Զգուշացի´ր քո հոգեբանից, նա պոտենցիալ վկա է

97

Զգուշացի´ր քո հոգեբանից, նա պոտենցիալ վկա է

 

Ինչպես հայտնի է, հոգեբանությունը հնագույն գիտություն է, որը ժամանակի ընթացքում ապրել է մեծ առաջընթաց: Այսօր արդեն աշխարհը խոսում, ապրում է հոգեբանության լեզվով՝ միտված անձի բարօրությանը: Եվ սա է պայմանավորում հոգեբանների մոտ այցերի այն հոսքը, որը տեսանելի է և օրըստօրե առավել մեծ թափ է ձեռք բերում:

Հոգեբանական աջակցության ինստիտուտը Հայաստանում, թեև երիտասարդ է, այնուամենայնիվ, տարիների ընթացքում, հատկապես, վերջին շրջանում պահանջարկ է ձևավորել իր շուրջը: Մեծ է հոգեբանի ծառայությունից օգտվող անձանց թիվը, և դա հուսադրող է, քանի որ զգայուն, նեղ անձնական հարցերի շուրջ նախընտրելի է խոսել իր կոչումով զգայունության պարտավորություն կրող մասնագետի հետ:

Այո, նման առաջընթացը լավ է, բայց, այն իր ռիսկերն ունի, որոնց մասին մարդը չի իմանում իր հոգեբանից, և մեծ է հավանականությունը, որ հոգեբանն ինքն էլ չգիտի այդ մասին: Խոսքը վերաբերում է քրեական գործով վկայի ինստիտուտին:

Այսպես.

Գիտենք, որ երբ ենթադրյալ հանցանք է կատարվում, քրեական վարույթ է նախաձեռնվում, գործում տուժող ու մեղադրյալ են ներգրավվում: Բացի նրանցից, վարույթ իրականացնող մարմինը ցուցմունք տալու համար կանչում է նաև նրանց, ում ինչ-որ չափով կարող են հայտնի լինել պարզաբանման ենթակա հանգամանքները: Այդ մարդիկ քրեական գործով անցնող վկաներն են:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող որպես վկա հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել: Ցանկը ներառում է տրամաբանության սահմաններում որպես վկա  ներգրավվելու ոչ ենթակա կարգավիճակներ: Օրենսգիրքը զարմանալիորեն  առաջադեմ մոտեցում է ցուցաբերել նաև հավատքի շուրջ կառուցվող՝ ձեռնադրված հոգևորական-խոստովանահոր մոտ ազնվանալու ինստիտուտին: Այսինքն՝ ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների առնչությամբ չի կարող քրեական գործում որպես վկա ներգրավվել:

Օրենսդիրը, անշուշտ, կարողացել է դեկլարատիվ մակարդակում հավասարակշել իրավասու մարմինների՝ հանցագործության կանխման, բացահայտման և անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիությունը պաշտպանելու պոզիտիվ պարտավորությունները: Հակառակ պարագայում, կունենայինք մի իրավիճակ, երբ հոգևորական խոստովանահայրերը, որոնց մոտ եկեղեցու հետևորդները գալիս են խոստովանելու, իրենց անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիքով կիսվելու և մեղքերի համար ներում ստանալու, կկանչվեին վարույթ իրականացնող մարմին և անխնա կպատմեին իրենց հայտնի դարձածի մասին: Դա, նվազագույնը, կառաջացներ անդառնալի ճեղքված եկեղեցի-հավատացյալ փոխհարաբերություններում:

Պետք է խոստովանել, որ նշված իրավակարգավորումը կարևոր երաշխիք է: Սակայն, օրենսդիրը բաց է թողել ոչ պակաս զգայուն համարվող հոգեբան-այցելու փոխհարաբերության հուսալիության երաշխավորման գործընթացը: Այցելուն, որպես անձնական տվյալների սուբյեկտ, իր անձնական և ընտանեկան գաղտնիքով կիսվում է հոգեբանի հետ, միանշանակ, վստահում է նրան և գիտի, որ այդ տեղեկությունները չեն փոխանցվելու որևէ երրորդ անձի: Մյուս կողմից, հոգեբանը հանդիսանում է անձնական տվյալների մշակող և օգտագործող, իսկ նրան հայտնի են դառնում իր այցելուների մասին շատ և շատ անձնական տվյալներ, որոնք նա խոստացել է պահպանել և չտարածել այն:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը անձնական տվյալները մշակողին թույլ է տալիս առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով արգելված չէ, նշանակում է, որ թույլատրված է հոգեբանին քրեական գործում որպես վկա ներգրավվել: Իսկ ինչպես է չափվում այն բավարար պաշտպանության մակարդակը, որը թույլ է տալիս առանց տվյալների սուբյեկտի համաձայնության վերջինիս անձնական տվյալները փոխանցել: Խնդրո պարագայում, որն է այն ծանրակշիռ հիմքը, որը հոգեբանին իրավական երաշխիք է շնորհելու պատմել իր այցելուի հատուկ կատեգորիայի անձնական տվյալների կամ նրա հետ կատարված այլ իրադարձությունների մասին, որը վստահվել է նրան, որովհետև հոգեբան է և խոստացել է գաղտնի պահել իմացածը: Եվ արդյոք հոգեբանը չի կարող թաքցնել իր իմացածը, չէ որ հոգեբանի մոտ այցերը չեն տեսաձայնագրվում:

Պետությունը պետք է հայացք բևեռի այս խնդրին, քանի որ այն ուղղակիորեն վնասում է անձնական տվյալների պաշտպանության գաղափարը, որպես հետևանք նաև ստեղծում է հոգեբանին «տեղեկատու» օգտագործելու կոնֆլիկտային պրակտիկա, որի հաղթահարմամբ, սակայն, չի մերժվում սոցիալական արդարության պաշտպանության և վերականգնման պետության պարտավորությունը:

 

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments