Հանցավորության դեմ պայքարը պետության կարևորագույն հանձնառությունն է: Այդ պայքարը որքանով է արդյունավետ. սա է սոցիալական արդարության վերականգնումն ու իրավունքի գերակայության արմատավորումը պայմանավորող գործոններից մեկը:
Հանցավորության դեմ պայքարի գործընթացում իրավական սկզբունքների և արժեքների պահպանումից շեղումը չի կարող արդարացվել և զիջվել որևէ մղումով:
Երբ խոսում ենք հանցանքի մեջ ենթադրյալ մեղավոր անձին պատժելու մասին, իրավաչափորեն մտածում ենք՝ գուցե նա անմեղ է:
Անմեղության կանխավարկածը հիմնարար նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից, մեղադրող կողմի վրա է դնում մեղադրանքի ապացուցման բեռը, երաշխավորում է, որ որևէ մեղք չի կարող ենթադրվել, իսկ մեղադրանքի ապացուցումը պետք է լինի ողջամիտ կասկածից վեր:
Անմեղության կանխավարկածի չպահպանումը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը, ձևավորել անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին հասարակական ընկալում: Իսկ չէ որ սահմանադրական մակարդակում ամրագրված է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրեական հետապնդման ենթարկվող անձանց վերաբերյալ հրապարակումների վերջում, որպես կանոն, բոլոր իրավապահ մարմինները ձայնային և տեքստային ծանուցման ձևով ներկայացնում են անմեղության կանխավարկածի մասին մեջբերումները: Միևնույն ժամանակ, անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտվում է այն դեպքերում, երբ հայտարարությունը պարունակում է քննարկված ծանուցումները, սակայն, տեքստի բովանդակությունն, ընդհանուր առմամբ այնպիսին է, որ հանգեցնում է անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հանրային ընկալման:
Անձին իրավապահ մարմին ներկայացնելու կամ ձերբակալման տեսանյութը հրապարակելիս հիմնականում դեմքի հատվածը մշակվում է, կամ նկարահանումը կատարվում է այնպիսի դիրքից, որ հնարավոր չլինի նույնականացնել անձին: Միևնույն ժամանակ, արձանագրվում են նաև դեպքեր, երբ համապատասխան չափանիշները առերևույթ չեն պահպանվում, ինչի մասին է ահազանգում նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր՝ «Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդմամբ:
Իրավապահ մարմինները նախաքննության սկզբնական փուլում երբեմն հանդես են գալիս անձի մեղավորությունը հաստատող հրապարակային հայտարարությամբ, ինչը հասարակության մոտ ձևավորում է իրական և վերջնական միտք անձի մեղավորության վերաբերյալ և առիթ է ստեղծում նրան վարկաբեկելու, հեղինակությունն ու բարի համբավն արատավորելու տեսանկյունից՝ անգամ վերջում անմեղության կանխավարկածի սկզբունքը հիշատակելու պարագայում: Նշվածը հատկապես արդիական է, երբ կիրառված խափանման միջոցի պայմաններում (օրինակ՝ կալանք, տնային կալանք) մեղադրյալը, որպես կանոն, չի ունենում հնարավորություն հրապարակային հայտնելու իր դիրքորոշումը:
Ընդունելի է, որ պետությունը ոչ բոլոր դեպքերում է, որ թույլ է տալիս անձի մեղավորության առնչությամբ հասարակական կանխակալ ընկալումների, դրա արդյունքում՝ արդարադատություն իրականացնող մարմինների նկատմամբ ճնշման ձևավորմանը, ինչը, սակայն, չի ազատում նրան այդպիսի իրավիճակի պարագայում առավելագույն ջանքեր գործադրելու պարտավորությունից՝ իրավիճակը հաղթահարելու, անմեղության կանխավարկածի սկզբունքի անշեղ իրացումն ու իրավասու մարմինների՝ իրավունքի գերակայության սկզբունքին համահունչ գործունեությունն ապահովելու ուղղությամբ։