Երբ այցելում ենք բժշկական հաստատություն, պարզ է, որ անհրաժեշտությամբ պայմանավորված ենք դիմում և ակնկալում ենք, որ մեր մասին ձեռք բերված տեղեկատվությունը գաղտնի կմնա: Խոսքը վերաբերում է մեր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությանը:
Գիտենք, որ պացիենտի անձնական տվյալները հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են և օրենքով նախատեսված դեպքերում մշակվում են առանց պացիենտի համաձայնության:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը պացիենտին իրավունք է տալիս մատչելի ձևով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Բայց, «մատչելի» եզրույթը վերաբերում է միմիայն պացիենտի՝ իրեն վերաբերող տեղեկատվությանը հասանելիություն ունենալուն, այն ոչ մի կերպ չի սահմանում ազատություն բուժաշխատողի համար՝ մեկ պացիենտի ներկայությամբ մյուս պացիենտի հետ վերջինիս առողջական վիճակի մասին խոսելու, մեկ պացիենտին մյուս պացիենտի առողջական վիճակի մասին պատմելու, սպասասրահում ոչ խորհրդապահական կարգով պացիենտին իր առողջական վիճակի, բուժման հեռանկարների կամ այդ հեռանկարների բացակայության մասին հայտնելու և նմանօրինակ այլ վարքագծերի դրսևորման տեսանկյունից:
Օրենքով սահմանված կարգով՝ պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալները համարվում են բժշկական գաղտնիք, ինչը հատուկ պաշտպանվող անձնական տվյալ է:
ՀՀ քրեական օրենսգիրքը, ընդհուպ, ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում բժշկական գաղտնիք պարունակող տվյալը օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, ապօրինաբար մեկ այլ անձի հայտնելու համար:
Սակայն, ՀՀ քննչական կոմիտեի վիճակագրությունից կարելի է ենթադրել, որ բժշկական գաղտնիքի հրապարակման դեպքերը հիմնականում մնում են չբացահայտված, ավելին, այս երևույթը կրում է սովորութային բնույթ, ինչը դժվարեցնում է անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված պայքարը:
Սա ոչ միայն իրավական, այլև մշակութային խնդիր է, քանի որ բուժաշխատողները նույն հասարակության մասն են կազմում, իսկ հասարակությունը, որպես կանոն, չի ճանաչում, թե ինչ ասել է բժշկական գաղտնիք: Մյուս կողմից, սա չի արդարացնում բուժաշխատողին, քանի որ նա պարտավոր է հետևել միջազգայնորեն ընդունված բժշկական էթիկայի կանոններին:
Պետության խնդիրն է ոչ միայն ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը հանդիսանալու է բողոք քննող մարմին, այլև ձևավորել բժշկական օգնության և սպասարկման մշտադիտարկման ինստիտուտ, ինչը հնարավորություն կտա վեր հանել բուժաշխատողների չհղկված հմտությունները և վերապատրաստումների ու կարգապահական վարույթների ճանապարհով հարթել մարդու իրավունքների պաշտպանության բացը բժշկական օգնության և սպասարկման ոլորտում։
Սիրակ Եղիազարյան