ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի հրամանով 2025-2026 ուսումնական տարվանից սկսած մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները ընդունվելու են տարիքային խմբին համապատասխան դասարան, այսինքն՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ դասարաններ՝ ընդհանուր հիմունքներով, իսկ 2024-2025 ուսումնական տարում դեռևս 1-ին դասարան կարող են հաճախել նաև մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարեկան դարձող երեխաները, որոնք սահմանված ժամկետում դպրոց չեն հաճախել:
Նախարարության պնդմամբ, նոր իրավակարգավորումը որևէ կերպ չի վնասելու երեխաներին, և ուսուցիչները հոգալու են միանգամից 2-րդ և 3-րդ դասարաններ ընդունված երեխաների գիտելիքների բացը լրացնելու խնդիրը: Նախարարի տեղակալի խոսքերով, անհատական մոտեցում է ցուցաբերվելու 7 և 8 տարեկան երեխաների նկատմամբ, և դա անելու են դասվարը, անհրաժեշտության դեպքում, մանկավարժահոգաբանական աջակցության մասնագետները: Բայց, թե ինչպես է այն իրականացվելու, չի պարզաբանվում: Ավելին, նախարարության կողմից նմանատիպ կարգավորում դեռևս չի հիշատակվում, մի՞թե այն, պարզապես, «օդում սավառնող իդեալիստական միտք է»:
Ըստ ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ 1-ին դասարան ընդունվողների մեջ 7 տարեկան երեխաները դեռ 10% են կազմում, իսկ 8 տարեկան երեխաների 1-ին դասարան հաճախելու դեպքերը եզակի են:
Այստեղից և տրամաբանական հարց է առաջանում. ի՞նչ աղերս կա 7 և 8 տարեկան երեխաներին միանգամից, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ դասարան ընդունելու, կրկնակի, եռակի ուսումնական պլանով ծանրաբեռնելու և հանրակրթության բնագավառում պետության երաշխավորած սկզբունքների միջև, ինչպիսիք են՝ հանրակրթության մարդասիրական բնույթը, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը:
Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ պետությունը պարտավոր է ապահովել հանրակրթության համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին: Այս իմաստով, պետությունը, կարծես թե, շեղվում է իր ուղենշած սկզբունքներից:
Գուցե, ավելի ողջամիտ կլիներ 7 և 8 տարեկան դարձող երեխաներին ոչ թե միանգամից, հանպատրաստից 2-րդ և 3-րդ դասարան ընդունելը և ուսումնական երկամյա, եռամյա ծրագրերով ճնշելը, այլ նրանց վաղ հաշվառելը, միջանկյալ՝ դեպի իրենց տարիքային խմբին համապատասխան դասարան մուտք գործելու համար նախապատրաստական, ծնողների և օրինական այլ ներկայացուցիչների հետ համագործակցային քայլեր ձեռնարկելը: Վստահաբար, կային խնդրի հաղթահարման առավել անցնցում տարբերակներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը 30.000 դրամի չափով վարչական տուգանք է սահմանում երեխայի ուսուցման պարտականությունը չկատարող կամ ոչ պատշաճ կատարող ծնողի կամ օրինական այլ ներկայացուցչի համար: Նախարարությունը տեղեկացնում է, որ հաջորդ տարվանից այս նորմը գործելու է երեխաներին 6 տարեկանում դպրոց չուղեկցող հիշյալ անձանց նկատմամբ: Ավելին, ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները չեն բացառում սոցիալական պետությունում սոցիալական աջակցությամբ գոյատևող բազմաթիվ ընտանիքներին զրկել այդ աջակցություններից իրենց 6 տարեկան երեխաներին դպրոց չուղեկցելու դեպքերում: Նույնիսկ քննարկվում է երեխաներին 6 տարին լրանալու դեպքում դպրոց չուղեկցող ծնողներին զրկել ծնողական իրավունքներից կամ սահմանափակել նրանց ծնողական իրավունքները: Այս քննարկումների հիմքում, ըստ ԿԳՄՍ նախարարության, դրված է զարգացած երկրների փորձը:
Պատասխանատվության մի հսկայական մեքենա, որի ողջ իմաստը հանրակրթության ոլորտում տարիքային համահարթեցումն է: Անհրաժեշտ է, որպեսզի պետությունը ծանրակշռի բիրտ ուժի գործարկման իր հավակնությունները և սոցիալական և իրավագիտակցությամբ «զարգացած երկրներին զիջող» երկրում ապրող երեխաների ծնողների և օրինական այլ ներկայացուցիչների հետ իրավահարբերության մեջ գործարկել փափուկ հմտություններ:
<<Մեդիա Դերակատարների վերապատրաստում>> ծրագրի թիմ