2023 թվականի փետրվարի 6-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ դատական նիստը՝ ըստ դիմումի Սուսան Կարապետյանի ընդդեմ Ժորժ Խաչատրյանի՝ Հայթաղ համայնքում վերջինիս կառուցած ինքնակամ շինությունը քանդելու պահանջի վերաբերյալ։
Մինչ դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ նիստերի քարտուղարին և հայտնեց նիստի ընթացքը լուսանկարահանելու ցանկության մասին։ Լուսանկարահանման թույլտվության հարցը քննարկվեց մինչև նիստի բացվելը։ Կողմերը դեմ էին լուսանկարահանմանը, ուստի, դատարանը թույլ չտվեց լուսանկարահանել նիստի ընթացքը։ Այս պրակտիկան հակասում է քաղաքացիադատավարական այն պահանջին, որ դատական նիստի կամ դրա մի մասի լուսանկարահանումը կատարվում է դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:
Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկայացած կողմերի ներկայացուցիչներին։ Գործով որպես երրորդ անձ ներգրավված Հայթաղի համայնքապետարանը պատշաճ կերպով ծանուցվել էր նիստի մասին, սակայն, չէր ներկայացել նիստին։
Դատարանը կողմերի հետ պարզեց երրորդ անձի բացակայությամբ գործի քննության նպատակահարմարությունը։ Կողմերն առաջարկեցին շարունակել նիստը։
Դատարանը ներկաներին հայտնեց, որ կողմերը նախորդ դատական նիստին միջնորդություն են ներկայացրել հաշտության համաձայնություն կնքելու մասին, և հարցրեց, թե ինչ վերջնարդյունք են ունեցել բանակցությունները։ Պատասխանողի ներկայացուցիչն ասաց, որ պատասխանողն առաջարկել է հայցվորին շուկայականից ցածր գնով գնել վիճելի կառույցը, սակայն, հայցվորը մերժել է առաջարկը։ Հայցվորի ներկայացուցիչն ասաց, որ առաջարկված գինը շուկայականից մի քանի անգամ բարձր է եղել, ինչի պատճառով էլ իր վստահորդը մերժել է առաջարկը։
Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց հայցը։ Ըստ հայցի՝ պատասխանողն ինքնակամ շինություն է կառուցել հայցվորի տան կողքին, որը խանգարում է հայցվորի մուտքն իր տուն, խանգարում է հայցվորի տան գազաֆիկացմանը և հակահրդեհային անվտանգության կանոնները, ինչը նաև խեղաթյուրել է ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված ինքնակամ կառույցների օրինականացման կարգը։ Համայնքի ղեկավարի որոշմամբ շինությունը օրինականցվել է, չնայած առկա է եղել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացությունը, ըստ որի՝ շինությունը ենթակա չէ օրինականացման հիշյալ որոշման համաձայն։ Բացի այդ, առկա է փորձագիտական եզրակացություն, որը ևս հավաստում է, որ շինությունը ենթակա չէ օրինականացման։
Հայցվորի ներկայացուցիչը պնդեց, որ կողմերի միջև հաշտության տապալման պատճառը գույքի համար պատասխանողի առաջարկած շուկայականից խիստ գինն է եղել՝ միաժամանակ նշելով, որ հայցվոր կողմը չի պարզել գույքի շուկայական արժեքը՝ շուկայի անկայուն լինելու պատճառով:
Պատասխանողի ներկայացուցչի հարցին, թե հայցվորի որ իրավունքներն են խախտվել, հայցվորի ներկայացուցիչը պարզաբանեց, որ հայցվորն իր տուն մտնելիս պետք է շրջանցի ինքնակամ կառույցը՝ անցնելով փողոցի երթևեկելի հատվածով, քանի որ պատասխանողը կառուցապատել է նաև մայթը։ Նշված կառույցը խանգարում է նաև հայցվորի տան գազաֆիկացմանը։ Դատարանը հարցրեց, թե կան արդյոք գրավոր ապացույցներ։ Հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց, որ գազի սպասարկման ծառայության աշխատակցի հետ ունեցած զրույցի արդյունքում պարզվել է, որ տան գազաֆիկացումը հնարավոր է, սակայն, ինքնակամ շինության պատճառով արժենալու է մի քանի անգամ ավելի թանկ։
Պատասխանողի ներկայացուցիչը հայցվորի ներկայացուցչի պնդումների առնչությամբ ներկայացրեց առարկությունները։ Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ նշված ինքնակամ շինությունը ամբողջովին կառուցվել է իր վստահորդին պատկանող հողամասի վրա։ Նա հավելեց, որ ոչ ոք իրավունք չունի այլ անձին պատկանող սեփականության տարածքով մուտք գործել իր տուն։ Նաև առարկեց առ այն, որ քաղաքաշինական նորմերի խախտումները վերաբերելի չեն հայցվորին և չեն խախտում նրա իրավունքները, և քանի որ գույքը արդեն օրինականցվել է համայնքապետի որոշմամբ, ուստի, գործը, անհրաժեշտության դեպքում, պետք է քննվի վարչական դատարանում։ Նա առարկեց, որ բերված փորձագիտական եզրակացությունը կատարվել է փորձագետի լիազորագիր չունեցող կազմակերպության կողմից, ուստի բերվածը ոչ թե փորձագիտական եզրակացություն է, այլ մասնագիտական կարծիք։ Նա պնդեց, որ հայցապահանջի դեմ ամբողջությամբ առարկում է։
Հայցվորի ներկայացուցիչը պատասխանողի ներկայացուցչի պնդումների դեմ առարկեց՝ պնդելով, որ նշված փորձագիտությունը կատարած կազմակերպությունն ընդունելի է դատական պրակտիկայում և բազմաթիվ գործերով ներկայացրել է փորձագիտական եզրակացություններ։ Նաև հայտնեց, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տվյալ դեպքում հանդիսանում է համայնքապետարանի անմիջական ղեկավար և հետևաբար, տեսչական մարմնի եզրակացությունը պետք է ուղղորդիչ լիներ համայնքապետի համար, իսկ եզրակացության մեջ նշված է, որ տեսչական մարմինն առաջարկում է վերացնել խախտումները «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն։ Պատասխանողի ներկայացուցիչն առարկեց, քանի որ, ըստ նրա, չկա համապատասխան որոշում, այլ առկա է միայն եզրակացություն։ Միաժամանակ պնդեց, որ այդ հարցը պետք է լուծի համայնքապետարանը, իսկ տեսչական մարմինը միայն իրականացնում է վերահսկողությունը համայնքի կայացրած որոշումների նկատմամբ։
Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 217․1-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին ունի անձնական սահմանափակ սերվիտուտի իրավունք։ Նշված իրավունքը վերաբերում է նաև անցատեղի ապահովմանը, ուստի, անցատեղի մասին վեճը պետք է լուծվեր անձնական սահմանափակ սերվիտուտի մասին պայմանագրի կնքմամբ։
Դատարանը հարցրեց հայցվորի ներկայացուցչին, թե վերջինիս վստահորդի որ իրավունքն է խախտվել և որն է նրա պահանջը։ Հայցվոր կողմը պատասխանեց, որ շինությունը սահմանափակում է հայցվորի մուտքն իր տուն, չի պահպանվել սահմանված 1 մետր հեռավորությունը, և նրանց պահանջն ինքնակամ շինությունը քանդելն է։ Դատարանը հայտնեց, որ բերված եզրակացության մեջ նշված չեն քաղաքաշինական նորմերը, որոնք խախտվել են։ Հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց, որ եզրակացության մեջ բերված է ՀՀ Կառավարության թիվ 912-Ն որոշման 2-րդ կետը, որի ա ենթակետով սահմանվում է, որ գույքը ենթակա չէ օրինականացման, եթե խախտվել են այլ անձանց իրավունքները, և քանի որ, տվյալ պարագայում, նշված շինությանը կից տարածքում այլ անձիք չկան, ուստի, խախտվել է իր վստահորդի իրավունքները։
Պատասխանողի ներկայացուցչի հարցին, թե արդյոք իր վստահորդը կարող էր ցանկապատել իրեն պատկանող հողամասը, հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց, որ չգիտի։ Նա ասաց,որ ցանկապատման համար ևս թույլատվություն է անհրաժեշտ, և եթե հնարավոր լիներ թույլատվություն ստանալը, պատասխանողը օրինական ճանապարհով կկառուցեր շինությունը, սակայն, օրինական ճանապարհով չի գործել, քանի որ իմացել է, որ հայցվորը դեմ է կառուցապատմանը և չի տալու իր համաձայնությունը։
Դատարանը ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հետաձգեց դատական նիստը՝ նոր ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 27-ին, ժամը՝ 16։00-ին։