«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կաշառք ստանալու գործով մշտադիտարկումը (Թիվ ՀԿԴ14/0007/01/23 գործով 24․03․2023թ. դատական նիստը)

1222

2023 թվականի մարտի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում կայացավ դատական նիստը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կամո Ղարագոզյանի և այլքի՝ կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու մեղադրանքով։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կամո Ղարագոզյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք քաղաքացիներից ստացել է կաշառք՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար։

Մյուս մեղադրյալները մեղադրվում են կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության մեջ։

Հարկ է նշել, որ հանցանքները կատարվել են նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամկետում, հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը պետք է քննվի տվյալ պահին գործած քրեական օրենսգրքով։ Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժը մեղմացնող նորմերն ունեն հետադարձ ուժ։ Տվյալ դեպքում վերոնշյալ հանցանքների համար նախատեսված սանկցիաներից հանվել է գույքի բռնագրավման պահանջը, ինչպես նաև նախատեսված ազատազրկման ժամկետը կրճատվել է՝ 3-7 տարվա փոխարեն սահմանվելով 2-5 տարի, ուստի, պատիժը սահմանելիս պետք է առաջնորդվել նոր քրեական օրենսգրքով։

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկայացած կողմերին։

Պաշտպանության կողմը ներկայացրեց միջնորդություն՝ ամբաստանյալ Կամո Ղարագոզյանի խափանման միջոց կալանքը ավելի մեղմ խափանման միջոցով փոխելու մասին։ Մեղադրանքի կողմը դիրքորոշում հայտնեց, որ կալանավորման հիմքում դրված  ռիսկերը վերացված չեն, ուստի կալանքը պետք է երկարաձգվի։ Պաշտպանության կողմը կարծիք հայտնեց, որ բոլոր վկաները, որոնց վրա կարող էր ազդեցություն ունենալ ամբաստանյալը, արդեն հարցաքննվել են, և կալանավորման հիմքում ընկած բոլոր ռիսկերը վերացել են։ Նաև նշվեց, որ ամբաստանյալը հանդիսանում է խնամակալ իր անչափահաս որդու և ծեր մոր համար։ Դատարանը, դիտարկելով փաստարկները, որոշում  կայացրեց խափանման միջոց կալանքը երկարաձգել ևս 3 ամսով՝ հաշված 28․03․2023թ.-ից։

Պաշտպանության կողմը միջնորդություն ներկայացրեց՝ դատական նիստը հետաձգելու մասին՝ հաշտության համաձայնության գալու նպատակով։ Մեղադրանքի կողմը դրական արձագանքեց միջնորդությանը։

Պաշտպանության կողմը ներկայացրեց ևս մեկ միջնորդություն՝ ամբաստանյալ  Ռաֆիկ Սաքանյանի բացակայությամբ գործի քննությունը շարունակելու մասին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել։

Դատարանը բավարարեց երկու միջնորդությունները։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի ապրիլի 13-ին, ժամը՝ 14։30-ին։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments