Աջակցություն Բռնի Տեղահանված Արցախցիներին

1132

Մարդու իրավունքների միջազգային հանրություն, Հայաստան, կազմակերպությունը , արցախահայերին օգնության շրջանակններում, իրականացնում է բարեգործական միջոցառումերի շարք։ Առաջին փուլով՝ Գերմանիայի մեր գործընկերների ֆինանսավորմամբ https://www.igfm.de/, իրականացրել ենք մոտ քսան ընտանիքների համար սննդի,  կենցաղային պարագաների,  մատակարարում։

ՄԻՄՀ-ն իրականացնում է բռնի տեղահանված մեր հայրենակիցների պատմությունների մատենագրում՝ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների արձանագրումով։

Մեր այցելությունները  և անհատական պատմությունների  արձանագրությունները, բացի որոշակի աջակցություն տրամադրելուց, ունի նաև նպատակ՝ գրի առնելու մարդու իրավունքների ոտնահարման ակնհայտ դեպքերը, որոնք չեն կարող մեկնաբանվել կամ արդարացվել որևէ աշխարհաքաղաքական իրավիճակներով:

Հաջորդիվ մեջբերումներ են հանդիպումների ընթացքում գրի առած պատմություններից։

Ա․ Ս․ <<19-ին, երբ սկսվեցին կրակոցները եվ պայթյունները, ես աշխատատեղում էի, արագ տեղափոխվեցինք նկուղ, երեխաներիցս ոչ մի տեղեկություն չունեի, մի օր ու կես  մնացինք նկուղում, արդեն սեպտեմբերի  քսանին հնարավոր չէր մնալ թաքստոցում, մեզ ասում էին՝ արագ հավաքվեք, որ դուրս գաք։ Արդեն ադրբեջանցիները մտնում էին գյուղերը։ 20-ի առավոտ իմացա, որ տղաս վիրավորում է ստացել է ու գտնվում է մարտակերտի հիվանդանոցում։  Մի կերպ մեքենա գտա, հասա հիվանդանոց։ Տղաս գլխից էր վիրավոր, իրեն մի քանի վիրավորի հետ տարան Ստեփանակերտ, ինձ չվերցրեցին, քանի որ տեղ չկար մեքենայում, արդեն գյուղում ասեցին, որ թուրքերը 500 մետրի վրա են, պետք է արագ փախչել։ Մենք 5 հոգով էինք,   ամուսնուս քրոջ ընտանիքը՝ յոթ հոգով, միացան մեզ։ Ասում էին գնացեք Խոջալու, որտեղ ռուսների բազան է, այնտեղ կարողա չկրակեն։ Գնացինք, մի քանի օր էլ այդտեղ դրսում մնացինք, ռուսները փակել էին շենքը, մեզ ներս չէին թողնում։  Մենք դժողքի միջով ենք անցել, դա պատմելով հնարավոր չի նկարագրել, ինը ամիս ուտելիք, լույս ու ջեռուցում չկար, բայց հույս ունեինք, որ մի բան կլինի։

Հայաստանում, մեզ բնակության տեղ են առաջարկել սահմանամերձ գյուղում, բայց սահմանից ենք եկել ու վախենում ենք սահման գնալ։ Այստեղ 12 հոգով ենք էս երկու սենյակում, բայց մենք չենք դժգոհում, շատ տեղահանվածներ հիմա ընդհանուր կացարաններում են, դա ավելի դժվար է։ Ես  իմ տան մի քանի նկար ունեմ  հեռախոսումս, բացում նայումու լալիս եմ, ես իմ տունն եմ կարոտել, կդիմանանք, բա ինչ կանենք։ 96 թվականին էլ ամեն ինչ թողեցինք եկանք Հայաստան,  հետո գնացինք Ստեփանակերտ, ամուսինս զոհվեց 96 թվականին, հետո գնացի գյուղ, տուն ստեղծեցինք, նորից ամեն ինչ թողեցինք եկանք>>։

Մ․Ս<<Մինչ կամուրջը հասնելը, երկու օր ճանապարհ ենք եկել, ահավոր դժվար էր, առանց հաց, առանց ջուր,  երեխանելը սովից լաց էին լինում։ Ամեն ինչ ավելի դժվար դարձավ, հատկապես, Ստեփանակերտում, հարյուր մետր ճանապարհը մեկ ժամում էինք անցնում, ամենուրեք վախ ու խուճապ էր։ Հասել ենք Գորիսի Տեղ գյուղ, մեքենան փչացել է։ Մեր ապագան անորոշ է, պետք է փորձենք այստեղ ապրել, երեխաներին մեծացնել, մեկ ամսից երրորդ բալիկս է ծնվելու։  Մեզ կոմունալի գումար է տալու պետությունը, ամուսինս փորձում է աշխատանքի անցնել, այս տունը մի կերպ ենք գտել, այն էլ՝ վերանորոգման փուլում է եղել, մեզ ընդառաջել են, տվել, որ ապրենք։ Մեկ ամսից էլ բալիկի եմ սպասում։ Ղարաբաղում 9 ամիս սովի ու ցրտին հույսով դիմացանք, որ մի լույս կբացվի, բայց ամենավատը եղավ, ամեն ինչ կորցրեցինք>>։

<<Մենք չէինք պատկերացնում, որ պետք է լքենք Արցախը, ոչ ոք մեզ ոչինչ չի ասել, ոչ ռուս խաղաղապահ  ենք տեսել, ոչ նախագահի հրաման։  Անտեր, անգլուխ վիճակ էր,  չգիտեինք՝ ոնց պետք է դուրս գանք, ոչ մի բան հայտնի չէր։  Սեպտեմբերի 20-ին  լսեցի, որ ճանապարհը բաց է, պետք է դուրս գալ։ Մարդիկ փախնում էին Խոջալու՝ ռուսների մոտ, իբրև թե այնտեղ ապահով է, բայց նրանք էլ հետ էին ուղարկում, ասում էին՝ այստեղ վտանգավոր է։ Սեպտեմբերի 25-ին մենք նույնպես  դուրս եկանք, ես էի վարում մեքենան, ամուսնուս էլ ծանր վիճակում էր, մեծ դժվարությամբ, իրեն բերեցի։ Երեսունհինգ ժամ մեքենա եմ վարել։ Միայն Հայաստանում, Կոռնիձորում, մեզ օգնեցին։ Ինը ամիս  բլոկադայի մեջ, մենք ամեն ինչից զրկված էինք, հացին կարոտ էին երեխաները։ Գորիսից, որ ավտոբուսները գալիս էին մեզ դիմավորելու, հետները սնունդ, հաց, քաղցրավենիք էին բերում։ Սպիտակ հաց 9 ամիս չէինք տեսել։  Մինչ այդ,  երբ մեքենայից իջել էինք, դեռ սահմանին չէինք հասել, փոքր երեխաս հաց ուզեց, չէի կարող տալ, դեռ դիմավորողները չէին երևում։ Հեռվում երկու  կին կային, մոտեցա,ասեցի հաց ունեք՝ ասեցին, մի կտոր մեր երեխայի հացն է, կկիսենք, իրենք էլ  Մարտակերտից էին, չոր հաց էր, սեվ  գույնի, դա կիսեցին երեխաներին տվեցինք, մինչեվ հասանք ավտոբուսներին։ Բայց որ հասանք Կոռնիձոր/Հայաստան, սահմանի գյուղ/, ոնց որ ընկնես դրախտ, քանի որ մեր Ղարաբաղը մեր համար դժողք էին սարքել, լույս չկար, գազ չկար, ալյուր չկար, կես հաց էին տալիս՝ սեվ գույնի, խոզի կերով սարքած,  չոր։ Այդ հացի համար էլ հերթ էինք կանգնում, հաճախ բոլորին չէր հասնում։ Գարոխն էինք այրում, սև սուրճ սարքում, որ խմեինք,  բալի ճյուղեր էի կտրել, ջրին գույն էի տալիս, որ երեխաներին թեյ տայի, այն էլ դրաից ճնշումս էր ընկել։ Շաքարավազ չկար, ոչ մի բան չկար, բայց մինչեվ հիմա ես էդ սթրեսից դուրս չեմ գալիս, միշտ մտնում եմ սուպերմարկետները ասում եմ՝ ստեղ լիքը, Ղարաբաղին բան չի հասել։ Թուրքերը/ադրբեջանցիները/ մեքենան Աղդամով մտցրեցին՝ ասելով թե ալյուր են բերում, էն էլ հաջորդ օրը հարձակվեցին մեր վրա>>

<<Ես ջահել աղջիկ էի, երբ բաքվի կոտորածը սկսվեց, թուրքերը /ադրբեջանցիները/ մեր ծանոթներից  մի քանիսի տներ էին մտել, հայրիկս եկավ տուն, մայրիկիս ասաց, որ ոչինչ պետք չէ վերցնել, պետք է երեխաներին փրկենք։ Այդ օրը իմացել էինք, որ ինքնաթիռներով հայերին տարհանում են։ մեծ դժվարությամբ, թաքնվելով հասել ենք Հայաստան, այդ տարիների Հայաստանում վիճակը շատ ծանր էր, լույս չկար, գազ չկար, սով, ցուտ, աղքատություն։ Հայրս որոշեց, որ տեղափոխվենք Ղարաբաղ, Ղարաբաղում ես ամուսնացա, աղջիկս ծնվեց, սկսվեց պատերազմը, պատերազմի սկզբից կորցրեցի ամուսնուս։ Հետո մեծացրել եմ աղջկաս, որոշ չափով կյանքը կարգավորվել էր, երբ սկսվեց քառասունչորս օրյա պատերազմը։ Այդ ժամանակ էլ տեղափոխվեցին Հայաստան, պատերազմից հետո նորից վերադարձանք Ղարաբաղ։ Հիմա էլ ամեն ինչ թողեցինք ու նորից փախստական ենք՝ կորցրած ամեն ինչ>>

<<Մարդիկ մտածում էին, որ ռուսները մեզ կօժանդակեն, թույլ չեն տա կոտորած, բայց, նույնիսկ իրենց մոտ աշխատողներն, ես այդտեղ ճաշարանում էի աշխատում, թույլ չտվեցին մտնել իրենց ապաստարանները։ Այդ պահին քաոս էր, բոլորը մտածում էին փրկվելու մասին, սովից ու ցրտից ուժասպառված մարդիկ մտածում էին րոպե առաջ փախչելու մասին։ Մեր հարևանների հետ հասցրել ենք վերցնել մեր փաստաթղթերը ու մի կերպ փախել ենք, պարզապես շարասյան ետեվից էինք գնում։ Հայաստան հասանք 35 ժամում, դա փրկության շող էր։ մարդիկ քաղցրավենիքնորվ, շտապ օգնության մեքենաներով դիմավորում էին մեզ։ Մեզ սահմանին գրանցեցին։ Առաջարկել են կացարան, բայց սահմանամերձ գյուղերում, մենք այլեվս չենք ուզում սահմանին բնակվել>>։

Երկրորդ փուլով մեր կազմակերպությունը նախատեսում է, երեսուն  ընտանիքների  տրամադրել ձմեռային անկողնայի պարագաներ։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments