Սոցիալական ցանցերում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ, որոնք
քաղաքական գործիչների կենսագրության, ընտանիքի կամ ծագման վերաբերյալ
տեղեկություններ են ներկայացնում որպես փաստ՝ առանց որևէ վստահելի աղբյուրի։
Այդպիսի օրինակներից է Նիկոլ Փաշինյանի մոր վերաբերյալ տարածված պնդումը, թե
նա ադրբեջանցի է եղել։
Այս պատմությունը հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ պնդման մեջ
ներկայացված տվյալները կասկածելի են, այլև այն պատճառով, որ ցույց է տալիս՝
ինչպես կարող է մեկ լուսանկարն օգտագործվել որպես «ապացույց», իսկ չստուգված
պատմությունը՝ կարճ ժամանակում հասնել հարյուր հազարավոր օգտատերերի։
Ինչից սկսվեց պատմությունը.
Սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումներում պնդվում էր, թե Նիկոլ
Փաշինյանի մայրը եղել է ադրբեջանցի՝ «Արզու Այվազ կիզի Մուսթաֆաևա» անունով,
ծնվել է 1962 թվականին Շամխորում և մահացել 1990-ականների սկզբին։
Պնդմանը կցված էր կնոջ լուսանկար, որը ներկայացվում էր որպես Փաշինյանի մայրը։
Առաջին հայացքից լուսանկարը կարող է ընկալվել որպես պնդման ապացույց։ Սակայն
լրագրողական ստուգման հիմնական հարցն այստեղ այն է՝ ո՞վ է լուսանկարում
պատկերված կինը և որտեղի՞ց է վերցվել լուսանկարը։
Հիմա եկեք պարզենք՝ ի՞նչ է ցույց տալիս պաշտոնական կենսագրությունը
Փաշինյանի նախկին պաշտոնական կայքի արխիվացված կենսագրականում նա ինքն է տեղեկություններ ներկայացրել իր ծնողների մասին։
Այդ տվյալների համաձայն՝ նրա մայրը Սվետլանա Նիկոլի Փաշինյանն էր
(Հովհաննիսյան), ծնված 1946 թվականի հունվարի 1-ին։ Փաշինյանը գրել է, որ նա
մահացել է 1987 թվականի մայիսի 4-ին՝ գլխուղեղի քաղցկեղից։
Այս տվյալները չեն համապատասխանում սոցիալական ցանցերում տարածվող
պատմությանը, որտեղ նշվում էր 1962 թվականի ծննդյան տարեթիվ և 1990-ականների սկզբի մահ։
Այսինքն՝ նույնիսկ առանց լուսանկարի ուսումնասիրության՝ պնդման մեջ
ներկայացված կենսագրական տվյալների և պաշտոնական կենսագրության միջև
էական հակասություն կա։
Իսկ ո՞վ է լուսանկարում
Հոդվածի ամենակարևոր հատվածը հենց լուսանկարի հետագծումն է։
Լրագրողական փաստերի ստուգման ընթացքում CivilNetCheck-ը գտել է լուսանկարի
սկզբնաղբյուրը։ Այն հայտնվել է ադրբեջանցի ազգագրագետ Աթիգա Իզմայիլովայի
արխիվում և այնտեղ ներկայացվում է որպես 1958 թվականին Ադրբեջանի Լերիկի
շրջանում արված լուսանկար։

Լուսանկարը՝ Աթիգա Իզմայիլովայի կայքից
Այսինքն՝ սոցցանցերում տարածված պատկերը ոչ թե Փաշինյանի մոր լուսանկարն է,
այլ մեկ այլ աղբյուրից վերցված լուսանկար, որը հետագայում ներկայացվել է լրիվ այլ
կոնտեքստում։
Սա ապատեղեկատվության տարածման դասական մեխանիզմներից մեկն է․ իրական
լուսանկարը չի կեղծվում, սակայն փոխվում է դրա կոնտեքստը։ Լուսանկարը իրական
է, բայց դրան վերագրվում է կեղծ ինքնություն և պատմություն։
Իսկ հիմա եկեք պարզենք, թե ինչպե՞ս է կեղծ տեղեկությունը դառնում
տարածվող նարատիվ
Այս դեպքն առանձնահատուկ է նաև տարածման ծավալով։
CivilNetCheck-ը նշում է, որ հրապարակումներից մեկը, որը տարածվել էր մարտի 18
ին, հավաքել էր շուրջ 2300 արձագանք, 266 մեկնաբանություն, 1100 տարածում և
ավելի քան 636 հազար դիտում։ Մեկ այլ՝ ապրիլի 28-ի հրապարակում հավաքել էր
հազարավոր արձագանքներ և տարածումներ։
Այս թվերը ցույց են տալիս, որ ապատեղեկատվության տարածման համար
պարտադիր չէ, որ նյութը հրապարակվի մեծ լրատվամիջոցում։ Սոցիալական ցանցերի
միջոցով այն կարող է հասնել շատ ավելի մեծ լսարանի։
Այս դեպքում կարևոր է նաև տարբերել դիտումը և վստահությունը։ 636 հազար
դիտում չի նշանակում, որ այդքան մարդ հավատացել է պնդմանը։ Սակայն մեծ
տարածումը մեծացնում է հավանականությունը, որ տեղեկությունը կհայտնվի նոր
օգտատերերի լրահոսում և կվերարտադրվի այլ էջերում։
Իսկ որտե՞ղ է այստեղ մանիպուլյացիան
Այս պատմության մեջ կարելի է առանձնացնել առնվազն երեք մանիպուլյատիվ
մեխանիզմ։
Առաջինը՝ իրական լուսանկարի կեղծ կոնտեքստավորումն է։ Լուսանկարն իրական է,
սակայն այն ներկայացվում է որպես մեկ ուրիշ անձի լուսանկար։
Երկրորդը՝ կեղծ կենսագրական մանրամասների ավելացումն է։ Ծննդյան տարեթիվը,
ծննդավայրը, անունը և մահվան ժամանակահատվածը ներկայացվում են այնպես, որ
պատմությունը հնարավորինս կոնկրետ և հավաստի թվա։
Երրորդը՝ քաղաքական անձի ընտանիքի և ծագման շահարկումն է։ Նման պնդումները
սովորաբար միայն կենսագրական տեղեկություն փոխանցելու նպատակ չեն ունենում։
Դրանք կարող են ազդել քաղաքական գործչի նկատմամբ հանրային վերաբերմունքի
վրա՝ հատկապես այն միջավայրում, որտեղ ազգային ինքնության և Ադրբեջանի հետ
հարաբերությունների թեմաները զգայուն են։
Ինչո՞ւ են մարդիկ հավատում նման նյութերին
Ապատեղեկատվությունը միշտ չէ, որ ամբողջությամբ հորինված նյութ է։ Երբեմն դրա
հիմքում դրվում է իրական լուսանկար, իրական անուն կամ իրական պատմական
վայր, իսկ հետո այդ իրական տարրերը միացվում են կեղծ տեղեկության հետ։
Դրա պատճառով նյութը առաջին հայացքից կարող է ավելի համոզիչ թվալ։
Այս դեպքը լավ օրինակ է նաև այն բանի, թե ինչու է լրագրողական աշխատանքում
անհրաժեշտ ստուգել ոչ միայն այն, թե ինչ է պատկերված լուսանկարում, այլև՝ ով է
պատկերված, երբ է լուսանկարվել, որտեղ է հրապարակվել առաջին անգամ և ինչ
կոնտեքստում է այն ստեղծվել։
Fact-check-ը՝ որպես լրագրողական գործիք
Այս պատմությունը ցույց է տալիս, որ փաստերի ստուգումը լրագրողական
աշխատանքի առանձին փուլ է, ոչ թե պարզապես վերջում «ճիշտ» կամ «սխալ» պիտակ
դնելու գործընթաց։
Լրագրողը կարող է սկսել մի պարզ հարցից՝ «ո՞վ է այս լուսանկարում» և գնալ դեպի
սկզբնաղբյուր։
Հետո անհրաժեշտ է համեմատել տարբեր աղբյուրներ՝ պաշտոնական
կենսագրություններ, արխիվացված էջեր, լուսանկարի սկզբնաղբյուր, հրապարակման
ամսաթիվ և տարածման հետքեր։Այս դեպքում հենց այդ մեթոդն է թույլ տալիս տեսնել,
որ սոցիալական ցանցերում շրջանառվող պատմությունը կառուցված է լուսանկարի և
կենսագրական տվյալների մանիպուլյատիվ համադրության վրա։
Մի լուսանկար, բայց մեծ ազդեցություն
«Փաշինյանի մայրը ադրբեջանցի է» պնդման պատմությունը ցույց է տալիս, որ
ժամանակակից ապատեղեկատվության համար պարտադիր չէ ստեղծել բարդ կեղծ
տեսանյութ կամ ամբողջությամբ հորինված փաստաթուղթ։
Երբեմն բավական է վերցնել իրական լուսանկարը, փոխել դրա պատմությունը,
ավելացնել մի քանի կոնկրետ թվեր և անուններ ու տարածել այն սոցիալական
ցանցերում։
Այդ իսկ պատճառով ապատեղեկատվության դեմ պայքարում կարևոր է ոչ միայն
ինքներս մեզ հարցնել՝ «այս տեղեկությունը ճի՞շտ է», այլ նաև՝ «ո՞վ է այն առաջինը
հրապարակել, ինչ աղբյուրի վրա է հիմնված, ինչպե՞ս է տարածվել և ի՞նչ նպատակով է
այն ներկայացվում հենց այս ձևով»։
Այս դեպքը ցույց է տալիս, որ մեկ լուսանկարի ճանապարհը կարող է շատ ավելի երկար
լինել, քան թվում է առաջին հայացքից՝ «Առասպելական արխիվից» մինչև՝ Facebook
յան հազարավոր դիտումներ, տարածումներ։
Լրագրող՝ Սարգիս Ասատրյան
#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Նյութերի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն ISHR Հայաստան կազմակերպությունը







