Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութը, որը ներկայացվում է որպես Գերմանիայի պատգամավոր Ռենե Շպրինգերի ելույթ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հասցեին քննադատություններով, իրականում վերաբերում է ներգաղթի քաղաքականությանը, դրա տնտեսական հետևանքներին և Գերմանիայի սոցիալական համակարգին։ Տեսանյութը տարածվել է ռուսալեզու կեղծ թարգմանությամբ և մոլորեցնող վերնագրով, ինչի արդյունքում օգտատերերի մոտ ձևավորվել է ելույթի իրական բովանդակությանը չհամապատասխանող տպավորություն։
Ինչի՞ մասին է իրականում ելույթը
Ռենե Շպրինգերը Գերմանիայի Բունդեսթագում ելույթ է ունեցել 2026 թվականի հոկտեմբերի 15-ին՝ 102-րդ լիագումար նիստի ընթացքում։ Քննարկվել է «Գերմանիայի միգրացիոն հաշվեկշիռ․ գնահատել ներգաղթի ծախսերն ու օգուտները» խորագրով առաջարկը։ Ելույթի ընթացքում պատգամավորը խոսել է հարկային բեռի, կենսաթոշակային համակարգի, սոցիալական նպաստների, առողջապահության ոլորտի խնդիրների, ներգաղթի տնտեսական ազդեցության և պետական ծախսերի մասին։
Նա քննադատել է Գերմանիայի գործող միգրացիոն քաղաքականությունը՝ պնդելով, որ ներգաղթի տնտեսական օգուտներն ու դրա հետ կապված պետական ծախսերը պետք է համակողմանիորեն գնահատվեն։ Շպրինգերը որպես օրինակ բերել է Դանիան՝ նշելով, որ այնտեղ ուսումնասիրվում են ներգաղթյալների ֆինանսական ներդրումները և պետության կողմից նրանց համար կատարվող ծախսերը։ Նա կոչ է արել նմանատիպ ուսումնասիրություն իրականացնել նաև Գերմանիայում։
Ելույթի ամբողջական տարբերակում պատգամավորն անդրադառնում է նաև սոցիալական ապահովության համակարգին, աշխատուժի պակասին, կենսաթոշակային խնդիրներին և ներգաղթի վերաբերյալ քաղաքական քննարկումներին։ Զելենսկու կամ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասին այնպիսի խոսք, ինչպիսին ներկայացվում է տարածվող տեսանյութի վերնագրում, ելույթի մեջ չկա։

Ինչպե՞ս է տարածվել մոլորեցնող տեսանյութը
Ըստ ուսումնասիրության՝ տեսանյութը Facebook-ում տարածվել է «Ēriks Braslis» անունով էջի միջոցով։ Հրապարակման ռուսալեզու վերնագիրը՝ «РЕЧЬ НЕМЕЦКОГО ДЕПУТАТА ПРО ЗЕЛЕНСКОГО И УРСУЛУ ФОН ДЕР ЛЯЙЕН — “КОМИК И НАДЗИРАТЕЛЬНИЦА”», հայերեն թարգմանությամբ ներկայացվում է որպես՝ «Գերմանացի պատգամավորի ելույթը Զելենսկու և Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասին․ “Կոմիկը և վերահսկողուհին”» ։
Այս վերնագիրը դիտողին նախապես տրամադրում է որոշակի ընկալման և ուղղորդում է նրան տեսանյութը դիտել որպես նշված քաղաքական գործիչների հասցեին ուղղված քննադատություն։ Սակայն իրական ելույթը վերաբերում է բոլորովին այլ թեմայի։ Այսինքն՝ մոլորեցման համար օգտագործվել է իրական քաղաքական ելույթի տեսանյութը, սակայն դրան կցվել է կեղծ ներկայացում և ռուսերեն ձայնային թարգմանություն։
Facebook-ի հրապարակումը տարածվել է 2026 թվականի նոյեմբերի 1-ին։ Այն ունեցել է ավելի քան 65 հազար հավանում, 265 մեկնաբանություն, շուրջ 14 հազար տարածում և 9,200 պահպանման գործողություն։ Տեսանյութի դիտումները հասել են մոտ 1.4 միլիոնի։ Այս թվերը ցույց են տալիս, թե որքան մեծ լսարան է հասել մոլորեցնող հրապարակումը։

Facebook-ի էջի ուսումնասիրություն․ ի՞նչ է հայտնի հրապարակողի մասին
Ուսումնասիրության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Ēriks Braslis» Facebook էջի կենսագրությանը։ Էջի օպերատորի ինքնության և մասնագիտական գործունեության վերաբերյալ հրապարակային տեղեկությունները սահմանափակ են։ Կենսագրությունում նա
ներկայացված է որպես թվային բովանդակություն ստեղծող (Digital Content Creator), սակայն հստակ տեղեկություններ չեն ներկայացվում նրա լրագրողական փորձի, մասնագիտական գործունեության կամ հրապարակումների խմբագրական պատասխանատվության վերաբերյալ։

Կենսագրությունում նշված են Լատվիայի մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ Dviete և Viesīte, ինչպես նաև կրթական հաստատությունների անուններ, սակայն դրանք չեն տալիս բավարար տեղեկություն՝ էջի օպերատորի ինքնությունը կամ մասնագիտական գործունեությունը հաստատելու համար։
Ուսումնասիրության պահին էջն ունեցել է մոտ 8,400 հետևորդ։ Սակայն հետևորդների քանակը չի կարող դիտարկվել որպես հրապարակումների հավաստիության կամ էջի ադմինիստրատորի ինքնության հաստատում։ Էջի կենսագրության մեջ առկա թերի տեղեկությունները ինքնին չեն ապացուցում, որ այն կեղծ էջ է, բայց չեն թույլատրում նաև վստահորեն հաստատել հրապարակողի ինքնությունը կամ մասնագիտական վստահելիությունը։
Մեկնաբանությունների ուսումնասիրություն․ ինչպե՞ս են արձագանքել օգտատերերը
Տեսանյութի մեկնաբանությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ օգտատերեր հրապարակման բովանդակությունն ընդունել են որպես իրականություն և դրական արձագանքել ներկայացված խոսքին։ Մեկնաբանություններում մարդիկ հավանություն են տվել պատգամավորի ենթադրյալ խոսքերին, արտահայտել իրենց աջակցությունը և կիսվել քաղաքական կարծիքներով։

Միևնույն ժամանակ, մեկնաբանությունների հատվածում եղել են նաև օգտատերեր, որոնք նկատել են անհամապատասխանությունը և կասկածի տակ դրել տեսանյութի թարգմանությունը։ Որոշ մեկնաբանություններում նշվել է, որ պատգամավորը իրականում այլ բան է ասում, և տարածվող թարգմանությունը չի համապատասխանում ելույթի բովանդակությանը։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ մոլորեցնող վերնագիրն ու թարգմանությունը կարող են ազդել օգտատերերի ընկալումների վրա․ հատկապես այն դեպքում, երբ լսարանը չի հասկանում ելույթի բնօրինակ լեզուն և չի ստուգում սկզբնաղբյուրը։
Տեսանյութը տարածվել է նաև YouTube-ում
Facebook-ում տարածված տեսանյութի հղումը օգտատերերին ուղղորդել է դեպի նույն բովանդակության YouTube տարբերակը։ Այն հրապարակվել է «Zapad LIVE» ալիքում՝ ռուսալեզու ձայնային թարգմանությամբ և նույն մոլորեցնող վերնագրով։
Նյութում ներկայացված տվյալների համաձայն՝ YouTube-ում տեսանյութը հրապարակվել է 2026 թվականի հոկտեմբերի 29-ին։ Այն ունեցել է 685,055 դիտում և 24,581 հավանում։ Տեսանյութի վերնագիրը կրկին ներկայացնում է այն որպես Զելենսկու և ֆոն դեր Լայենի մասին ելույթ՝ չնայած իրականում պատգամավորի խոսքը վերաբերում է ներգաղթի քաղաքականությանը։
Ուշագրավ է նաև, որ YouTube-ի տեսանյութի նկարագրության մեջ տեղադրված է նախազգուշացում, ըստ որի՝ բովանդակությունը նախատեսված է զվարճանքի նպատակներով, իսկ ներկայացված անձինք և իրադարձությունները հեղինակային մեկնաբանության մաս են կազմում։ Այսպիսի նշումը կարևոր է, քանի որ հակասում է տեսանյութի վերնագրի՝ որպես իրական քաղաքական ելույթի ներկայացման ձևին։

Ի՞նչ է հայտնի Zapad LIVE YouTube ալիքի մասին
Ալիքի կենսագրության ուսումնասիրության համաձայն՝ Zapad LIVE-ը ներկայացվում է որպես միջազգային քաղաքականության, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի, հակամարտությունների, տնտեսության և միջազգային հարաբերությունների մասին բովանդակություն հրապարակող հարթակ։ Ալիքի նկարագրությունում նշվում է, որ այն նպատակ ունի ներկայացնել քաղաքական վերլուծություններ՝ փաստերի և բաց աղբյուրների հիման վրա։
Ալիքի տվյալներում նշված է, որ այն ստեղծվել է 2025 թվականի հոկտեմբերի 28-ին, և որպես գտնվելու երկիր նշված է Գերմանիան։ Ուսումնասիրության պահին ալիքն ունեցել է մոտ 3.7 միլիոն ընդհանուր դիտում։
Ալիքի նկարագրության մեջ տեղադրված է նաև հղում մեկ այլ YouTube ալիքի՝ «АНАЛИТИК_ВАСИЛИЙ_СЕМЕНОВ»-ի։ Այս տվյալները ներկայացնում են ալիքի հրապարակային նկարագրությունն ու գործունեության որոշ առանձնահատկությունները, սակայն ինքնին չեն հաստատում ալիքի քաղաքական կապերը կամ որևէ կազմակերպության կողմից ղեկավարվելու փաստը։

Նույնատիպ վերնագրեր և հրապարակումների ձևաչափ
Ուսումնասիրության մեջ ուշադրություն է դարձվել նաև YouTube ալիքի մյուս հրապարակումներին։Տեսանյութերը հաճախ ունեն նմանատիպ ձևաչափով վերնագրեր և շապիկներ՝ քաղաքական գործիչների պատկերներով, ընդգծված գրություններով և սենսացիոն բնույթի արտահայտություններով։
Այս ձևաչափը կարող է նպաստել դիտումների ավելացմանը՝ օգտատիրոջ ուշադրությունը գրավելով հակասական կամ սադրիչ վերնագրերի միջոցով։ Սակայն միայն նման ձևաչափի կիրառումը չի ապացուցում, որ ալիքի բոլոր հրապարակումները ապատեղեկատվություն են։ Տվյալ դեպքում խնդիրը կոնկրետ տեսանյութի բովանդակության և դրա ներկայացման միջև առկա անհամապատասխանությունն է։

Ինչպե՞ս է բացահայտվել խեղաթյուրումը
Տեսանյութի սկզբնաղբյուրը հայտնաբերվել է՝ համադրելով տարածվող կադրերը և Գերմանիայի «Alternative für Deutschland» (AfD) խորհրդարանական խմբակցության պաշտոնական YouTube ալիքում հրապարակված բնօրինակ ելույթը։
Համեմատության ընթացքում համընկել են պատգամավորի հագուստը, շարժումները, խոսափողի մոտ դիրքը, ինչպես նաև նրա հետևում նստած անձանց դիրքերն ու հագուստը։ Սա թույլ է տվել հաստատել, որ տարածվող տեսանյութում օգտագործված կադրերը վերցված են իրական ելույթից, սակայն դրանց ուղեկցող ռուսերեն թարգմանությունն ու վերնագիրը խեղաթյուրում են բովանդակությունը։
Բացի այդ, ուսումնասիրության համաձայն՝ բնօրինակ ելույթը տևում է մոտ 7 րոպե 14 վայրկյան, մինչդեռ ռուսերեն ձայնային տարբերակը՝ 13 րոպե 22 վայրկյան։ Համեմատության արդյունքում պարզվել է, որ տարածվող տեսանյութում սկզբնական կադրերի ավարտից հետո որոշ հատվածներ կրկնվում են։ Այս տարբերությունը ևս լրացուցիչ հարցեր է առաջացնում տեսանյութի պատրաստման և խմբագրման եղանակի վերաբերյալ։
Ռուսերեն ձայնային հատվածը ստուգվել է Hive Moderation արհեստական բանականության հայտնաբերման գործիքի միջոցով, որի արդյունքով ձայնի՝ AI-ով ստեղծված լինելու հավանականությունը գնահատվել է 97.5%։
Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է իրական տեսանյութը դառնալ ապատեղեկատվության տարածման միջոց՝ կեղծ վերնագրի, խեղաթյուրված թարգմանության, համատեքստի փոփոխության և սոցիալական ցանցերում լայն տարածման միջոցով։ Տեսանյութը ներկայացվել է որպես Զելենսկու և Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասին խոսք, մինչդեռ սկզբնաղբյուրում պատգամավոր Ռենե Շպրինգերը քննարկում է ներգաղթի քաղաքականությունը, պետական ծախսերը և սոցիալական համակարգը։
Facebook-ում հրապարակման շուրջ հավաքված մեծ թվով դիտումներ, հավանումներ, տարածումներ և YouTube-ում դրա շարունակական տարածումը ցույց են տալիս, թե որքան արագ կարող է մոլորեցնող բովանդակությունը հասնել լայն լսարանի։ Իսկ էջերի և ալիքների կենսագրությունների ուսումնասիրությունը կարևոր է դրանց գործունեության մասին պատկերացում կազմելու համար, սակայն պետք է հիշել, որ ոչ թերի կենսագրությունը, ոչ էլ մեծ թվով հետևորդները ինքնին չեն ապացուցում հրապարակման ճշմարտացիությունը կամ կեղծ լինելը։
Տեղեկատվության ստուգման համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն հրապարակման վերնագիրը, այլև սկզբնաղբյուրը, տեսանյութի ամբողջական տարբերակը, բնօրինակ լեզուն, թարգմանությունը, հրապարակողի տվյալները և այլ անկախ աղբյուրներ։ Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է մեդիագրագիտության և քննադատական մտածողության կարևորությունը՝ սոցիալական ցանցերում քաղաքական բովանդակության սպառման ժամանակ։
Սարգիս Ասատրյան
նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck



