Խանում Մադաթյանը ծնվել է Ստեփանակերտում, բայց արմատները ձգվում են դեպի Ասկերանիի շրջանի Ավետարանոց գյուղ

185

Խանումը պատմում է  <<1992 թվականին 9 տարեկան էի, երբ սկսեց առաջին հակամարտությունը։ Հայրս Ստեփանակերտից մեկնեց Շուշի։  Հետո մայրս և ես նույնպես միացանք նրան։ Հակամարտությունից հետո մշտական բնակության տեղափոխվեցինք Շուշիում։ Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում ընդունվեցի որպես հոգևոր երգչուհի։ Եվ այդ պահից սկսած այն դարձավ իմ երկրորդ տունը>>։

Ասում է, որ  մինչև 2019թվականը ծառայել է սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Եվ արցունքները աչքերին  պատմում էր՝ թե որքան է սիրտը ցավում, որ եկեղեցին Ադրբեջանը վերածել է մզկիթի։

Այն հարցին՝ թե ինչպես է 2020 թվականին դուրս եկել  Շուշից,  պատմում է՝

<<Վերջին պահին դուրս գալուց առաջ էլ սուրբ Ղազանչեցոց եկեղեցում երգել եմ և մասնակցել հոգևոր պատարագին, և վերջին պահին դուրս գալուց հարազատներիս գերեզմաներից վերցրել եմ մի բուռ հող և նրանցից մասունքներ>>։

Արցունքները աչքերին էր խոսում՝ թե ինչպես է թողել ամեն բան՝ հայրենի քաղաքը՝ Շուշին, հարազատների գերեզմանները,  տունը, և ինչպես նշում էր՝ թերևս ամենակարևորը՝ Ղազանչեցոց եկեղեցին։

2020 թվականին հոր և մոր հետ բնակություն են հաստատում Ստեփանակերտում։

<<Դժվարությամբ, նորից ստեղծում էինք ամեն ինչ, որպիսի կարողանայինք ապրել, հազիվ սկսել էինք ծայրը ծայրին հասցնելով ապրել, երբ սկսվեց շրջափակումը>>։

Այն հարցին՝ թե ինչպես էին սնունդ հայթայթում պատասխանում է՝

<<Հազիվ էինք կարողանում օրվա ուտելիքը գտնել,  քանի որ պարենային ապրանքները քիչ էին, խանութները դատարկ էին, և եթե կարողանում էինք էլ պարենային ապրանքներ գտնել՝  շատ թանկ էին լինում,  մենք խնայած գումար էլ չունեինք։  Չէինք պատկերացնի, որ կարող է գալ մի օր, որ գնայինք խանութ և տեսնեինք լիովին դատարկություն, քանի որ շատ քիչ ժամանակ էր՝ ինչ տեղափոխվել էինք Ստեփանակերտ չէինք հասցրել նորմալ բանջարանոց մշակել, եթե հարևանների  այդ օրվա բերքը լավն էր, շատ էր ՝ ապա իրենց բանջարանոցից էինք օգտվում, բայց գիտակցում էինք, որ որքան էլ իրենք պատրաստ են մեզ օգնել, իրենք էլ ունեն ուտելիքի կարիք, ստիպված քաղցած էինք մնում օրերով>>։

Ասում է, որ այդ պահին էին հասկանում՝ թե որքան կարևոր և թանկ է իրենց համար Արցախը,  որի համար այդքան դժվարությաունների էին պատրաստ,  միայն թե չկորցնեին Արցախը։ Անգամ չէին  պատկերացնում, որ կարող են օրերից մի օր թողնել հայրենիքը և դուրս գալ։

Ասում է՝

<<Կարոտում եմ Դեդո Բաբոյի արձանը։ Հայաստանում կավից  պատրաստում եմ և նվիրում  եմ միայն մոտ ընկերներիս, որ երբեք չմոռանան Արցախի մասին>>։

Վերջին պահին իրերը հավաքելուց չի մոռացել՝  իր հետ վերցնել Շուշիում հարազատների շիրիմներից մնացած հողերը և որոշ մասունքներ,  ինչպես նաև Ստեփանակերտից  էլ մի բուռ հող, որն  այժմ պահում է որպես վերջին և միակ հուշ՝ իր Հայրենի երկրից։

Այն հարցին՝ արդյոք պատկերացում ուներ, որ կարող է թողնել հայրենիքը պատասխանում է՝

<<Անգամ երբ լսել եմ, որ պետք է դուրս գանք՝ չեմ հավատացել, մտածել եմ՝ խոսում են պարզապես միմյանց միջև, բայց երբ արդեն եկան ասեցին՝  իրերդ հավաքի, պետքա դուրս գանք, եթե չես ուզում ապրել Ադրբեջանի հանրապետության կազմի մեջ և վտանգել կյանքդ՝ արագացրու․․․․ ամեն բան այնքան արագ եղավ որ չհասցրեցի գիտակցել, միայն վերցրեցի այն ամենը ինչը կարևոր էր, քանի որ շատ տեղ էլ չունեինք, և արագ դուրս եկանք>>։

Պատմում է՝  որ  բռնի տեղահանման ժամանակ ականատես է եղել մահերի  այնպիսի դեպքերի , որ նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել՝  սկսած մահվանից մինչև ծնունդ։

Վերջում նշեց, որ չի ցանկանա ոչ ոքի նման դեպքերի ականատես լինի՝ ինչին ինքն է եղել։

Սիրուշո Մելքոնյան

ՄԴՎ թիմ

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments