Ինձ տվեք ևս մեկ հնարավորություն

174

Հասարակությունում հանցանք կատարած անձի վերաինտեգրումն ու վերասոցիալականացումն ապահովելը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության խնդիրների առանցքում են: Բայց, այդ խնդիրները «բաց վերք» են, իսկ այն չի հաղթահարվում, ինչու՞…Իրավիճակն առավել պատկերավոր է, երբ վեր ենք հանում ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո ազատված անձանց փորձը:

Կա հստակ ճանապարհային ուղի ազատազրկման դատապարտված և պատիժը կրելուց հետո ազատված, հասարակություն, ընտանիք վերադառնալու մեծ երազանք ունեցող անձին վերասոցիալականացնելու համար. պատժի կրումից հետո անձը վերադառնում է հասարակություն, պետության աջակցությամբ ձեռք է բերում հմտություններ՝ աշխատաշուկա ներգրավվելու համար կամ ունեցած կրթությամբ, հմտություններով ստանում է աշխատանքի առաջարկ: Պետության պարտադիր պահանջով և վերահսկողությամբ ընթացիկ նաև ստանում է հոգեբանասոցիալական խորհրդատվական աջակցություն: Սա է անձի վերասոցիալականացման առաջադեմ և փորձված մոդելը:

ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը նախատեսում է դատապարտյալի սոցիալական վերականգնման հարցերով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը: Պատժից ազատելու նախապատրաստման նպատակով դատապարտյալի հետ նախապես անցկացվում են համապատասխան աշխատանքներ՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի սահմանած կարգով։

Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ընտրած բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնում է դատապարտյալի` պատժից առաջիկա ազատման ժամկետի, նրա աշխատունակության, կրթության, մասնագիտության, ինչպես նաև բնակության վայրի առկայության մասին, դատապարտյալին գրավոր և անհատապես ծանուցում է կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու իրավունքի մասին և ներկայացնում «Զբաղվածության մասին» օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերը, ինչպես նաև նրա տվյալները փոխանցում է օրենքով սահմանված լիազորված մարմին՝ որպես աշխատանք փնտրող անձ հաշվառելու և մասնագիտական ուսուցման ծրագրերում նրանց ընդգրկելու նպատակով:

Եվս մեկ դրական մոտեցում. պատժից ազատվելուց առնվազն 10 օր առաջ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման հիման վրա կարող է տրամադրվել 100.000 ՀՀ դրամ միանվագ դրամական օգնություն:

2024 թվականից նախատեսված է բնակարանային խնդրի հաղթահարման համար պատժի կրումից հետո վերադարձած անձանց 6 ամիս ժամկետով տրամադրել 50.000 դրամ աջակցություն: Այս քայլով պետությունը փորձում է պատժի կրումից հետո ազատության մեջ հայտնված, բայց, անօթևան դարձած անձանց զերծ պահել այն արատավոր մտքից, որ նրանք կարող են վերադառնալ անազատություն: Խոսքը վերաբերում է հայկական իրականության մեջ հայտնի այսպես կոչված «սոցիալական հանցագործություններին», երբ մարդը պատիժը կրելուց հետո մնում է անօթևանի կարգավիճակում, որովհետև չունի տուն, կամ որովհետև նրան ընտանիքը չի ընդունում, ինչի պատճառով միակ ելքը տեսնում է կրկնահանցագործություն կատարելու մեջ, որպեսզի կրկին կալանավորվի, հետո դատապարտվի ազատազրկման և այդկերպ պետության միջոցով «հոգա» իր կացության հարցը: Իսկ սոցիալական բնույթի հանցագործությունների, նաև կրկնահանցագործության դեպքերի թիվը, ըստ վիճակագրության, ահազանգող են:

Վերոթվարկյալ գործողությունները, իհարկե, դրական քայլ են անձի վերասոցիալականացման ապահովման գործընթացում, բայց, հատվածային են և չեն պարունակում հետևողականության մեխանիզմներ:

Պատժի կրումից ազատված անձի մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման, հմտությունների ձեռք բերման, նաև աշխատաշուկա ներգրավվելու հարցում պետությունը պետք է դրսևորի առավել հետևողականություն և լրջախողություն, քանի որ անձին կրկնահանցագործությունից զերծ պահելով մեկ քայլ առաջընթաց է գրանցվում դեպի ապահով միջավայր, իսկ անձի վերասոցիալականացմամբ՝ բարեկեցիկ հասարակություն:

 

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments