Երեք ընտրատեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը և ԲՀԿ-ի անցողիկ շեմը․ ի՞նչ են ցույց տալիս թվերը

101

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քննարկումների առարկա դարձան երեք ընտրատեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը և դրա հնարավոր ազդեցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ազգային ժողով անցնելու վրա։ Քաղաքական վեճում միախառնվեցին պաշտոնական արդյունքները, տեղամասերում արձանագրված դեպքերը, թվաբանական հաշվարկներն ու կողմերի նպատակների վերաբերյալ մեկնաբանությունները։
Անձամբ ներկա գտնվելով 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին՝ Երևանի ընտրատեղամասերից մեկում, ականատես եղա թափանցիկ և արդար քվեարկության։ Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց՝ ստանալով զգալի մեծամասնություն՝ 726 819 ձայն։
Քվեարկությունն անցկացվում էր տեսախցիկների հսկողությամբ և առցանց տեսահեռարձակմամբ։ Իմ գտնված ընտրատեղամասում, ինչպես նաև մյուս բոլոր ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները՝  հանձնաժողովի անդամներ և վստահված անձինք, մեծամասնություն էին կազմում։
Կուսակցությունների ներկայացվածությունը հետևյալն էր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ուներ հանձնաժողովի երկու անդամ և երկու վստահված անձ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքից ներկա էին երեք վստահված անձ՝ նախատեսված երկուսի փոխարեն։ Այդ խախտումն արձանագրվելուց հետո նրանցից մեկը դուրս հրավիրվեց ընտրատեղամասից։ «Հայաստան» դաշինքն ուներ հանձնաժողովի երկու անդամ և երկու վստահված անձ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ հանձնաժողովի երկու անդամ, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ երկու վստահված անձ։

Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նշանակված, չեզոքություն պահպանելու պարտավորություն ունեցող հանձնաժողովի որոշ անդամներ, իմ դիտարկմամբ, ունեին ընդգծված ընդդիմադիր հայացքներ և ընդմիջումների ընթացքում մեզ հետ զրույցներում հակաիշխանական քարոզ էին իրականացնում։ Թե ինչպիսի պայմաններում էր ընթանում քաղաքական ուժերի մրցակցությունն այդ ընտրատեղամասում, եզրակացությունը թողնում եմ ընթերցողին։

Ժամը 20։00-ին ընտրատեղամասի դռները փակվեցին, որից հետո սկսվեց քվեների հաշվարկը՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ներկայությամբ և տեսախցիկների հսկողությամբ։ Հաշվարկի ընթացքում ներկայացված քաղաքական ուժերի վստահված անձինք յուրաքանչյուր կես ժամը մեկ, երբեմն՝ ավելի հաճախ, կապի միջոցներով իրենց ղեկավարներին հաղորդում էին թարմացվող տվյալները։
Այս հանգամանքի շուրջ ևս մի խոսույթ ձևավորվեց․ իբր վարչապետը, քվեների հաշվարկը դեռ չավարտված, արդեն տիրապետում էր ընտրությունների արդյունքներին։ Մինչդեռ խոսքը հաշվարկի ընթացքում ստացվող նախնական տվյալների մասին էր, որոնք հասանելի էին ոչ միայն նրան, այլև ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ունեցող բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներին, ինչն օրինաչափ բնույթ էր կրում։
Կարծում եմ՝ տվյալ ընտրատեղամասում ներկա ընդդիմադիր հանձնաժողովականներն ու վստահված անձինք ևս կարող են վկայել իրենց աչքի առաջ ընթացած քվեարկության և հաշվարկի թափանցիկության մասին։
Երբ հաշվարկվող արդյունքներից պարզ դարձավ, որ ձայների մեծամասնությունը ստանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և ընդդիմության պարտությունն անխուսափելի է, «Ուժեղ Հայաստան» դաշինքը բողոք ներկայացրեց մի շարք ընտրատեղամասերում արձանագրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ։
Ուշագրավ եմ համարում այն, որ նման բողոք ներկայացնում էր մի քաղաքական ուժ, որի ներկայացուցիչների առնչությամբ, ըստ շրջանառված տեղեկությունների, ընտրակաշառք բաժանելու փաստերով բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։ Շրջանառվում էին նաև տեղեկություններ՝ Ռուսաստանից հազարավոր մարդկանց ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան բերելու, նրանց կացությունն ապահովելու և իրենց օգտին քվեարկելու դիմաց գումար բաժանելու մասին։
Ըստ ընդդիմադիր ուժի պնդման՝ թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրատեղամասերում զինծառայողները քվեարկության էին մտել ժամը 20։00-ից հետո։ Մինչդեռ տեսախցիկների ուղիղ հեռարձակումը և արդեն իսկ պահպանված տեսաձայնագրությունը փաստում են, որ նրանք ժամը 19։56-ին արդեն ընտրատեղամասում էին (նկարը կից)։

Ինչպես հայտնի է, մինչև ժամը 20։00-ն ընտրատեղամաս մուտք գործած ընտրողներն իրավունք ունեին ավարտելու քվեարկությունը։Այս ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն, իմ կարծիքով, հարցեր է առաջացնում և առանձին ուսումնասիրության կարիք ունի։ Իմ գնահատմամբ՝ գործող իշխանությունը զինծառայողների շրջանում աջակցություն ունի՝ նաև իր կառավարման ընթացքում նրանց հագուստի, սննդի և ֆինանսական պայմանների բարելավման շնորհիվ։ Հետևաբար, այդ ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը կարող էր բացասաբար անդրադառնալ առաջին հերթին «Քաղաքացիական պայմանագրի» ստացած ձայների վրա։
Թիվ 12/13 ընտրատեղամասում բացակայել էր թիվ 8՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկը։ Այս հանգամանքը ևս, իմ կարծիքով, պարզաբանման կարիք ունի, քանի որ այս քաղաքական ուժն առհասարակ մրցակիցների շարքում չէր։

Այսպիսով, նշված երեք ընտրատեղամասերում էլ ձայների զգալի մեծամասնությունը ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Անվավեր ճանաչված արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ձայները բաշխվել էին հետևյալ կերպ․
— Թիվ 10/51 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 630 ձայն, «Բարգավաճ Հայաստան»՝ 131 ձայն։
— Թիվ 12/13 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 602 ձայն, «Բարգավաճ Հայաստան»՝ 9 ձայն։
— Թիվ 35/65 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 593 ձայն, «Բարգավաճ Հայաստան»՝ 82 ձայն։
Ներկայացված տվյալներով՝ ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր 58287 ձայն, որը կազմում է 3,98 տոկոս։ Ինչպես հայտնի է, խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ էր հաղթահարել 4 տոկոսի շեմը, այսինքն ցուցանիշների տարբերությունը կազմում է 0,02 տոկոսային միավոր։
Պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարելով պարզ է դառնում, որ 58287 քվեի 0,02 տոկոսը կազմում է 293 քվե, մինչդեռ չեղարկված երեք ընտրատեղամասերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեների ընդհանուր հանրագումարը կազմել է 222 քվե։ Այսինքն ստացվում է, որ եթե անգամ այդ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները չչեղարկվեին, կուսակցությունն այդուհանդերձ չէր կարողանալու հաղթահարել անցումային շեմը։
Չնայած դրան՝ շրջանառության մեջ դրվեց այն պնդումը, թե նշված ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր էին ճանաչվել հենց այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունն այնտեղ ստացել էր խորհրդարան անցնելու համար բավարար թվով ձայներ։
Եթե արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքը, ինչպես ներկայացվում է, հենց «Ուժեղ Հայաստան» դաշինքի բողոքն էր, ապա նույն ուժի հետագա քննադատությունը հակասական է թվում․ ստացվում է, որ այն դժգոհում էր իր իսկ բողոքի հետևանքներից։
Իմ գնահատմամբ՝ նման խոսույթի նպատակը հանրության ուշադրությունն իրական քաղաքական շահերից շեղելն ու պատասխանատվությունը գործող իշխանության վրա դնելն էր։ Ընդդիմությանը հաջողվեց այդ մեկնաբանությունը տարածել նաև շարունակական մեդիաարշավների միջոցով, որոնք հաճախ կրում են կեղծ տագնապային բնույթ և ֆեյք-նյուզի տրամաբանության մեջ են։ Նույն տրամաբանությունն եմ տեսնում նախկինում շրջանառված 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ենթադրյալ քանդման և բազմաթիվ այլ մանիպուլյատիվ պնդումների մեջ։
Իմ կարծիքով՝ նշված ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման քաղաքական շահառուն ընդդիմությունն էր, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում էր զգալի թվով ձայներ։ Ենթադրաբար գլխավոր նպատակը կուսակցության՝ սահմանադրական մեծամասնություն կազմելու հնարավորությունը սահմանափակելն էր, մինչդեռ հանրային քննարկումը կենտրոնացվեց Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարան անցնելու հարցի վրա։
Քաղաքական գործողությունների գնահատման համար անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն հրապարակային հայտարարությունները, այլև դրանց հետևանքներն ու շահագրգիռ կողմերի վարքագիծը։ Ներկայացված հանգամանքների հիման վրա իմ եզրակացությունն այն է, որ ընդդիմությունը փորձեց այս գործընթացը ներկայացնել իրեն շահավետ մեկնաբանությամբ՝ կրկին մոլորեցնելով իր լսարանին։

Գոհար Խաչատրյան

նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում, նյութերի  բովանդակության համար պատասծանատու է միայն ՄԻՄՀ Հայաստան կազմակերպությունը։

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ

 

0 0 ձայներ
Article Rating
Բաժանորդագրվել
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted