Վարդան Բադասյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Այլընտրանք Մեդիա» ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու և հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Նախնական դատական նիստը նշանակված էր 2023 թվականի մարտի 27-ին:
Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը դատարանին զեկուցեց, թե ովքեր են ներկա դատական նիստին: Նիստին ներկա էին միայն հայցվորի ներկայացուցիչները: Պատասխանող կողմը ներկայացված չէր նիստին:
Դատարանը նույնականացրեց հայցվորի ներկայացուցիչների ինքնությունը, հավաստիացավ ներկայացված փաստաթղթերի իսկության մեջ:
Դատարանը նշեց, որ պատասխանող կողմը բացակայում է, թեև պատշաճ իրազեկված է եղել նիստի մասին, և այդ կապակցությամբ հարցրեց հայցվոր կողմի դիրքորոշումը՝ նիստը շարունակելու վերաբերյալ: Հայցվոր կողմը նշեց, որ պետք է շարունակել դատական նիստը, քանի որ գործի նյութերից էլ է երևում, որ պատասխանող կողմն արդեն մոտ 2-3 տարի է (հայցադիմումը ներկայացվել է դեռ 2020 թվականի հուլիսին) որևէ դիրքորոշում չի հայտնել հայցի վերաբերյալ:
Դատարանն արձանագրեց, որ պատասխանող կողմն անհարգելի է բացակայում, և որոշեց շարունակել դատական նիստը:
Հայցվոր կողմը պնդեց հայցի առարկան՝ նշելով, որ հայցվորի վերաբերյալ զրպարտչական նյութ է հրապարակվել լրատվամիջոցի կայքում և ֆեյսբուքյան էջում: Կողմը մեջբերեց հրապարակված նյութի կոնկրետ հատվածներ՝ նախադասություններ, որոնք, ըստ կողմի, զրպարտչական են: Դատարանը հարցերի միջոցով ավելի ճշգրտեց, հստակեցրեց՝ հայցվոր կողմը կոնկրետ որ բառակապակցություններն ու պնդումներն է համարում զրպարտություն:
Հայցվոր կողմը հստակեցրեց զրպարտություն համարվող և հայցվորին առնչվող 3 տիպի բովանդակություն առ այն, որ վերջինս.
- Կասկածելի վարքագծով է աչքի ընկել,
- Անձանց պաշտոնների է նշանակել գումարի դիմաց,
- Կոռուպցիոներ է եղել:
Իր ելույթի վերջում հայցվոր կողմը նաև պնդեց հայցադիմումի պահանջը:
Դատարանի այն հարցին, թե արդյոք տվյալ գործով դատական ակտը կարող է վերաբերել (առնչվել) այլ անձանց, հայցվոր կողմը բացասական պատասխան տվեց:
Դատարանը նշեց, որ ապացուցման բեռի բաշխմանը պետք է անդրադառնա առանձին ակտով: Բացի այդ, անկախ պատասխանող կողմի բացակայության հանգամանքից, վերջինս նույնպես պետք է իրազեկվի ապացուցման բեռի բաշխման մասին: Դատարանը նշեց, որ այդ մասին կողմերը կիրազեկվեն եռօրյա ժամկետում:
Ապացուցման բեռի բաշխումն իրականացնելու համար դատարանը հետաձգեց գործի քննությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց 2023 թվականի ապրիլի 26-ին, ժամը՝ 14:30-ին:





