2019 թվականին ՀՀ Խորհրդարանն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը: ՀՀ քրեական օրենսգիրքը համալրվեց հոդվածով, որը, ընդհուպ, 2 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար: Օրենսդրական կարգավորումը վերաբերում է հիմնականում թափառող շների վերացման կանխարգելմանը: Պետության կողմից նախաձեռնվեց շների ստերջացման և վնասազերծման գործընթացը:
Այս քայլով պետությունը, մի կողմից, լսեց կենդանիների պաշտպանների տարիների պայքարի ձայնը, մյուս կողմից, ցույց տվեց, որ ոչ միայն մարդակենտրոն է, այլև կենդանասեր է, նույնիսկ այնքան կենդանասեր, որ անգամ պատրաստ է հանուն այդ սիրո զիջել մարդու հիմնարար՝ կյանքի իրավունքը:
Խոսենք փաստերով.
Պաշտոնական վիճակագրությամբ, 2021 թվականին ամեն օր Հայաստանում առնվազն 15 մարդ է թափառող շների հարձակման զոհ դարձել։ Առողջապահության նախարարության տվյալներով, դեպքերը տարեցտարի ավելացել են, 2021 թվականին՝ մոտ 80 տոկոսով ավելի՝ 5632։
2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, շների կողմից բարձրացված աղմուկի և աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ: Ոստիկանության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2022 թվականին գրանցվել է մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 133, 2023-ին՝ 134, իսկ 2024 թվականի հունվարին՝ 5 դեպք: Նշված դեպքերի վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմիններ՝ թափառող կենդանիներին վնասազերծելու և խնամքի կենտրոններ տեղափոխելու նպատակով:
Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում հաճախացել են կենդանիների հարձակումներից տուժելու դեպքերը. միայն գարնան ամիսներին գրանցվել է նման 2648 դեպք։
Վերոհիշատակված վիճակագրությունն անհանգստացնող է, բայց, չի ամփոփում խնդրի ողջ պատկերը: Կան շատ դեպքեր, երբ թափառող շների հարձակումների զոհերը պարզապես վնասվածք չեն ստանում կամ էլ վնասվածք ստանալու պարագայում էլ չեն դիմում բուժհաստատություններ:
Անշուշտ, թափառող շներին կյանքից կամայականորեն զրկելու պրակտիկան մտահոգիչ էր, և պատժի սպառնալիքով այդ պրակտիկայի կանխարգելումը՝ ողջամիտ լուծում: Միևնույն ժամանակ առկա են չլուծված «փոքր» խնդիրներ, ինչպիսիք են՝ դեռևս չստերջացված և բազմացող հսկայական թվով շներ, միգրացվող չստերջացված շներ, միգրացվող և նոր միջավայրին չադապտացվող ստերջացված շներ և այդ շների հարձակումներից տուժած մարդիկ: Ահազանգող խնդիր է նաև ստերջացված այն շների առկայությունը, որոնք կրում են «Լեշմանիոզ» հիվանդությունը, որը մահացու է երեխաների համար:
Փաստն այն է և դա անհերքելի է, որ համայնքապետարանները թափառող շների ստերջացման և վնասազերծման գործընթացը պատշաճ չեն իրականացնում, ինչի պատճառով տարեկան մեծ թվով մարդիկ դառնում են շների հարձակման զոհ և չեն կարող պաշտպանական նպատակներով ինքնուրույն վնասազերծել վտանգ ներկայացնող շներին: Ստացվում է, որ խնդրո պարագայում մարդու՝ բարձրագույն արժեք լինելու՝ սահմանադրորեն ամրագրված նորմը զուտ հաճելի միտք է:
Ստեղծվել է մի իրականություն, այդ իրականության մեջ պետությունը սահմանել է հարձակման իրավունք ոչ բանական շների համար և պաշտպանվելու արգելք բանական մարդկանց համար, թափառող շների ստերջացման և վնասազերծման գործընթացը պատշաճ չի իրականացնում, իսկ հորիզոնում անտեսանելի է թափառող շների ապաստարանների ստեղծման ծրագիրը:
Պետությունից ակնկալվում է իր տարածքում մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը: Մարդը պարտավոր չէ պետության անգործության կամ ոչ բավարար միջամտության պատճառով ինքնապաշտպանվել և դառնալ հանցագործություն կատարած անձ: