Իմ զրուցակիցը Արցախցի տատիկ է՝ Եվգենյա Խաչատրյանը, ով Արցախում է ապրել 72 տարի

184

Արմատները նույնպես Արցախից են՝ հայրը ծնունդով  Ասկերանի շրջանի Հիլիզ գյուղից, մայրը ծնունդով  Կարմիր գյուղից։Նրանք ապրել են Ստեփանակերտում։Մեր տիկին Եվգենիան ծնվել ու մինչև 23 տարեկան ապրել է Ստեփանակերտում։

Ինստիտուտն ավարտելուց հետո նրան գործուղել են Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղ, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։Նա շարունակել է այս գյուղում ապրել մինչև բռնի տեղահանումը, չնայած նրան, որ 2015 թվականից չի աշխատել թոշակի անցնելու պատճառով։

Շրջափակման մասին դժվարանում է խոսել։Դժվար է վերապրել տեսածն ու ապրածը։Շրջափակման օրերը էլ ավելի էին դժվարանում առողջական խնդիրների պատճառով։Մեր հերոսուհին ունի շաքարային դիաբետ, այս օրերին  չնայած նրան ,որ Մարտունու հիվանդանոցը տրամադրել է անհրաժեշտ դեղորայք և բուժօգնություն, այնուհանդերձ հիվանդանոց հասնելը բավականին բարդ է  եղել մեքենաներում վառելիք չունենալու պատճառով։Ստեփանակերտ հասնելու մասին անգամ մտածել պետք չէր։

Տիկին Եվգենիաի ընտանիքը բազմանդամ է ու չնայած այս հանգամանքին շրջափակման օրերին  կարողացել են դիմանալ։Համերաշխ են եղել նաև համագյուղացիները միմյանց հետ, պատմում է որ հնարավորության սահմաններում օգնել են միմյանց ունեցած ուտելիքը միմյանց  մեջ կիսելով։Հնարավորության սահմաններում նույնիսկ գյուղմթերքով  օգնել են Ստեփանակերտում բնակվող բարեկամներին։

Ավելի մեծ խուճապ է սկսվել, երբ սկսվել են կրակոցները։Պատմում է, որ իրենց գյուղում են հավաքվել նաև հարևան ՝ Կարմիր Շուկա,Թաղավարտ,Մաչկալաշեն գյուղերից։Նրանց տունը գտնվել է անմիջապես փողոցին մոտ ու երևի այս հանգամանքով պայմանավորված հյուրերն էլ հարևան գյուղերից իրենց տանը շատ են եղել։ Իրենց տանը հյուրընկալել են 38 հոգի՝ հղի, ծեր, երեխաներ։Ամեն ինչ շատ դժվար էր՝ չկար լույս, ջուր, գազ, բայց այս ամենի հետ կար կամքի ուժ, որը ստիպել է դիմանալ։Պատմում է, որ ապրել են սիրով, կապը պահում են առ այսօր։

Սեպտեմբերի 25-ին գյուղապետից իմացել են, որ պետք է տարհանվեն։ Տարհանման ժամանակ օգնել է գյուղապետը՝ մեքենաների համար վառելիք տրամադրելով։Ասում է դուրս են եկել հոգեբանական ծանր ապրումներով։ Այդ ժամանակ թոռնիկը ծառայելուց է եղել Ասկերանում,ում մասին ոչ մի տեղեկություն չունենալով են եկել  Հայաստան։ Հոգեկան ծանր ապրումները ուղեկցել են Հայաստան։ Ամբողջ գյուղը միասին է լքել գյուղը, շատ ծանր էր տեսնել այդ տեսարանը։

Թոռնիկի մասին լուր են ստացել համագյուղացու միջոցով, ում սիրած տղան նույնպես ծառայելուց է եղել  իրենց   տղայի հետ։ Ասել է, որ նա լավ է և գտնվում է Ստեփանակերտում։ Այդ լուրը իմանալուց հետո արդեն հանգստացել են որոշ չափ։

Արցախում են թողել ամեն ինչ՝ երկու հարկանի սեփական տուն, 7 հատ կով,հավեր, սագեր, բադեր, իրենց 50 տարվա աշխատանքն ու ունեցվածքը։ Ասում է շատ դժվար էր բաժանվել կենդանիներից, նրանց այնտեղ մենակ թողելով։ Դժվար էր բաժանվել հենց շնից, որը վերջին օրով անգամ հաց չէր վերցրել թոռնուհու ձեռքից, զգացել էր, որ բաժանվում են ու իրեն թողնում այդտեղ։ Եվգենիան պատմում է, որ թոռնուհին արտասվելով է եկել Երևան շան համար, մինչև հիմա էլ հուզվում է երբ հիշում է շանը։ Տիկին Եվգենիան պատմում է, որ գյուղացիները հիմնականում շատ են կապվում կենդանիների հետ, և բաժանումը ինքնին բարդ է ստացվում։

Եկել են դատարկ, հետները վերցնելով տան նկարները․․․

Արցախից վերադառնալու ճանապարհը ինքնին անցավ շատ բարդ, հոգեբանական ծանր ապրումներին գումարվում էր անորոշության զգացումը, այն որ ոչինչ չունեն ու սկսելու են զրոյական կետից։ Գորիսում գտնվելու ժամանակ թոռնուհին է կապվել, ասել որ Գյումրի գնան միանգամից։

Հիմա ապրում են Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում։ Ամենաշատը նեղվում են անաշխատանք լինելուց։ Ունեն երկու ուսանող թոռնիկներ, ովքեր սովորում են վճարովի հիմունքներով։ Թոռնիկներից աղջիկը՝ սովորում է Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների միջմշակույթային հաղորդակցություն բաժնում։ Առաջին տարում ապրել է «Ուսանողի տուն» ը։ Այս տարի արդեն մնալու է հանրակացարանում։ Տղան՝ ով տեղահանման ժամանակ ծառայում էր Ասկերանում սովորում է Գյումրիի պոլիտեխնիկ համալսարանի տեղեկատվական տեղնոլոգիաներ բաժնում։

Խնդիրներից առանձնացնում է այն, որ թոշակը ուշացրել են։ Բնակարանն ունի կոմունալ խնդիր, շենքում չկա գազաֆիկացում, որը անորոշություն է առաջացնում ձմռանը ջեռուցում ապահովելու հարցում։ Ապրուստի հիմնական միջոցը իր և ամուսնու  թոշակն է։ Չնայած նրան, որ ապրում են գյուղում, բայց կենդանիներ պահելու կամ հողագործությամբ զբաղվելու հնարավորություն չունեն։ Եթե հնարավորություն ունենան մեծ հաճույքով կզբաղվեն գյուղատնտեսությամբ։

Մեր հերոսուհին հույս է հայտնում, որ մի օր անպայման կվերադառնան իրենց հայրենի Արցախ։

Կ․ Մկրտչյան

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments