Մերին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից է

187

Մերիի ամբողջ կյանքն անցել է Արցախում։ Ծնվել է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։ Դպրոցն ավարտել է միջնակարգում, շարունակել է Արցախի պետական համալսարանում, այնուհետև ամուսնացել է, և 2009թ․-ից ապրել են Մարտակերտ քաղաքում։ Աշխատել է՝ ուսուցչուհի։

Նրա արմատներն Արցախում շատ երկար են ձգվում՝ առնվազն՝ պապի պապը ծնվել և ապրել է Արցախում։ Երբեք չի ցանկացել ծննդավայրից դուրս գալ՝ ո՛չ հայրական ընտանիքից, ո՛չ էլ առավել ևս իր ստեղծածից։ Երիտասարդ ընտանիք են, ունեն երկու աղջիկ։ Ամուսինը զինծառայող է, միշտ շեշտել է, որ պետք է սահմանին լինի, իր թշնամուն տեսնի, այդ պատճառով չունեին մտադրություն, որ նույնիսկ ՀՀ-ում փոքրիկ տուն կամ սեփականություն ունենային։ Տարին մի քանի անգամ էին գալիս այստեղ հանգստանալու ու նորից վերադառնում հայրենիք։

Բլոկադայի ողջ ընթացքում Մարտակերտում էին։ Չարաբաստիկ օրը՝ սեպտեմբերի 19-ին՝ դպրոցում  դասի էին, երբ սկսվեց ամեն ինչ։ Նկուղից նկուղ են տեղափոխվել։ Ամուսնու հաշվարկներին հետևելով (ինչ-որ դադարից հետո են արկերը նորից ընկնում)՝  դպրոցի նկուղից տեղափոխվել են շենքի նկուղ, էդպես առավոտյան դուրս են եկել, եկել են Ստեփանակերտ։

«Ընդհանրապես բոլոր պատերազմներին մենք շատ ուշ էինք դուրս գալիս,- ասում է Մերին,- որովհետև ամուսինս միշտ դիրքերում էր, չէր գալիս մեր հետևից, էդպես մնում էինք մինչև գար։ Իսկ այս անգամ, որ ասում էին՝ ով կարող է թող իր միջոցներով գնա Ստեփանակերտ, էնտեղից ինքնաթիռով կուղարկենք, էդպես չեղավ իհարկե, այդ ժամանակ ամուսինս ջղայնացած ասաց, «այ աղջիկ, ես չեմ գալու, երեխեքին հանի»։ Էդպես շուտ դուրս եկանք։ Արդեն սեպտեմբերի 23-ին հնարավոր եղավ, եկանք Հայաստան։ Այդ մի քանի օրն ապրել ենք հյուրանոցներում, համալսարանի միջանցքներում՝ աթոռների վրա», — պատմում է Մերին։

Բլոկադայի վերջին ամիսները արդեն շատ դժվար էր, նույնիսկ հացը արդեն չկար։ «Եթե մնայինք մի երկու շաբաթ էլ, արդեն չէր լինի, որովհետև չկար բենզին, գազ՝ մեքենաների տեղափոխման համար, լվացքի փոշի չունեինք, ջուր չկար այգու համար, ցորենը քիչ էր։ Գիտե՞ք՝ ինչպես էր, ով ում ծանոթ էր կարողանում էին մասնաբաժին հասցնել, զոռով բերում էին, պետք է տանեինք Ստեփանակերտ աղալ տայինք՝ սև ալյուր, սպիտակը չկար։ Մի խոսքով՝ ահավոր էր։»

2020 թվականից հետո թուրքերը լավ հաշվարկ էին արել, խցկված էին Մարտակերտում՝ շատ մոտ էին՝ մոտավոր 3 կմ-ի վրա, բայց Մերիի ընտանիքի անդամներն արդեն սովոր էին՝ թե՛ կրակոցներին, թե՛ լուսանկարող բայրաքթարներին, նաև Մերին ընդգծում է, որ ազատ էին, քանի որ իրենց հողում էին, իրենց ծննդավայրում։ Բացարձակ չէին պատկերացնում, որ այսպես կլինի։

Իրենց ասվել էր, որ ժամանակավոր տեղափոխվեն Ստեփանակերտ՝ անվտանգության նկատառումներով, ինչ-որ ժամանակից հետ կվերադառնան, բայց ճամփի կեսից՝ ասացին, որ էլ հետ չեք գնա։ Տանից ոչ մի բան չեն կարողացել տեղափոխել։ Ասում է, — «Միայն դասից գալիս՝ Արցախի պատմություն անունով նոր դասագիրք էինք ստացել, դա էի վերցրել։ Ճիշտն ասած այդ փոքր պայուսակը(փաստաթղթեր, կարևոր իրեր, երեխաների շորեր) երբեք ես չէի ուզում պատրաստ պահել ու չէի վերցնում, որովհետև միշտ պիտի նայեի ու մտածեի, որ հեսա պիտի վերցնեմ ու դուրս գամ։ Բայց այս անգամ երեխեքը արդեն մի քիչ մեծ էին, իրենք էին դասավորում իրենց անձնագրերը, պապայի պատվոգրերը ու վերցրինք այն, ինչ պետք էր»։

Մերիի ընտանիքը հաստատվեց Չարենցավանում՝ ուսուցչի աշխատանքի առաջարկ ստանալուն  պես, իսկ ամուսինը՝ այժմ էլ զինվորական է։ Ապրում են վարձով՝ գոնե ձգտում են ունենալ իրենց սեփականը, իսկ որոշակի փաստաթղթային խնդիրներ դեռ լուծման փուլում են։

 

Անի Մարգարյան

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments