Գայանեն (անունը փոխված է) սեպտեմբերի 24-ին է ընտանիքի հետ միասին տեղափոխվել Հայաստան՝ հիմնական բնակության։
Մանկության տարիները՝ մինչև 10 տարեկան, անցկացրել է Հրազդանում, այնուհետև ընտանիքի և 7 քույրերի հետ հաստատվել են Արցախում, այստեղ էլ ամուսնացել է, լույս աշխարհ բերել երեք երեխաների՝ երկու տղա, մեկ աղջիկ։
Իր հայրենիքում՝ Շուշիում, ապրել է բավականին երկար տարիներ։ Գայանեի պապերը 1988 թվականի պատերազմից հետո էին տեղափոխվել Արցախ։ Մինչև 2023 թվի կռիվը ապրել են Շուշիում, այնուհետև տեղափոխվել են Ստեփանակերտ՝ վարձով ապրելու։
Շուշիում իրենց միշտ լավ են զգացել, երջանիկ, հարազատ հողի վրա, «բա ապրել ես, քո հայրենիքն է, ո՞նց չսիրես», — պնդում է Գայանեն։
Ամիսներ տևած բլոկադայի ընթացքում մի կերպ հաղթահարել են բոլոր դժվարությունները։ «Մարդ ա եղել, խնայողություններով ապրել ա, մարդ ա եղել՝ ոչմիբան չի ունեցել, բայց էլի ապրել ա, մեկմեկու օգնել ենք էլի։ Մենք հիմնականում ունեցել ենք խնայողություն, շատ վատ վիճակ չի եղել մեզ մոտ, եթե ինչ-որ բաներ էլ վերջացել են, չենք գտել, սպասել ենք բացեն ճանապարհները, բայց․․․ վերջում կռիվ դարձավ»։
Թուրքից կես ժամ հեռավորության վրա են ապրել Ստեփանակերտում։ «Ով ոնց կարողացել փախել ա, ով չունի՝ չգիտեմ ինչ միջոցներով ա եկել։ Անձամբ ես՝ քրոջս ընտանիքի հետ եմ եկել, իր ամուսնու, 7 երեխեքի, դե պատկերացրեք 3 երեխա էլ ես ունեմ, թե ո՞նց ենք տեղավորվել էդ ավտոյի մեջ, ես էլ չեմ հասկանում։ Մենք ամենավերջին օրերին չեկանք, ճամփեքը բաց էին դեռ համեմատաբար, 24 ժամ եկանք, ոչ հաց էինք վերցրել, ոչ ջուր, պատկերացրել էինք մոտ 3-4 ժամում կհասնենք։ Մյուս քույրս՝ ամենավերջին օրը դուրս եկավ ընտանիքով՝ 9 երեխաներով։ Արդեն թուրքը հասել էր նրանց գյուղ՝ Ճարտար։ Միշտ ասում եմ, որ բախտները բերել է, որ չեն վնասել», — ասում է Գայանեն։
Հիմա արդեն բնակվելով Հայաստանում՝ նրանց վախերը դեռ չեն վերացել։ Երեխաները իրենց թաղամասում խաղալիս՝ ինքնաթիռ տեսնելիս, ամեն անգամ վախից պատսպարվում են, ասում են,- «Մա՜մ, թշնամին եկել ա»։
Գայանեն դեռ աշխատանք չի գտել, քանզի ունի առողջական խնդիրներ նյարդային համակարգի հետ կապված․ ասում է — «ջղայնանում եմ՝ վատանում եմ, ձեռքերս սկսում է դողալ, առաջ մի քիչ մեղմ էր, հիմա անգամ դեղեր եմ խմում։ Աշխատանքի համար չեմ դիմել, դե 3 ժամ կանգնած մնում եմ, արդեն վատանում եմ։ Պետությունից ամենամսյա ստանալիք գումարն է՝ մոտ 50․000 դրամ ու երեխեքն են աշխատում՝ երկու տղաներս, սպասարկման ոլորտում, կարողանում ենք մի կերպ ապրել։ Աղջիկս էլ ամուսնացել է, արդեն թոռնիկ ունեմ։ Էնպես է, որ դեռ ունենք շատ խնդիրներ, բայց աշխատում ենք, որ ամեն ինչ լավ լինի»։
Անի Մարգարյան