2026 թվականի հունիսին Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը Եվրամիությանը մեղադրեց Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցին դուրս մղելու փորձի մեջ: Նույն ժամանակահատվածում՝ մայիսի վերջին, շրջանառվում էր մեկ այլ պնդում, թե Բրյուսելը գաղտնի համաձայնել է Հայաստանում վերաբնակեցնել 250,000 մուսուլման միգրանտի։ Երկու պնդումներն էլ կեղծ են։ Սակայն դրանք էականորեն տարբերվում են իրենց բովանդակությամբ և այն մտահոգություններով, որոնց վրա կառուցված են։ Մեկը ԵՄ ինտեգրումը կապում է կրոնական ինքնության և Ռուսաստանի հետ կապերի կորստի հետ, մյուսը՝ միգրացիայի, անվտանգության և ժողովրդագրական փոփոխության հետ։
Այս օրինակները առանձին դեպքեր չեն։ 2025 թվականին Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկից հետո շրջանառվել են առնվազն երեք տարբեր կեղծ նարատիվներ՝ կրոնական, ժողովրդագրական և տնտեսական։ Դրանց տարածման ավելի լայն համատեքստը նույնպես փաստագրված է։ Strategic Dialogue ինստիտուտի (ISD) տվյալներով՝ 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի ապրիլը Հայաստանը եղել է Storm-1516-ի գործունեության շրջանակում ամենաշատ թիրախավորված երկիրը աշխարհում՝ այդ ժամանակահատվածում գրանցված ավելի քան 30 արշավով։
Հայաստանում և արտերկրում գործող փաստերի ստուգման կազմակերպություններն արդեն հերքել են այս պնդումներից յուրաքանչյուրը։ Բայց երբ դրանք դիտարկվում են միասին, տարբերությունն ակնհայտ է․ երեք նարատիվները խոսում են երեք տարբեր վախերի մասին՝ կրոնական ինքնության, ժողովրդագրական փոփոխության և տնտեսական անվտանգության։ Այդ տարբերությունները հարց են առաջացնում՝ արդյո՞ք տարբեր նարատիվները նաև տարբեր լսարանների համար են կառուցված։ Այս հոդվածը երեք դեպքի ուսումնասիրության միջոցով փորձում է բացահայտել այդ թիրախավորման տրամաբանությունը։ Առանձին վերցրած՝ դրանք պարզապես կեղծ պնդումներ են։ Միասին վերցրած՝ դրանք կարող են ցույց տալ ավելի կառուցված մոտեցում՝ ոչ թե մեկ սուտ բոլորի համար, այլ առանձին սուտ՝ ամեն մեկի համար։
Կրոնական նարատիվը. Եվրոպական ուղղությունը որպես ինքնության սպառնալիք
2026 թվականի հունիսի 3-ին, Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններից ընդամենը չորս օր առաջ, Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն տարածեց, որով ԵՄ-ին մեղադրեց Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու դեմ ագրեսիվ գործողությունների մեջ։ Ըստ ԱՀԾ-ի՝ Բրյուսելը Հայաստանի եվրոպական ինտեգրման նախապայման է դարձրել Մոսկվայի հետ «դարավոր կրոնական և հոգևոր կապերի» լիակատար խզումը։ Հայտարարության մեջ նշվում էր, թե 2026թ. ապրիլին Հայաստանում հիմնված ԵՄ գործընկերության առաքելությունը (EUPM) փորձում է Երևան-Հայաստանյան թեմից՝ ՌՈւԵ-ի տեղական կառույցից, խլել եկեղեցական գույքից օգտվելու իրավունքը և արգելափակել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների հետ, առաջին հերթին՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետ։ Որպես ապացույց՝ ԱՀԾ-ն վկայակոչեց երկու հայաստանյան ՀԿ-ների՝ Իրազեկ քաղաքացիների միավորման և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մի հրապարակում, որով, ըստ ԱՀԾ-ի, մեղադրանք էր ներկայացվել Գյումրիում՝ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայում գործող Միքայել Հրեշտակապետի եկեղեցու երեցփոխան Տիմոֆեյ Ղազարյանին՝ խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար։
Պնդումն ինքնին կեղծ է, և սա հաստատված է ոչ թե պարզապես հակասող կարծիքով, այլ կոնկրետ իրավական հիմքով։ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները կարգավորող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (CEPA) չկա որևէ դրույթ, որը Հայաստանի եվրոպական ինտեգրումը պայմանավորում է Ռուսաստանի հետ կրոնական կամ հոգևոր կապերի խզմամբ, որևէ եկեղեցու գործունեության սահմանափակմամբ կամ կրոնական պատկանելության փոփոխությամբ։ Նույն եզրակացությանն է հանգել նաև EUvsDisinfo-ն՝ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պնդումը դասակարգելով որպես ապատեղեկատվություն։ EUvsDisinfo-ն նաև ընդգծել է, որ ռուսական հետախուզական ծառայությունների պնդումներն ինքնին չեն կարող դիտարկվել որպես ապացույց՝ հաշվի առնելով դրանց նախկին չհիմնավորված հայտարարությունների պատմությունը։ Ըստ նույն աղբյուրի՝ պնդումն այնուհետև տարածվել է TASS-ի և մի շարք հայաստանյան լրատվամիջոցների միջոցով: Ավելի լայն համատեքստում EUvsDisinfo-ն այս նարատիվը դիտարկում է Հայաստանի ընտրություններից առաջ Ռուսաստանի կողմից իրականացված տեղեկատվական ազդեցության գործողության շրջանակում՝ նշելով, որ դրա նպատակը Հայաստանի եվրոպական ուղին կրոնի, ինքնության և ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիք ներկայացնելն էր։
Սակայն այս նարատիվի մեխանիզմը միայն կեղծ պնդման տարածման մեջ չէ։ ԱՀԾ-ի հայտարարության անմիջական թիրախը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևան-Հայաստանյան թեմն է՝ Հայաստանում գործող կոնկրետ կրոնական կառույց։ Հայ Առաքելական Եկեղեցին հայտարարության մեջ հիշատակվում է որպես այն կառույցը, որի հետ ՌՈւԵ-ի երկխոսությունը, ըստ ԱՀԾ-ի, փորձում են սահմանափակել։ Սակայն այս երկու կառույցների հարաբերություններին վերաբերող կոնկրետ պնդումը ներկայացվում է ավելի լայն շրջանակում՝ որպես Հայաստանի «դարավոր կրոնական և հոգևոր կապերի» խզման և, հետևաբար, եվրոպական ինտեգրման հետևանք։
Այս շրջանակավորումը փոխում է պնդման նշանակությունը։ Ռուս Ուղղափառ Եկեղեցու կոնկրետ կառույցին վերաբերող հարցը վերածվում է Հայաստանի կրոնական և ազգային ինքնության նկատմամբ սպառնալիքի մասին պատմության։ Այսպիսով, եվրոպական ինտեգրումը ներկայացվում է ոչ միայն որպես արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխություն, այլ որպես գործընթաց, որը կարող է խաթարել Հայաստանի համար խորհրդանշական նշանակություն ունեցող կրոնական կապերն ու ինքնությունը։
Միգրացիոն նարատիվը․ եվրոպական ուղղությունը որպես միգրացիոն սպառնալիք
2026 թվականի մայիսի 4-5-ին Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդեց ԵՄ-Հայաստան առաջին երբևէ երկկողմ գագաթնաժողովը։ Արդյունքում ընդունվեց մեկ, 44 կետից բաղկացած համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը վերաբերում է էներգետիկային, տրանսպորտին, թվայնացմանը, անվտանգությանը, առևտրին։ Միգրացիայի հարցին վերաբերող միակ կետը (24-րդը) նշում է Հայաստանի և Եվրոպոլի, Եվրոջասթի, Ֆրոնթեքսի միջև համագործակցության ամրապնդման մասին՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։ Միգրանտների ընդունման կամ վերաբնակեցման մասին որևէ դրույթ 44 կետերից և ոչ մեկում նշված չէ։
Երեք շաբաթ անց, մայիսի 28-ին, X հարթակում հայտնվեց մի կարճ տեսանյութ՝ ամերիկահայ հեղինակավոր «Armenian Mirror-Spectator» թերթի լոգոյով։ Ըստ դրա՝ գագաթնաժողովի կուլիսներում ստորագրվել է մեկ այլ, գաղտնի փաստաթուղթ՝ «Երևանի գործընկերության համաձայնագիր միգրացիայի հարցում», որով Հայաստանը համաձայնվել է ընդունել մինչև 250,000 Սիրիայից, Իրաքից, Ավղանստանից և Պակիստանից ներգաղթած մուսուլման միգրանտի, ներառյալ եվրոպական բանտերում պատիժ կրող անձանց։ Lead Stories-ի ստուգումը ցույց տվեց, որ լոգոն պարզապես կպցված էր արդեն գոյություն ունեցող տեսանյութի վրա, իսկ թերթը երբեք նման նյութ չի հրապարակել։
FIP.am-ի հետաքննությունը հնարավորություն տվեց վերականգնել նաև այս պատմության սկզբնաղբյուրն ու տարածման շղթան։ Տեսանյութի հիմքում ընկած հոդվածը հրապարակվել էր թուրքական Ulusal կայքում՝ Aziz Yerganian անունով։ Կայքը կապված է թուրք ազգայնական «Վաթան» կուսակցության և դրա առաջնորդ Դողու Փերինչեկի հետ, որը հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտողական դիրքորոշմամբ։ FIP.am-ը չգտավ այդ անունով հեղինակի որևէ նախկին հրապարակում, իսկ Aziz Yerganian-ի պրոֆիլի լուսանկարը նույնականացվել էր որպես արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր։ Այսինքն՝ հրապարակման հեղինակին ներկայացնող առցանց ինքնությունը նույնպես կեղծ էր։
Սա Ulusal-ի կողմից Հայաստանի վերաբերյալ նմանատիպ կեղծ նյութի հրապարակման արդեն երկրորդ դեպքն էր։ Մի քանի ամիս առաջ նույն կայքում հայտնվել էր Հայաստանի մասին մեկ այլ կեղծ պատմություն՝ «Իսլամը պաշտպանող» օրինագծի վերաբերյալ, որը նույնպես ներկայացվել էր գոյություն չունեցող, հայկական ազգանունով հեղինակի անունից։
Այնուհետև պատմությունը սկսեց տարածվել ավելի լայն ցանցով։ FIP.am-ի տվյալներով՝ մայիսի 28-ից այն տարածվել էր Storm-1516-ի հետ կապվող շուրջ 20 X հաշիվների միջոցով։ Նույն ժամանակահատվածում նույն պնդումը, գրեթե նույն ձևակերպումներով, հայտնվեց նաև Pravda EU-ում և Pravda Turkey-ում։ Արդյունքում նույն կեղծ պատմությունը հայտնվում էր տարբեր հարթակներում՝ ստեղծելով միմյանցից անկախ աղբյուրների կողմից հաստատված լինելու տպավորություն։
Սակայն միայն կեղծ է արձանագրելը չի բացատրում, թե ինչու է պատմությունը կառուցված հենց այս կերպ։ 250,000 թիվը պնդմանը տալիս է կոնկրետ և պաշտոնական թվի տպավորություն, իսկ «մուսուլման միգրանտներ», «առանց կարգավիճակի» և կոնկրետ երկրների հիշատակումները այն կապում են միգրացիայի, անվտանգության և ժողովրդագրական փոփոխության մասին մտահոգությունների հետ։ Այսպիսով, կեղծ պնդումը կառուցված է ոչ միայն գոյություն չունեցող փաստաթղթի, այլև մի քանի փոխկապակցված վախերի շուրջ։
Պատմության տարածման մեխանիզմն էլ նույնքան կարևոր է։ Իրական դիվանագիտական իրադարձությունը այստեղ ծառայում է որպես իրականության հետ կապող հիմք, դրան ավելացվում է գոյություն չունեցող, սակայն պաշտոնական հնչողությամբ ներկայացված համաձայնագիր, այնուհետև օգտագործվում է իրական լրատվամիջոցի կեղծված լոգոն, իսկ հետագայում պատմությունը տարածվում է բազմաթիվ հաշիվների և կայքերի միջոցով։ Արդյունքում ստեղծվում է ոչ թե մեկ աղբյուրի վրա հիմնված պնդման, այլ տարբեր աղբյուրներով շրջանառվող տեղեկության տպավորություն։
Թիրախավորման տեսանկյունից այստեղ նույնպես նկատելի է տարբերություն նախորդ նարատիվի նկատմամբ։ Եթե կրոնական նարատիվը սպառնալիքը կառուցում էր կրոնական և ազգային ինքնության շուրջ, ապա այս դեպքում առանցքային են միգրացիան, անվտանգությունը և ժողովրդագրական փոփոխությունը։ Այսպիսով, փոխվում է ոչ թե նպատակը, այլ այն վախը, որի միջոցով այն ներկայացվում է։
Բաժին 3. Տնտեսական նարատիվը. Եվրոպական ուղղությունը կփլուզի արտահանման 80%-ը
2026 թվականի հունիսի 1-ին, խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ, Pravda Armenia կայքը հրապարակեց հայտարարություն, ըստ որի՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում երկրի արտահանումը կնվազի 80%-ով։
Պաշտոնական վիճակագրությունը նման պատկերի մասին չի վկայում։ Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների, որոնք վերլուծել է Hetq-ը, 2025 թվականին Հայաստանի արտահանման ընդամենը 38.4%-ն է ուղղվել ԵԱՏՄ երկրներ, 7.9%-ը՝ ԵՄ, մնացածը՝ այլ շուկաներ, հիմնականում ԱՄԷ (հիմնականում ոսկու վերաարտահանման միջոցով)։ Հետևաբար, նույնիսկ ԵԱՏՄ շուկան ամբողջությամբ կորցնելու առավել ծայրահեղ սցենարի դեպքում խոսքը չէր կարող վերաբերել ընդհանուր արտահանման 80%-ին։
Այստեղ, սակայն, ավելի հետաքրքիր է ոչ միայն սխալ թիվը, այլ դրա ծագումը։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել էր, որ Հայաստանի արտահանման ավելի քան 80%-ը պարենային, գյուղատնտեսական և ալկոհոլային ապրանքներ են, որոնք գնում են ԵԱՏՄ երկրներ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն առանձին տվեց ավելի կոնկրետ, բայց տարբեր թվեր՝ Հայաստանի գյուղմթերքի արտահանման 98%-ը և ալկոհոլային խմիչքների արտահանման 78%-ը գնում է հենց Ռուսաստան։ Երկու դեպքում էլ խոսքը մեկ, կոնկրետ ապրանքային կատեգորիայի մասին է, ոչ թե Հայաստանի ամբողջ արտահանման մասին։
Այս թվերը վերաբերում են առանձին ապրանքային խմբերի կամ դրանց շուկաների, ոչ թե Հայաստանի ամբողջ արտահանմանը։ Pravda Armenia-ի հրապարակման մեջ այդ տարբերությունը վերանում է․ կատեգորիա-կոնկրետ ցուցանիշը ներկայացվում է որպես Հայաստանի ընդհանուր արտահանման ցուցանիշ։
Նույն մեխանիզմը նկատելի է նաև մեկ այլ հրապարակման դեպքում։ Բելառուսի պետական News.by-ն պնդել էր, որ Հայաստանի պատրաստի արտադրանքի արտահանման մինչև 90%-ը կլանվում է ԵԱՏՄ շուկայի կողմից։ InvestigateBel-ի ստուգմամբ՝ իրական ցուցանիշը մոտ 40% էր։ Այս երկու օրինակներում թվերը տարբեր են, բայց աղավաղման տրամաբանությունը նույնն է։ Առանձին ապրանքային կատեգորիաների կամ շուկաների վերաբերյալ բարձր ցուցանիշները ներկայացվում են որպես Հայաստանի ընդհանուր արտահանման կախվածության չափ։
Հենց այստեղ է այս նարատիվի քաղաքական նշանակությունը։ Հայաստանի և ԵԱՏՄ շուկաների միջև առևտրային կապը իրական է և նշանակալի։ 2025 թվականին Հայաստանի արտահանման 38.4%-ն ուղղվել է ԵԱՏՄ երկրներ, ուստի այդ շուկաների հնարավոր կորուստը Հայաստանի տնտեսության համար անտեսանելի կամ աննշան հետևանք չէր ունենա։ Սակայն այդ իրական տնտեսական կապը չի հիմնավորում այն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կփլուզի Հայաստանի արտահանման 80%-ը։ Այստեղ իրական փաստը՝ զգալի առևտրային կապը, ընդլայնվում և վերաձևակերպվում է որպես գրեթե ամբողջական կախվածություն։ Այսպիսով, ինչպես նախորդ երկու դեպքերում, Հայաստանի եվրոպական ուղղությունը ներկայացվում է որպես կորստի աղբյուր, բայց այս անգամ՝ տնտեսական անվտանգության և արտահանման սպառնալիքի շրջանակում։
Եզրակացություն
Երեք դեպքերը միասին դիտարկելիս առավել տեսանելի է դառնում ոչ թե մեկ ընդհանուր սուտը, այլ դրա կառուցման տարբեր ձևերը։ Կրոնական նարատիվը օգտագործում է իրական կրոնական և ազգային կապերի շուրջ զգայունությունը, միգրացիոնը՝ իրական միջազգային միգրացիոն ճգնաժամերի մասին ձևավորված մտահոգությունները, իսկ տնտեսականը՝ Հայաստանի և ԵԱՏՄ շուկաների միջև իրական առևտրային կապը։ Երեք դեպքում էլ ապատեղեկատվությունը զրոյից չի ստեղծում իր հիմքը։ Այն վերցնում է իրական փաստ կամ քաղաքական գործընթաց և փոխում դրա մասշտաբը, իմաստը կամ հնարավոր հետևանքը։
Այս տարբերությունները կարևոր են նաև թիրախավորման տրամաբանությունը հասկանալու համար։ Երեք նարատիվները Հայաստանի եվրոպական ուղղությունը ներկայացնում են որպես տարբեր տեսակի կորուստ։ Մեկը՝ կրոնական և ազգային ինքնության, մյուսը՝ ժողովրդագրական փոփոխության և անվտանգության, երրորդը՝ տնտեսական կայունության։ Թեև այս դեպքերը ինքնին չեն թույլ տալիս պնդել, որ յուրաքանչյուր նարատիվ մշակվել է հստակ սահմանված լսարանի համար, դրանց համադրությունը ցույց է տալիս, որ նույն քաղաքական գործընթացը կարող է ներկայացվել տարբեր վախերի միջոցով՝ կախված այն մտահոգությունից, որի վրա կառուցվում է նարատիվը։
Այսպիսով, խնդիրը միայն կեղծ պնդումները բացահայտելը չէ, այլ հասկանալը, թե ինչ իրական մտահոգություն է յուրաքանչյուր կեղծիքի հիմքում և ինչ վախի միջոցով է այն ներկայացվում։
Հռիփսիմե Հովհաննիսյան
Նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ






