Դեռևս 2006 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանը, որպես ՄԱԿ անդամ-պետություն, վավերացրեց 2010 թվականին:
Վավերացնելով Կոնվենցիան՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այդ միջոցները պետք է ուղղված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով անհրաժեշտ պայմանների հասանելիության ու մատչելիության ապահովմանը:
Խոսելով անհրաժեշտ պայմանների մատչելիության մասին՝ առաջին հերթին այն ասոցացնում ենք ֆիզիկական միջավայրի մատչելիության հետ:
Ֆիզիկական միջավայրն անձին շրջապատող նյութական աշխարհն է իր բոլոր դրսևորումներով, բնակության և գործունեության այն վայրը, որտեղ անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում և կազմակերպում իր անձնական և հասարակական կյանքը:
Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 193086 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է բնակչության 6.6 %-ը։ Պետք է խոստովանել, որ դա անհանգստացնող ցուցանիշ է, իսկ սա պարզապես վիճակագրություն չէ: Յուրաքանչյուր մարդու հաշմանդամության առկայության փաստը ենթադրում է այդ անձի կարիքներին արձագանմանն ուղղված պետության առանձին պարտավորություն: Միևնույն ժամանակ պետության պոզիտիվ պարտավորության շրջանակ է ձևավորվում հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց ընդհանուր կարիքների, այդ թվում և, որ առաջնային է, ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովման առնչությամբ:
Ֆիզիկական միջավայրի մատչելիության խնդիրներն առկա են բոլոր մակարդակներում: Խնդիրն առանձնակի անհանգստացնող և հրատապ հաղթահարման պահանջ է ստեղծում, երբ դա վերաբերում է բնակելի տարածքների մատչելիությանը. տարիների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բազմաթիվ դժգոհություններ են հնչեցվել այն մասին, որ շենքերը, որտեղ նրանք բնակվում են, վերելակներ կամ այլ հարմարություններ չունեն: Այո, Երևան քաղաքում կան շենքեր, որոնք ունեն շատ դեպքերում չհարմարեցված, որոշ դեպքերում էլ հարմարեցված վերելակներ, բայց, այդ շենքերի թիվը հուսադրող չէ:
Խնդիրն ավելի մտահոգիչ է մարզերում, երբ հաշմանդամություն ունեցող անձիք բառացիորեն ինքնակազմակերպման տիրույթում են, իսկ շենքերը՝ զուրկ նրանց կարիքներին նվազագույն մակարդակում հարմարեցված լինելու հույսից:
Խնդիրն ահազանգող է նաև, երբ այն դիտում ենք բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների անդամների աչքերով. նրանք մշտապես հայցում են պետության աջակցությունը վերելակների և այլ հարմարեցումների բացակայության պայմաններում իրենց 2-րդ և բարձր հարկերում գտնվող բնակարանները 1-ին հարկում գտնվող բնակարաններով փոխարինելու հարցում, քանի որ նրանց հաշմանդամություն ունեցող հարազատները նույնիսկ չեն կարող որոշակի ինքնասպասարկվել, ինչն ավելի է դժվարեցնում նրանց տեղաշարժման առօրյա գործընթացը:
2021 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պետությունը ներպետական մակարդակում կնիքեց իր հանձնառությունները, որի հիման վրա արդեն 2023 թվականին ՀՀ Կառավարության կողմից հաստատվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը»:
Համալիր ծրագիրը սահմանել է առաջնահերթություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար: Որպես առաջին առաջնահերթություն՝ ցուցանշված է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունը, որն ապահովվելու է ծառայությունների անհատական ծրագրերին համապատասխան՝ հաշմանդամություն ունեցող անձանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող բնակելի տարածքների (շինությունների) սարքավորումը օժանդակ հարմարանքներով՝ բնակելի ֆոնդի ընթացիկ և կապիտալ վերանորոգման համար հատկացվող կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ծրագրով արգելված է բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծումը, շինարարությունը և վերակառուցումը (հանրային նշանակության շենքերի և շինությունների դեպքում նաև հիմնանորոգումը), եթե իրականացման արդյունքները մատչելի չեն լինելու հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար: Բացի այդ, կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները փուլային կարգով վերակառուցվելու են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը։
Կառավարությունը հավակնոտ նպատակ է սահմանել՝ մինչև 2027 թվականը հնարավորինս մատչելի դարձնել տարբեր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն կառուցված շենքերը, պատմության և մշակույթի հուշարձանների տարածքները, ինչի ուղղությամբ կմշակվի պլան-ժամանակացույց հասարակական, արտադրական նշանակության շենք-շինությունների աստիճանական հարմարեցումն ապահովելու համար։
Մնում է հուսալ, որ պետությանը կհաջողի ստեղծել մատչելի միջավայր հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչը տեսանելի կլինի՝ անկախ խնդրի աշխարհագրությունից:
ՄԴՎ թիմ