Ապատեղեկատվության ինչ տեսակների են բախվում եվրոպական երկրները ընտրությունների ժամանակ

51

Եվրոպայում ընտրական գործընթացները գնալով ավելի հաճախ են վերածվում ոչ միայն քաղաքական մրցակցության, այլև լայնածավալ տեղեկատվական պայքարի։ Սոցիալական ցանցերի ալգորիթմները, «քնած» օգտահաշիվները, արհեստական բանականությունը և հասարակության մեջ կուտակված վախերը թույլ են տալիս նույնիսկ մեկ իրական պատահարը վերածվել քաղաքական ճգնաժամի։

Մեդիա փորձագետ Յարոսլավ Սլիժևսկու խոսքով՝ «յուրաքանչյուրս ապրում ենք մեր սեփական ինտերնետում», որտեղ կեղծիքը հաճախ ավելի հրապուրիչ է, քան ճշմարտությունը, քանի որ այն բավարարում է մարդկանց հուզական պահանջները։ Սլիժևսկին, լեհ փորձագետ Պավել Նովացկին, ռումինացի փորձագետ Ռեզվան Պետրին և այլ մասնագետներ առանձնացնում են եվրոպական ընտրություններում կիրառվող ազդեցության 5 հիմնական մեխանիզմներ։

  1. Կեղծ ծրագրեր և «սև PR»
  • Գերմանիա․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Կանաչների» կուսակցության դեմ իրականացվել էր համակարգված արշավ։ Ավելի քան 270 մեքենայի արտանետման խողովակներ լցվել էին շինարարական փրփուրով, իսկ վրան փակցվել «Եղեք ավելի կանաչ» պիտակներ՝ վարորդների զայրույթը կուսակցության դեմ ուղղելու համար։ Միաժամանակ տարածվում էին կեղծ փաստաթղթեր, ըստ որոնց «Կանաչները» ծրագրում էին հերթափոխով արգելել մասնավոր մեքենաների երթևեկությունը։
  • Սլովակիա․ Նախագահական ընտրություններում թեկնածու Իվան Կորչոկի դեմ տարածվեց կեղծ պնդում, թե նա պատրաստվում է սլովակ զինվորներ ուղարկել Ուկրաինա (չնայած նախագահը չունի նման լիազորություն)։ Երիտասարդ ընտրողներին քվեարկությունից հեռու պահելու համար էլ առաջարկվում էին Բրյուսել անվճար ուղևորություններ՝ հենց ընտրության օրը երկրից դուրս բերելու նպատակով։
  1. Տեխնոլոգիական մանիպուլյացիաներ և դիփֆեյքեր
  • Գերմանիա․ Լայնորեն տարածվել էր դիփֆեյք տեսանյութ, որտեղ իբր կինը ոչնչացնում էր «Ալտերնատիվ Գերմանիայի» (AfD) քվեաթերթիկները։ Բացի այդ, ռուսական ցանցերը ստեղծել էին Der Spiegel և Die Welt պարբերականները նմանակող կեղծ կայքեր՝ Գերմանիայի տնտեսական «ձախողումների» մասին հոդվածներով։
  • Կիպրոս․com-ում տեխնիկական անհնարինության պատճառով չամրագրվող հյուրանոցի էջը ներկայացվել էր որպես «ապացույց», որ այն գնել է Վլադիմիր Զելենսկին։
  • ԱԻ մարտահրավերը․ փորձագետ Յարոսլավ Սլիժևսկին նշում է, որ արհեստական բանականության զարգացման պատճառով կեղծիքները բացահայտելը կտրուկ դժվարացել է․ եթե նախկինում ԱԻ գեներացրած պատկերները հեշտ էր ճանաչել ակնհայտ սխալներով (օրինակ՝ վեց մատով ձեռքերով), այժմ նման նշանները գրեթե անհետացել են, և չկա մեկ հստակ նշան՝ կեղծիքը նկատելու համար։
  1. Իրական փաստերի մանիպուլյացիա

Լեհաստան․ 2025 թվականի սեպտեմբերին 21 ռուսական անօդաչուի՝ Լեհաստանի օդային տարածք ներխուժումից ժամեր անց «քնած» օգտահաշիվներն ու COVID-19-ի շրջանից մնացած հակապատվաստումային էջերը ակտիվացրեցին #tonienaszawojna («սա մեր պատերազմը չէ») հեշթեգը։ Պավել Նովացկու խոսքով՝ «Նպատակը Ռուսաստանից պատասխանատվությունը հեռացնելն էր, Լեհաստանի պետության և Ուկրաինայի հետ նրա հարաբերությունների նկատմամբ վստահությունը խաթարելը»։ Նա ընդգծում է, որ Լեհաստանը ընդամենը փորձադաշտերից մեկն է այն ավելի լայն կոգնիտիվ արշավում, որը վարվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի արևելյան թևի դեմ։

  • Չեխիա․ Ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանի՝ ռումինական պետական պարգև ստանալու իրական փաստը վերածվեց դավադրության տեսության, թե դա «պարգևատրում» էր Չեխիայում ընտրությունները չեղարկելու համար։
  1. Վախի և ճգնաժամերի շահարկում

Մոլդովա․ Նախագահ Մայա Սանդուի դեմ շրջանառվում էին աբսուրդային լուրեր (օրինակ՝ «երեխաներով առևտուր անելու» կամ «վարդի թեյն արգելելու» մասին)։ Նպատակը ոչ թե բոլորին համոզելն էր, այլ տեղեկատվական քաոս ստեղծելը։

  • Բուլղարիա․ 2024-ի անտառային հրդեհների ժամանակ տարածվում էր նարատիվ. «Բուլղարիան այրվում է, իսկ ՆԱՏՕ-ն քնած է»՝ իրական բնական աղետը ծառայեցնելով հակադաշինքային քարոզչությանը։
  • Վախը որպես զենք․ փորձագետ Յարոսլավ Սլիժևսկին վախն անվանում է ապատեղեկատվության իրական «թագուհի»։ Նրա դիտարկմամբ՝ ապատեղեկատվությունը միշտ միտումնավոր հուզական է, իսկ մարդկանց խաբելը բավականին հեշտ է, մինչդեռ նրանց համոզելը, որ խաբվել են՝ իսկական արվեստ է։
  1. Արհեստական հանրային կարծիք և ալգորիթմներ

Ռումինիա․ փորձագետ Ռեզվան Պետրին պատմում է, որ նախագահական ընտրություններում թեկնածու Քելին Ջորջեսկուի քարոզարշավն առաջ մղելու համար TikTok-ի ալգորիթմներն օգտագործվել էին Telegram-ի ալիքների և հարյուրավոր միկրոինֆլյուենսերների համակարգված աշխատանքով։ Պետրին նկատում է․ «Առցանց արմատականացումը տեղի է ունենում, երբ միջավայրը պատրաստ է․ անհավասարությունը, կոռուպցիան, դժգոհությունը նպաստում են, որ մարդիկ ավելի հակված լինեն ընդունելու արմատական թեզեր»։

  • Չեխիա․ 2025-ի ընտրություններում կիրառվել է «ավտոմատացված ապատեղեկատվություն». արհեստական բանականությունը լրատվական կայքերում գրում էր հազարավոր եզակի մեկնաբանություններ՝ ստեղծելով ծայրահեղական հայացքների «զանգվածային աջակցության» պատրանք։

Լրագրողների մարտահրավերն ու հակազդման մեթոդները

Փորձագետներ Յարոսլավ Սլիժևսկին, Պավել Նովացկին և Ռեզվան Պետրին հորդորում են մեդիային չտրվել ալգորիթմական ճնշմանը․ «Մի փորձեք լինել առաջինը, փորձեք լինել ամենաճշգրիտը»։ Ապատեղեկատվությանը հակազդելու համար փորձագետներն առաջարկում են.

  1. Պրեբանկինգ (Կանխարգելում)․ Նախապես կարճ (մոտ 90 վայրկյանանոց) տեսանյութերով բացատրել մանիպուլյացիոն տեխնիկաները, ինչը 1.5–2 անգամ բարձրացնում է կեղծիքը ճանաչելու ունակությունը։
  2. Դեբանկինգ և «Ճշմարտության սենդվիչ»․ Սլիժևսկու առաջարկած մեթոդով՝ հերքումը պետք է կառուցել հետևյալ կերպ․ սկզբում ներկայացնել փաստը, ապա բացատրել կեղծիքի մեխանիզմը (առանց սուտը վերնագրում կամ լիդում կրկնելու) և վերջում կրկին ընդգծել ճշմարտությունը։
  3. «Սոկրատեսի մեթոդ»․ Երբ բանական փաստարկները չեն ազդում, դիմել ինքնավերլուծությանը՝ հարցնելով ընթերցողին․ «Ի՞նչն է ձեզ համոզել հավատալ այս տեղեկատվությանը» կամ «Ի՞նչ աղբյուրը կարող էր ստիպել փոխել ձեր կարծիքը»։

Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների անվտանգությունը կախված է ոչ միայն պետական ինստիտուտներից, այլև հասարակության՝ տեղեկատվությունը քննադատաբար ընկալելու կարողությունից և լրագրողական սկզբունքներից։

 

Մարինե Խառատյան

 

Նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ

0 0 ձայներ
Article Rating
Բաժանորդագրվել
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted