Կարեն Գրիգորյանի և մյուսների կողմից Վաղարշապատ համայնքի միջոցները վատնելու գործով մշտադիտարկումը (թիվ ԱՐԴ1/0015/01/20 գործով 08․02․2023թ. դատական նիստը)

1151

2023 թվականի փետրվարի 8-ին Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում կայացավ դատական նիստը Կարեն Գրիգորյանի, Նորիկ  Միրզախանյանի, Մուրադ Խաչատրյանի և Արթուր Խաչատրյանի՝ Վաղարշապատ համայնքի միջոցները վատնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։

Դատական նիստը սկսվեց 55 րոպե ուշացումով՝ դատախազի ուշանալու պատճառով։ Դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած կողմերին՝ հանրային մեղադրողին, ամբաստանյալներին և նրանց պաշտպաններին։ Դատարանը ներկայացրեց դատական նիստերի դահլիճում գտնվող ՄԻՄՀ/ISHR/ դիտորդին և ճշտեց կողմերի կարծիքը վերջինիս՝ դատական նիստի ընթացքը լուսանկարահանելու մասին։ Մեղադրանքի կողմը ժամանակ խնդրեց մտածելու համար։ Դատարանը հայտարարեց 5 րոպե ընդմիջում։

Ընդմիջումից հետո կողմերը համաձայնվեցին թույլատրել լուսանկարահանումը։

Դատարանը հայտնեց, որ տուժողի ներկայացուցիչը չի ներկայացել դատարան և ճշտեց կողմերի կարծիքը դատական նիստը շարունակելու նպատակահարմարության մասին։ Կողմերը առաջարկեցին շարունակել դատական նիստը։

Մեղադրանքի կողմը ներկայացրեց ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները։ Այսպես.

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Գրիգորյանը, հանդիսանալով Վաղարշապատ համայանքի ղեկավարը, փաստացի աշխատանքի չներկայացող իր ծանոթներին համայնքապետարանում տարբեր հաստիքների նշանակումը կազմակերպելու միջոցով կազմակերպել է առանձնապես խոշոր չափերի համայնքային միջոցների վատնում։ Կարեն Գրիգորյանին մեղսագրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-րդ և 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցավոր արարք։

Ըստ մեղադրանքի՝ Նորիկ Միրզախանյանը, հանդիսանալով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, կատարելով պաշտոնեական կեղծիք, փաստացի աշխատանքի չներկայացող որոշ անձանց գրանցել է որպես աշխատակից իր ենթակայության տակ գտնվող կառույցում՝  կատարելով  առանձնապես խոշոր չափերի համայնքային միջոցների  վատնում։ Նորիկ Միրզախանյանին մեղսագրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք։

Ըստ մեղադրանքի՝ Մուրադ Խաչատրյանը, հանդիսանալով Վաղարշապատի  համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենը, կատարելով պաշտոնեական կեղծիք, փաստացի աշխատանքի չներկայացող որոշ անձանց գրանցել է որպես աշխատակից իր ենթակայության տակ գտնվող կառույցում՝  կատարելով  առանձնապես խոշոր չափերի համայնքային միջոցների  վատնում։ Նորիկ Միրզախանյանին մեղսագրվում է ՀՀ նախկին քրեկան օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք։

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Խաչատրյանը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպությունում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ամեն տարի ապրիլի 24-ի՝ Մեծ Եղեռնի, դեկտեմբերի 7-ի՝ Սպիտակի երկրաշարժի միջոցառումների և մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության օրվա տոնի առիթներին, Վաղարշապատի համայնքապետարանի կողմից ծաղկեպսակներ գնելու պատվերներ կատարելիս իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի կարիքների համար իրականացվող գնումների շրջանակներում պատվիրել է թվով երկու ծաղկեպսակ, որոնցից մեկը՝ համայնքապետարանի, իսկ մյուսը՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ներկայացնելու համար։ Պատվիրված բոլոր ծաղկեպսակների համար հաշիվը ներկայացվել ու վճարվել է նշված համայանքապետարանի բյուջեից, ինչի հետևանքով Վաղարշապատի համայնքապետարանին պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Արթուր Խաչատրյանին մեղսագրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք։

Մեղադրական եզրակացությունները լսելուց հետո դատարանը ճշտեց ամբաստանյալների դիրքորոշումն իրենց ներկայացված մեղադրանքի առնչությամբ:

Ամբաստանյալ Կարեն Գրիգորյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում մեղսագրվող հանցանքներում։ Նա հավելեց, որ այս շինծու մեղադրանքները անհիմն են, և որ իր ղեկավարման օրոք համայնքապետարանում օրենքի խախտում չի եղել։ Նա նաև հավելեց, որ իրեն վիրավորված է զգում, քանի որ հաճախ իր սեփական միջոցներից է ծախսել համայնքի համար և որ համայնքապետարանում կաշառք չի թույլատրել։ Նա պնդեց, որ այս գործը քաղաքական շինծու գործ է, և որ պետք է արդարությունը հաղթի։

Ամբաստանյալներ Նորիկ Միրզախանյանը,  Մուրադ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը ևս հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում մեղսագրվող հանցանքներում։

Պաշտպանության կողմը հայտարարեց, որ դատախազը խախտել է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածում ամրագրված՝ քաղաքական հայացքներով պայմանավորված խտրականության արգելքի իմպերատիվ պահանջը։ Կողմը համեմատություն կատարեց մեկ այլ նմանատիպ գործի հետ, որին ի պատասխան՝ դատարանը հայտարարեց, որ այլ իրավիճակների հետ համեմատելու իրավունք չունեն։ Պաշտպանության կողմը հայտարարեց, որ Սահմանադրությունը գործում է նաև դատարաններում։

Դատարանը կողմերի հետ քննարկեց ապացույցների հետազոտման կարգը։ Քննարկման արդյունքում ընդունվեց հետևյալ հերթականությունը՝ գրավոր ապացույցների հետազոտում, վկաների հարցաքննություն, ամբաստանյալների հարցաքննություն։

Դատարանը անցավ գրավոր ապացույցների հետազոտմանը։

Դատախազը միջնորդեց դատական նիստի հետաձգման մասին՝ մեկ այլ գործով զբաղվածության պատճառով։ Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը։

Պաշտպանության կողմը միջնորդեց պաշտպանյալներ Խաչատրյանի և Գրիգորյանի անձնագրերի ժամկետի երկարաձգման մասով սահմանափակումների վերացման մասին։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ գործողությունը կատարելու համար տրամադրելով երկշաբաթյա ժամկետ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի փետրվարի 28-ին, ժամը՝ 10։30-ին։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments