Երեխայի լավագույն շահ, թե ծնողական կամայականություն

167

ՀՀ ընտանեկան օրենսգրքի հիմնական, առանցքային սկզբունքը երեխայի լավագույն շահի ապահովումն է. երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից:

Երեխայի լավագույն շահի գաղափարը հայկական իրավական համակարգ մուտք է գործել ոչ վաղ անցյալում և պայմանավորված է ՀՀ օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու նկրտումներով: Սակայն, տեղայնացման և կիրարկման գործընթացներում այս գաղափարը որոշ դեպքերում այլափոխվում է, կարծես թե, չի շոշափում իր բուն իմաստը:

Պնդումն ամրացնենք մեկ օրինակով, երբ մինչև 16 տարեկան երեխայի ծնողներն ամուսնալուծված են, իսկ երեխան ապրում է ծնողներից մեկի հետ.

Գիտենք, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի կարգավորմամբ՝ 16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ: Գիտենք նաև, որ 18 տարին չլրացած անձիք դեռևս համարվում են երեխա: Նույն օրենքի համաձայն՝ մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Այսինքն՝ անկախ նրանից, թե 16 տարին չլրացած երեխան ապրում է երկու ծնողների հետ, թե ծնողներից մեկի հետ, անձնագիր ստանում է մեկ ծնողի դիմումի համաձայն:

Այս իրավակարգավորումը պարարտ հող ստեղծեց երեխայի լավագույն շահը քաոտիկ դարձնող մեկ այլ իրավակարգավորման ամրագրման համար.

ՀՀ քաղաքացուն անձնագիր տրամադրվում է նրա՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար:

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի պարզաբանման համաձայն՝ ՀՀ մինչև 16 տարեկան քաղաքացիների ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելք գործելու առանձնահատուկ կարգ սահմանված չէ, ուստի, ՀՀ մինչև 16 տարեկան քաղաքացիները կարող են սահմանահատում իրականացնել վավեր անձնագրի առկայության դեպքում:

Կան երկրներ, ուր մեկնելու համար պարտադիր պետք է ձեռք բերել մուտքի վիզա: Նշանակում է, որ ծնողը, թեև կարող է միանձնյա մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրելուն ուղղված գործողություն կատարել, բայց, զրկված է, առանց մյուս ծնողի գրավոր, նոտարական վավերացմամբ համաձայնության, երեխային այդ երկրներ դուրս բերելու իրավունքից:

Այնուամենայնիվ և ցավոք, կան երկրներ, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ, ինչը նշանակում է, որ ծնողը, ում հետ ապրում է մինչև 16 տարեկան երեխան, կարող է կամայականորեն երեխային միայն անձնագրի առկայությամբ դուրս բերել երկրից՝ առանց այդ մասին տեղյակ պահելու երեխայի մյուս ծնողին: Իսկ սա խնդրի միայն տեխնիկական, ընթացակարգային կողմն է:

Խնդիրն այլ է, երբ այն դիտարկում ենք երեխայի լավագույն շահի լույսի ներքո:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի իմաստով՝ յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, իր ծնողների հետ շփվելու և նրանցից դաստիարակություն ստանալու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն կարող ազդել երեխայի իրավունքների վրա: Ծնողների առանձին (ընդ որում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:

Ըստ Եվրոպական դատարանի` բնականոն ընտանեկան հարաբերությունները չեն դադարում ծնողներից մեկի առանձնանալու կամ նրանց ամուսնալուծվելու դեպքում, անգամ եթե դրա արդյունքում երեխան դադարում է բնակվել ծնողներից մեկի հետ: Երեխայի և ծնողի շահերի միջև պետք է արդար հավասարակշռություն պահպանվի և նման հավասարակշռության մեջ առանձնահատուկ կարևորություն պետք է տրվի երեխայի լավագույն շահերին, որոնք, կախված իրենց բնույթից և լրջությունից, կարող են գերազանցել ծնողների շահերը:

Վերոհատկանշված կարգավորումները ծանրակշիռ մերժում են ձևավորում Հայաստանի Հանրապետությունում առկա կազուսային իրավակարգավորումների և այդ իրավակարգավորումներով սանձազերծված արատավոր, անվերահսկելի պրակտիկայի առնչությամբ: Ծնողը, ում հետ ապրում է երեխան, չպետք է և չի կարող կամայական կերպով երեխային դուրս բերել երկրից միայն նրա համար, որ այդպես է ուզում, իսկ գործող կարգը հակասահմանադրական է պետության կողմից նման դեպքում երեխայի լավագույն շահի արհամարհման տեսանկյունից:

Պետությունը չի հոգացել երեխայակենտրոն իրավաապահովման մեխանիզմների ներդրումը, ինչից շահում է միմիայն երեխայի հետ համատեղ ապրող ծնողը, իսկ տուժում են երեխան, նրա հետ համատեղ չբնակվող ծնողը և, իհարկե, երեխայի լավագույն շահը:

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments