  ամբաստանյալների  փոխադրումը չիրականացնելու մասին։ Դատարանի կողմից դատախազի միջնորդությունը բավարարվեց, քանի որ 01.07.1998թ․ ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է:

Դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի կողմերին։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments