Ինչպես հայտնի է, կենսաթոշակը վճարվում է կանխիկ և անկանխիկ եղանակներով:
Եթե կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելիս կենսաթոշակի գումարի տրամադրման հետ կապված խնդիր չի առաջանում, ապա այլ է կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով տրամադրելու դեպքում:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ՝ վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:
Իսկ ինչ անել, եթե կենսաթոշակառուները հենաշարժողական կամ անհնարինություն առաջացնող այլ խնդիրներ (օրինակ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, սակայն սահմանված կարգով անգործունակ չճանաչված) ունենալու պատճառով չեն կարողանում տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ, կամ, թեկուզ, 12 ամսից ավել ժամանակահատվածում ՀՀ-ում չգտնվող և ՀՀ վերադառնալու օբյեկտիվ խոչընդոտների առկայության պարագայում (հիմնականում առողջական խնդիրներ) կենսաթոշակառուները զրկված են իրենց չվճարված կենսաթոշակն ամբողջությամբ (բացի դիմում ներկայացնելու ամսվան նախորդող 12 ամսից, ավելի վաղ ժամանակահատվածի համար) ստանալու հնարավորությունից:
Այս խնդրի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր՝ «Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդմամբ:
Պաշտպանի ներկայացրած հարցադրմանն ի պատասխան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ ՀՀ-ում լինելը հավաստելու վերաբերյալ հայտարարություն ստորագրելու օրենսդրական պահանջի կատարումը կենսաթոշակառուի համար հեշտացնելու նպատակով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում 2022 թվականին կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ կենսաթոշակառուի՝ ՀՀ-ում լինելը կարող է հաստատվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից՝ անձամբ կենսաթոշակառուի ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա։
Ըստ Նախարարության՝ կենսաթոշակների վճարման գործընթացի կազմակերպման ընթացքում, սոցիալական ապահովության մարմինների կողմից տնային այցելություն կատարելու միջոցով դիմումներ ընդունելու դրույթ օրենսդրությամբ նախատեսված չէ:
Մյուս կողմից, ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի թիվ 284-Ն որոշմամբ սահմանվում է, որ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` ՀՀ-ում լինելը բանկը հաստատել է՝ բանկի աշխատակցի՝ ՀՀ-ում շահառուի գտնվելու վայր այցելությամբ կամ իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ ՀՀ-ում լինելը):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ինքը խոստովանում է խնդրի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ ստանալու մասին, որոնք, նախարարության պնդմամբ, սակայն, չեն հաշվառվում: Նախարարությունը հավաստիացնում է, որ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցող բանկերը հիմնականում ընդառաջում են շահառուներին և տունայցի միջոցով կարգավորում են խնդիրները:
Բայց, շահառուի կողմից բանկ չներկայանալու դեպքում բանկի աշխատակցի կողմից տնային այցելության իրականացումը, ինչպես նաև տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ շահառուի՝ ՀՀ-ում լինելու փաստը հաստատելը բանկի հայեցողության շրջանակներում է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, նաև ՀՀ Սահմանադրական դատարանը մեկ անգամ չէ, որ վերահաստատել են կենսաթոշակի նշանակման պահից կենսաթոշակառուին տրամադրման ենթակա գումարները նրա սեփականությունը հանդիսանալու փաստը, հետևաբար, կենսաթոշակառուն ունի այդ գումարներն իր հայեցողությամբ օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրավունք: Ըստ բարձր դատարանների, տարեկան առնվազն մեկ անգամ բանկ չներկայանալու փաստը չի կարող վկայել այն մասին, որ կենսաթոշակառուն սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներից հրաժարվելուն ուղղված որևէ գործողություն է կատարել:
Իր հերթին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է հիմք ընդունել այն, որ կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է, ուստի, կենսաթոշակի վճարման շարունակականության ապահովման համար սահմանված պարտավորությունը չկատարելն անձին չի կարող զրկել չվճարված կենսաթոշակն ամբողջությամբ ստանալու իրավական հնարավորությունից:
Պետությունը թույլ է տալիս համակարգային մեծ խնդրի շարունակականություն՝ այդկերպ խախտելով մարդու՝ միջազգայնորեն ճանաչված և պաշտպանվող սոցիալական՝ իր սեփականությունը տնօրինելու իրավունքը: Պետության համար պետք է անշեղ ուղենիշ դառնա՝ այս և մյուս հիմնախնդիրների լուծման առնչությամբ իր պոզիտիվ պարտավորությունների ծավալն ամբողջությամբ ստանձնելու և ոչ վարչական մարմիններին հայեցողական գործառույթներ շնորհելով իր վրա մարդու իրավունքների ապահովման բեռը միանձնյա կրելու: