Իրանի անունից՝ Հայաստանի ԱԲ կենտրոնի դեմ․ ինչ է իրականում ցույց տալիս տարածվող տեսանյութը

34

Հուլիսի սկզբին X սոցիալական ցանցում տարածվեց տեսանյութ, որը ներկայացվում
էր որպես Իրանի կողմից հրապարակված ռազմական սպառնալիք։ Տարածվող
գրառումներում պնդվում էր, թե Իրանը պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ի
գործողություններին, իսկ Հայաստանում՝ Հրազդանի մոտ կառուցվող Firebird
ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը կարող է դառնալ
հարվածի թիրախ։
Տեսանյութի հեղինակները կենտրոնը ներկայացնում էին ոչ թե որպես
տեխնոլոգիական ենթակառուցվածք, այլ որպես ԱՄՆ ռազմական
գործողություններին աջակցող կառույց։ Գրառումներում նույնիսկ պնդվում էր, թե
կենտրոնը ԱՄՆ-ին տրամադրում է թիրախների հայտնաբերման տվյալներ։
Այս պնդումները ստուգելու համար ուսումնասիրեցինք տեսանյութի տարածման
աղբյուրները, Firebird-ի և Հայաստանի պետական մարմինների հրապարակած
տեղեկությունները, ինչպես նաև տվյալների կենտրոնի նշանակության մասին առկա
բաց աղբյուրները։
Եզրակացությունը՝ տարածվող պատմության հիմնական պնդումները չեն
հաստատվում։ Տեսանյութը չի ներկայացվել Իրանի պաշտոնական աղբյուրներից, իսկ
Firebird-ի կենտրոնը որպես ԱՄՆ ռազմական հետախուզական կամ թիրախավորման
ենթակառուցվածք ներկայացնելու համար հրապարակային ապացույց չկա։
Եկեք հասկանանք, թե ինչի՞ մասին է տեսանյութը.
X-ում տարածված տեսանյութում խոսվում է ԱՄՆ-ի գործողությունների և դրանց
հնարավոր հետևանքների մասին։ Տեսանյութին կից գրառումներում Հայաստանի
Հրազդան քաղաքի մոտ գտնվող Firebird-ի AI կենտրոնը ներկայացվում է որպես ԱՄՆ
ին ծառայող ենթակառուցվածք։
Գրառումներից մեկում ասվում է, որ կենտրոնը պատկանում է ամերիկյան Firebird
ընկերությանը և, իբր, ԱՄՆ ռազմական գործողությունների համար տրամադրում է
«թիրախների հայտնաբերման տվյալներ»։
Այս ձևակերպումն առանցքային է, քանի որ այն արդեն ոչ թե պարզապես կենտրոնի
մասին տեղեկություն է փոխանցում, այլ նրան վերագրում է կոնկրետ ռազմական
գործառույթ։

Սակայն նման պնդման դեպքում պետք է առնվազն մեկ ստուգելի ապացույց՝ պաշտոնական փաստաթուղթ, ընկերության գործունեության նկարագրություն, պայմանագիր կամ այլ վստահելի աղբյուր, որը կհաստատի, որ կենտրոնն իրականում զբաղվում է ԱՄՆ ռազմական հետախուզության կամ թիրախավորման ապահովմամբ։Մեր ուսումնասիրած բաց աղբյուրներում նման ապացույց

չհայտնաբերվեց։

Firebird-ը NVIDIA-ի և Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ Հրազդանում կառուցում է խոշոր արհեստական բանականության հաշվարկային ենթակառուցվածք։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեռ հունիսին հայտնել էր, որ նախագծի առաջին փուլում նախատեսվում է ստեղծել մոտ 18 մեգավատ հզորությամբ AI տվյալների կենտրոն՝ NVIDIA Blackwell

ճարտարապետության վրա հիմնված հաշվարկային համակարգերով։ Նախատեսված էր 6144 GPU-ի տեղադրում։

Firebird-ի սեփական նկարագրությամբ՝ կենտրոնը նախատեսված է մեծածավալ AI workloads-ի՝ մոդելների ուսուցման և inference-ի համար։ Ընկերությունը այն ներկայացնում է որպես AI ենթակառուցվածք, որի միջոցով հաճախորդները կարող են օգտագործել NVIDIA GPU-ների հաշվարկային հզորությունը։

Այսինքն՝ տվյալների կենտրոնի գոյությունն ու ամերիկյան ընկերության հետ կապը իրական փաստեր են։ Իրական է նաև NVIDIA-ի մասնակցությունը նախագծին։

Սակայն իրական փաստերի կողքին տարածվող պատմությունը ավելացնում է մի այլ պնդում՝ իբր այդ ենթակառուցվածքը ծառայում է ԱՄՆ ռազմական գործողություններին։

Firebird-ի պաշտոնական նյութերում կենտրոնը ներկայացվում է որպես AI և բարձր արտադրողականությամբ հաշվարկների ենթակառուցվածք։ Ընկերությունը նշում է GPU հաշվարկային հզորությունը, տվյալների կենտրոնների ցանցը, cooling համակարգերը, bare-metal ծառայությունները և AI մոդելների training ու inference գործընթացները։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ նախագիծը ներկայացնում է որպես բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների ենթակառուցվածք։ Ապրիլին նախարարությունն ու Firebird-ը 25 միլիոն դոլարի՝ հինգ տարվա ընթացքում բարձր արտադրողականությամբ հաշվարկային

ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր էին կնքել։

Այս տեղեկություններից ոչ մեկը չի հաստատում, որ Հրազդանի կենտրոնը ԱՄՆ ռազմական գործողությունների համար հետախուզական տվյալներ է հավաքում կամ թիրախներ է հայտնաբերում։Ավելին՝ Firebird-ի հրապարակային ներկայացման մեջ կենտրոնի աշխատանքը կապված է AI մոդելների ուսուցման, հաշվարկային

հզորությունների տրամադրման և տեխնոլոգիական ընկերությունների,

հետազոտողների ու կազմակերպությունների համար ենթակառուցվածքի ապահովման հետ։

Հետևաբար «կենտրոնը ԱՄՆ-ին թիրախավորման տվյալներ է տրամադրում» պնդումը փաստի կարգավիճակով ներկայացնելու հիմք չկա։

Տարածվող պատմության մյուս կարևոր մասը այն է, որ տեսանյութը ներկայացվում է որպես Իրանի հրապարակած նյութ։

Սակայն այստեղ նույնպես անհրաժեշտ է տարբերակել երկու փաստ։ Իրանը կարող էր ունենալ ԱՄՆ-ի գործողություններին վերաբերող

հայտարարություններ կամ ռազմական սպառնալիքներ։ Դա ինքնին դեռ չի

նշանակում, որ տվյալ տեսանյութը պաշտոնական իրանական արտադրանք է կամ որ դրանում Հայաստանի AI կենտրոնի մասին ներկայացված տեղեկությունը գալիս է Իրանի պետական կառույցներից։

Տարածված տեսանյութի դեպքում հրապարակային հետքը տանում է դեպի X-ում գործող հաշիվներ։ Դրանցից մեկը Roaa War Studies-ն է, որը տեսանյութը տարածել էր որպես ռազմական և աշխարհաքաղաքական բովանդակություն։

Տեսանյութի հրապարակումից հետո այն տարածվել է X-ի ավելի քան 20 այլ հաշիվներում։Ուսումնասիրությունները արձանագրում են, որ տեսանյութի մեջ Հայաստանի AI կենտրոնը ներկայացվում էր որպես ԱՄՆ ռազմական գործողություններին ծառայող ենթակառուցվածք։ Այսպիսով, «իրանական

տեսանյութ» ձևակերպումն ինքնին ապացույց չէ դրա պաշտոնական ծագման համար։

Տեսանյութի բովանդակությունից բացի կարևոր է հասկանալ նաև՝ ով և ինչպիսի

տեղեկատվական միջավայրում է այն տարածում։Միջազգային հետազոտական Insikt Group-ը, որըRecorded Future-ի հետազոտական ստորաբաժանումն է, ուսումնասիրել է նաև այդ նյութերի ստեղծման և տարածման ենթակառուցվածքը։

Insikt Group-ի գնահատմամբ՝ Firebird AI կենտրոնը դարձել է ռուսական ազդեցության ցանցի՝ CopyCop-ի, որը հետազոտողները կապում են Storm-1516-ի թիրախներից մեկը։ Հետազոտության համաձայն՝ 2026 թվականի հունիսի 24-ից հուլիսի 13-ը արձանագրվել է առնվազն երեք առանձին ապատեղեկատվական արշավ, որոնք ուղղված էին Հրազդանում կառուցվող կենտրոնի դեմ։

Հետազոտողները նշում են, որ այդ երեք պատմությունները տարբեր էին, սակայն ունեին ընդհանուր նպատակ՝ կասկածի տակ դնել նախագծի անվտանգությունը, տնտեսական կենսունակությունն ու Հայաստանի արևմտյան գործընկերների հետ համագործակցությունը։

DFRLab-ի ավելի լայն հետազոտությունն էլ արձանագրում է, որ Storm-1516-ը Հայաստանի նկատմամբ համակարգված տեղեկատվական ազդեցության արշավներ է իրականացրել՝ օգտագործելով կեղծ պատմություններ, կեղծ կայքեր և սոցիալական ցանցերի հաշիվներ։ Հետազոտությունը ուսումնասիրել է Հայաստանի դեմ վերագրվող տասնյակ նմանատիպ արշավներ։

Սակայն այստեղ նույնպես պետք է զգույշ լինել։Այն, որ տվյալ հաշիվը նախկինում կապվել է ապատեղեկատվական արշավների հետ, ինքնին դեռ չի ապացուցում, որ յուրաքանչյուր հրապարակման հետևում նույն կազմակերպիչն է։ Այդ կապը պետք է ներկայացնել որպես տարածման համատեքստ, ոչ թե որպես չստուգված վերջնական մեղադրանք։

Firebird-ի կենտրոնը նախկինում ևս հայտնվել է ապատեղեկատվական պատմությունների կենտրոնում։

FIP-ի ուսումնասիրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում տարածվել էր պնդում, թե իբր կենտրոնի կառուցման վայրում սպասվում է 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որը ոչնչացնելու է նախագիծը։ Տարածվող նյութում օգտագործվել էր TechCrunch-ին նմանակող կայք, իսկ կից տեսանյութը, ըստ ուսումնասիրության,

գեներացվել էր արհեստական բանականությամբ։

Այլ հրապարակումներում կենտրոնը ներկայացվել էր Հայաստանի էլեկտրացանցի

հնարավոր փլուզման կամ դրա պատճառով ներդրման վտանգի համատեքստում։Այս պատմությունները միմյանցից տարբեր են, բայց ունեն ընդհանուր հատկանիշ․ իրական նախագիծը վերցվում է որպես հիմք, իսկ դրա շուրջ ավելացվում է չհաստատված կամ ամբողջությամբ հորինված տեղեկություն։

Սա ապատեղեկատվության տարածված մեխանիզմներից է։ Կեղծ պատմությունը պարտադիր չէ ամբողջությամբ հորինված լինի։ Այն կարող է կառուցվել իրական փաստերի վրա, իսկ հետո այդ փաստերի միջև ստեղծվել կեղծ

պատճառահետևանքային կապ։

Այս դեպքում իրական են Firebird ընկերությունը, NVIDIA-ի մասնակցությունը, Հրազդանում կառուցվող AI կենտրոնը և դրա կապը ԱՄՆ տեխնոլոգիական էկոհամակարգի հետ։Չհաստատված է այն պնդումը, որ կենտրոնը ԱՄՆ ռազմական գործողությունների համար թիրախավորման տվյալներ է տրամադրում։

Հետաքրքիր է նաև, որ հուլիսին տարածված նյութերը պետք է գնահատել իրենց հրապարակման ժամանակի համատեքստում։

Հուլիսի սկզբին կենտրոնը դեռ գտնվում էր կառուցման և գործարկման վերջնական փուլում։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հունիսի 5-ին հայտնել էր, որ առաջին փուլի պաշտոնական մեկնարկը նախատեսվում էր հուլիսին։Հետագայում նախագիծը անցավ գործարկման փուլ։

Օգոստոսի 8-ին NVIDIA-ն հայտարարեց, որ Firebird-ը Հայաստանում պաշտոնապես գործարկել է ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն AI Factory-ն։ NVIDIA-ի հրապարակման համաձայն՝ առաջին փուլը ներառում է NVIDIA արագացուցիչներով և Dell-ի ենթակառուցվածքով AI հաշվարկային համակարգ, իսկ ընկերությունը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջ Հայաստանում տեղակայել ավելի քան 70 հազար NVIDIA Rubin և Blackwell GPU։Firebird-ի ներկայիս պաշտոնական կայքում առաջին հայկական AI Factory-ն նկարագրվում է որպես NVIDIA B200 GPU-ներով աշխատող AI ենթակառուցվածք, որը նախատեսված է AI training և inference workloads-ի համար։

Այսինքն՝ այսօր արդեն սխալ կլինի նյութում գրել, թե կենտրոնը «դեռ չի գործարկվել»։ Բայց սա չի փոխում սկզբնական փաստերի ստուգման հիմնական արդյունքը․ գործարկված AI ենթակառուցվածքի գոյությունը ինքնին չի ապացուցում, որ այն ԱՄՆ ռազմական թիրախավորման համակարգ է։

Այսպիսով ապատեղեկատվական պատմության արդյունավետությունը հաճախ պայմանավորված է նրանով, որ դրա մեջ իրական փաստեր են օգտագործվում։

Այս դեպքում իրական փաստերից են՝

  • Firebird-ը ամերիկյան ընկերություն է,
  • NVIDIA-ն ներգրավված է նախագծում,
  • կենտրոնը կառուցվել է Հրազդանի մոտ,
  • նախագիծը կապված է ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական և ներդրումային հարաբերությունների միջոցով,
  • Հայաստանում ստեղծվում է խոշոր GPU հաշվարկային ենթակառուցվածք։

Այս փաստերից հետո տարածվող նյութը կատարում է հաջորդ քայլը՝ կենտրոնին վերագրում է ռազմական նշանակություն։Բայց «ամերիկյան ընկերություն» և

«ամերիկյան ռազմական ենթակառուցվածք» նույն պնդումը չեն։Նույն կերպ՝ NVIDIA-ի և ԱՄՆ-ի տեխնոլոգիական համակարգի հետ կապը չի նշանակում, որ Հայաստանում տեղակայված յուրաքանչյուր NVIDIA տվյալների կենտրոն ծառայում է ԱՄՆ ռազմական գործողություններին։

 

Լրագրող ՝ Սարգիս Ասատրյան

Նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0 0 ձայներ
Article Rating
Բաժանորդագրվել
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted