Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ն զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն: Բացի այդ, 2020թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
07․02․2023թ. նշանակված էր հերթական դատական նիստը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ դատական նիստով ՄԻՄՀ /ISHR/-ն իրականացնում է 4-րդ դիտարկումը։
Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին՝ հայտնելով նաև լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին: Սակայն, քարտուղարը դատական նիստի բացվելուց հետո դիտորդին չներկայացրեց դատարանին:
Դատական նիստին ներկա էին մեղադրողը, ամբաստանյալը, ամբաստանյալի պաշտպանը, տուժողի իրավահաջորդները։ Դատարան էին ներկայացել նաև գործով անցնող 2 վկա։ Այս դատական նիստին ներկայացած վկաները պատերազմական գործողությունների ժամանակ եղել են ժամկետային զինծառայողներ, ամբաստանյալ Իշխան Վահանյանի ենթակայության տակ։ Պատերազմական գործողությունների ժամանակ վկաները գտնվել են նույն վայրում, որտեղից, ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Իշխան Վահանյանը լքել է մարտադաշտը։
Վկաները դատարանի կողմից պատշաճ ձևով ծանուցվեցին ՀՀ քրեական դատավարության 86-րդ հոդվածում ամրագրած իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Դատարանը սկսեց վկայի հարցաքննությունը, առաջինը հարցեր ուղղեց դատախազը, այնուհետև, պաշտպանական կողմը, և դատարանը։ Հատկանշական է այն հանգամանքը, որ վկան դատարանում խոսում էր կծկտուր՝ հաճախ չհիշելով դեպքի մանրամասները, որոնք կարևոր նշանակություն ունեին գործի քննության համար։
Դատախազը, նախաքննական ցուցմունքի հետ համեմատականներ տանելու համար, հանդես եկավ նախաքննական ցուցմունքը հրապարակելու միջնորդությամբ։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Նախաքննական ցուցմունքի ընթերցումից պարզ դարձավ, որ վկան շատ հարցերում տալիս էր իրարամերժ պատասխաններ, ինչը նոր հարցեր առաջացրեց կողմերի մոտ։ Վկան հավելեց որ պատերազմական գործողությունների ժամանակ ունեցել է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (կանտուզիա), ինչի պատճառով հիմա շատ մանրամասներ դժվարանում է հիշել։ Վկային հարցեր ուղղեցին նաև տուժող կողմի ներկայացուցիչները։ Դատարանը, ավարտելով վկայի հարցաքննությունը, հայտարարեց 30 րոպե ընդմիջում։
Ընդմիջումից անմիջապես հետո, դատարանը սկսեց երկրորդ վկայի հարցաքննությունը։ Վկայի հարցաքննությունը սկսեց դատախազը։ Վկային հարցեր ուղղեցին նաև տուժող կողմի ներկայացուցիչները։ Վկան հարցերին պատասխանում էր հստակ, և վկայի դատավարական ցուցմունքը համընկնում էր նախաքննական ցուցմունքին։ Հատկանշական էր այն հանգամանքը, որ վկայի ցուցմունքը տարբերվում էր նախկինում ցուցմունք տված վկաների ցուցմունքներից․նախորդ նիստերի ժամանակ գործով որպես վկա կանչված, ինչպես նաև նախաքննությունում ներգրավված են եղել նույն գումարտակի սպայական անձնակազմի տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց ցուցմունքները էականորեն տարբերվում էին վկայի ցուցմունքից։ Վերջին վկայի ցուցմունքները կարող են հիմք հանդիսանալ նոր քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Մասնավորապես, վկայի խոսքերից բխում էր այն, որ գումարտակի մյուս սպաները նույնպես դրսևորել են իշխանական անգործություն։ Վկայի հարցաքննությունն ավարտվելուց հետո դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, առանց հարգելի պատճառի դատական նիստին չներկայացած վկաներին բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց:
Նոր դատական նիստ նշանակվեց 16․02․2023 թվականին, ժամը՝ 13:00-ին։