Հայցվոր ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունը հայց է ներկայացրել ընդդեմ Մելիքսեթ Զորյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու, այդ բաժնային չափի վրա բռնագանձում տարածելու և հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի վերաբերյալ։
Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 06.12.2013 թվականին ընդունվել է վարույթ։
28.02.2023 թվականին, ժամը՝ 12։00-ին, նշանակված էր հերթական դատական նիստը։
Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ դատական նիստը նախագահող դատավորին՝ հայտնելով դատական նիստը լուսանկարահանելու ցանկության մասին։ Նիստը բացելուց հետո դատավորը, կոպտորեն խախտելով քաղաքացիադատավարական ընթացակարգը, մերժեց դիտորդի խնդրանքը՝ նշելով, որ դատարանը նպատակահարմար չի համարում թույլատրել լուսանկարահանումը:
Դատական նիստի բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը զեկուցեց, որ կողմերը չեն ներկայացել դատական նիստին։ Պատասխանողին ուղղված դատական ծանուցումը հետ է վերադարձվել, այսինքն՝ պատշաճ ծանուցում չի ապահովվել։
Հարկ է նշել, որ 2013 թվականից սկսած պատասխանողին հասցեագրված բոլոր ծանուցումները հետ են վերադարձվել։ Այս հանգամանքից ելնելով հայցվոր կողմը 26․02․2014 թվականին միջնորդություն է ներկայացրել պատասխանող կողմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, որը բավարարվել է դատարանի կողմից։
Գործը կասեցված է եղել մինչև 2021 թվականը և վերսկսվել է 10․09․2021 թվականին։
Անհրաժեշտ է նշել, որ սույն գործը քննվում է ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության կիրառելի օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Այս իմաստով, օրենսդրության կիրառելիության տեսանկյունից թյուրընկալում է ձևաևորվում, քանի որ դատական ծանուցումները տարիներ շարունակ հետ են վերադառնում, այսինքն՝ գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերացված չեն։
Դատարանը, ելնելով այն հանգամանքից, որ դատական նիստին կողմերից որևէ մեկը չի ներկայացել, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի ուժով որոշում կայացրեց գործի քննությունը հետաձգելու մասին:
Դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի կողմերին։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի մարտի 15-ին, ժամը՝ 11։00-ին։