Արեգա Բալայանը 51 տարեկան է, ակունքներով Արցախի Մարտունու շրջանից է:
Արեգան պատմում է. «Ծնվել եմ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում, ծնողներս էլ այդտեղից են: Դպրոց հաճախել եմ գյուղում, հետո 9 ամիս սովորել եմ կարուձև:
Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա՝ մի տղա, երկու աղջիկ:
Գյուղում ես տանը կարի պատվերներ էի ընդունում, հավ, խոզ ինք պահում, մեղուներ ունեինք, ամուսինս զբաղվում էր հողագործությամբ, ջերմոց ուներ, միաժամանակ աշխատում էր գազի գրասենյակում:
Տղաս իր ընտանիքն այդտեղ կազմեց, բալիկ ունեցան՝ 1 տարեկան 5 ամսական է արդեն:
Շրջափակման ընթացքում սննդի պակաս չունեինք, ոչինչ, ապրում էինք: Բայց, երբ սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը հարձակվեց, տղաս դիրքերն էր, պայմանագրային զինծառայող էր, վիրավորում ստացավ ու տեղափոխվեց Ստեփանակերտի հոսպիտալ: Ամուսինս առանձին շտապեց Ստեփանակերտ՝ տղայիս մոտ, ես հարսիս ու թոռանս հետ մեր հարևանի մեքենայով հասա Ստեփանակերտ: Հոսպիտալի բժիշկը խորհուրդ տվեց, որ տղայիս տեղափոխենք Հայաստան: Սեպտեմբերի 25-ն էր, մենք բոլորով եկանք Գորիս, այնտեղից էլ Երևան, «Մուրացան» հոսպիտալ: Տղայիս ոտքն անդամահատեցին, հետո վերականգնողական շրջանն անցավ «Զինվորի տանը»: Ժամանակավոր պրոթեզ են դրել, հաջորդ տարի հիմնական պրոթեզ են դնելու:
Ես, ամուսինս և աղջիկս վարձով ապրում ենք Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Արարատյան մասում, երկհարկանի տան երկրորդ հարկում, մյուս աղջիկս ամուսնացել է, հիմա ապրում է Ռուսաստանում:
Տղաս էլ իր ընտանիքով առանձին վարձով է ապրում Երևանում, կենտրոնում, մինչև տեսնենք, մի 4-սենյականոց տուն գտնենք, բոլորով ապրենք մի տեղ, թե չէ մենակ պետության տված 50.000-երով շատ դժվար է վարձ տալ, ապրել: Ես տան դիմացի խանութում հավաքարար եմ աշխատում, ամուսինս շինարարության մեջ է աշխատում: Տղաս էլ չի աշխատում, մենակ կենսաթոշակն է ստանում:
Ես մինչև վերջ հույս ունեի, որ կմնանք մեր գյուղում, բայց, ստիպված դուրս եկանք, ամեն ինչ թողեցինք»:
Զրույցը՝ Ս Եղիազարյանի