Նունե Գալստյանը (անունը, ազգանունը փոփոխված են) 38 տարեկան է, արմատներով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից է, ինքն էլ ծնվել է Հրազդանում: Նունեի պատմությունը ներկայացնում ենք նրա բառերով.
«Տասը տարեկան էի, երբ ծնողներիս հետ տեղափոխվեցինք Շուշի:
Շուշիում հաճախեցի դպրոց, հետո ամուսնացա, ծնվեցին երեք երեխաներս: Մեկ աղջիկ և երկու տղա ունեմ:
Ամուսնական կյանքս չի ստացվել, ամուսնալուծվել եմ, միայնակ եմ մեծացրել երեխաներիս:
Երեխաներս արդեն հասուն են, աղջիկս ամուսնացած է, սրդեն տատիկ եմ:
Ապրում էինք մամայիս հետ՝ իմ հայրական տանը: Տղաներս զբաղվում էին հողագործությամբ, ես առողջական խնդիրների պատճառով չէի աշխատում, զբաղվում էի տան գործերով, հայաթն էի խնամում:
Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով ստիպված եղանք դուրս գալ տնից, թողեցինք մեր հողամասը, քաղաքը, տեղափոխվեցինք Ստեփանակերտ: Փորձեցինք նորից տունուտեղ լինել, բայց, 2023 թվականին ստիպված եղանք դուրս գալ Ստեփանակերտից: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը մեր ընտանիքը կարողացավ դիմանալ, սննդի պաշար դեռ ունեինք, բայց, չգիտեինք՝ ինչքան էր տևելու շրջափակումը:
Ինչպես մյուս արցախահայերը, մենք էլ եկանք Հայաստան: Այժմ մամայիս և տղաներիս հետ ապրում ենք Հայաստանի Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ վարձակալած առանձանատանը: Պետությունը ամենքիս հաշվով ամսական տալիս է 50.000 դրամ աջակցություն, տղաներս էլ աշխատում են խանութում և գորգի գործարանում: Թեկուզ, դժվարությամբ, բայց, կարողանում ենք վճարել տան վարձը, կոմունալ վճարները, քչից-շատից հասցնում ենք ապրել: Չենք դժգոհում, սպասում ենք, որ մի օր պետությունը մեզ էլ տուն կհատկացնի, բայց, թե մեզնից առաջ ավելի կարիքավորներ կան»: