Արցախի հայրենակիցների իրավունքների հորիզոնը

53

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետևանքով բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ, իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հայտնած տվյալներով՝ շուրջ 150 հազար անձ:

Իրարամերժ, չճշգրտված թվեր, որոնց մյուս կողմում չփաստագրված պատմություններն են:

2024 թվականի հունիսի 14-ին Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների պատճառով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ ծրագրի պահանջներին բավարարող շահառուներին հավաստագրերի տրամադրման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման հիմքերը և ընթացակարգը: Արդյունքում, կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 25.000 ընտանիքների համար բնակարանային հասանելիությունը:

Կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հավաստիացմամբ, մինչև Ծրագրի հաստատումը ծրագրի մանրամասների վերաբերյալ բավարար իրազեկում է իրականացվել. «Գրեթե բոլոր մարզեր այցեր են իրականացվել, և այցելած մարզերից յուրաքանչյուրում մինչև 400 հայրենակիցների հետ հանդիպում է իրականացվել»:

Ի դեպ, առաջին փուլով աջակցություն են ստանալու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները և այն ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ: Ծրագրի շահառու ճանաչվելու համար կարևոր պայման է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը:

 

Խոսենք վիճակագրությամբ.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմել է 594 ընտանիք (1967 անձ),

 

 

 

որոնցից շուրջ 30–ի դիմումն օգոստոսի 26–ի դրությամբ բավարարվել է, և նրանք արդեն ստացել են հավաստագիր։

Հարց է ծագում. մի՞թե 25.000 ընտանիքից միայն 594-ն ունի 3 և ավելի անչափահաս երեխա, զոհված կամ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ:

Արցախի հայրենակիցներից բազմաթիվ անգամ առիթ է ստեղծվել լսել Կառավարության նախաձեռնած ծրագրի մասին իրազեկված չլինելու, դեկտեմբեր ամսին ծրագրի դադարեցման լուրերի, ծրագրի անորոշության, ծրագրից օգտվելու անտեղյակության, կամ, թեկուզ, այն մասին, որ ծրագրից չեն օգտվում, որովհետև «հայկական» անձնագիր չունեն:

Թվարկվածները հիմնախնդրի հաղթահարման խոչընդոտներ են, որոնց վերացման հասցեատերերը Կառավարության կողմից հաստատված ծրագրով ներգրավված պետական կառույցներն են: Եթե դեռևս առկա է ընտանիքների իրազեկվածության նման պատկեր, իսկ զուգահեռ բազմաթիվ հայրենակիցների ՀՀ քաղաքացիության և ՀՀ անձնագրերի ձեռք բերման խնդիրները չեն կարգավորվել, ուրեմն, դա վկայում է այն մասին, որ Ծրագրի իրականացումը ձախողում է դեռ վաղ, բայց, ամենակարևոր՝ պետություն-հայրենակից փոխվստահության, փոխգործակցության փուլում:

Պետությունը պետք է առավել խորքային ջանքեր գործադրի, նախ, հայրենակիցների՝ Ծրագրի մասին ճշգրիտ և ծավալուն կերպով իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ, իսկ ընթացիկ նաև ոչ պատժիչ, զրկող, այլ աջակցող, խրախուսող, ներառական գաղափարին ուղղված իրականացնի իրենց հայրենիքից զրկված անձանց քաղաքացիության և անձնագրերի տրամադրման գործընթացը:

 

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments