Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին մշտադիտարկումը (Թիվ ՀԿԴ/0110/02/22 գործով 23․03․2023թ. դատական նիստը)

1286

2023 թվականի մարտի 23-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում կայացավ դատական նիստը՝ ըստ դիմումի ՀՀ դատախազության ընդդեմ Տարոն Մարգարյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատարան ներկայացած կողմերին։ Ըստ դատարանի՝ պատասխանող կողմի բոլոր ներկայացուցիչները պատշաճ ծանուցվել էին դատական նիստի մասին, սակայն, ներկայացել էր ներկայացուցիչներից միայն մեկը։ Դատարանը ճշտեց կողմերի դիրքորոշումը դատական նիստը մնացած ներկայացուցիչների բացակայությամբ շարունակելու մասին։ Պատասխանող կողմն առաջարկեց նախ՝ քննարկել պատշաճ ծանուցման հարցը, քանի որ, ըստ նրա, դատարանը պատշաճ չի ծանուցել պատասխանող կողմի ներկայացուցիչներին, իսկ ուղարկված ծանուցումները հետ են վերադարձվել դատարան։ Դատարանը պատասխանեց, որ ծանուցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերին համապատասխան, իսկ վերոնշյալ նորմերը սահմանում են միայն փոստային տարբերակով պարտադիր ծանուցում, իսկ էլեկտրոնային ծանուցումը պարտադիր չէ։ Դատարանը հրաժարվեց քննարկել պատշաճ ծանուցման հարցը։

Դատարանը հարցրեց պատասխանող կողմին, թե, արդյոք, կան հարցեր կապված հայցի հիմքի ու առարկայի հետ։ Պատասխանող կողմը պատասխանց, որ հարցեր կան, բայց, կա անհրաժեշտություն նախ և առաջ պարզաբանելու նախորդ նիստին գրավոր ձևով ներկայացված միջնորդության մերժման հիմքերը, քանի որ դատարանը միջնորդությունը մերժել է «ողջամիտ ջանասիրություն գործադրելու» պատճառաբանությամբ, մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նման եզրույթ չկա։ Դատարանը հայտարարեց, որ չի քննարկելու նախորդ դատական նիստում կայացրած որոշումները և արգելեց պաշտպանին շարունակել ելույթը՝ առաջարկելով հայցի հիմքի և առարկայի մասով հարցեր հղել հայցվոր կողմին։

Պատասխանող կողմը հայտարարեց, որ նման պայմաններում առկա են հիմքեր դատարանին բացարկ հայտնելու համար և միջնորդություն ներկայացրեց՝ բացարկի միջորդությունը կազմելու համար ժամանակ տրամադրելու մասին։ Դատարանը հայցվոր կողմի հետ քննարկեց միջնորդության հարցը։ Վերջինիս հայտնած կարծիքի մասին պատասխանող կողմը ցանկացավ դիրքորոշում հայտնել, սակայն, դատարանը թույլ չտվեց շարունակել ելույթը։ Ներկայացուցիչը չենթարկվեց դատարանի պահանջին և շարունակեց իր խոսքը՝ երբեմն դատարանի հետ զուգահեռ խոսելով։ Դատարանը որոշեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի նորմերի համաձայն՝ փաստաբան Մուշեղ Առաքելյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողություն։ Դատարանը նաև մերժեց բացարկի միջնորդություն կազմելու համար ժամանակ տրամադրելու միջնորդությունը։ Պատասխանող կողմը ցանկանում էր կարծիք հայտնել դատավորի գործողությունների վերաբերյալ, սակայն, դատարանն արգելեց շարունակել ելույթը։

Հարկ է նշել,որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձիք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձիք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն հարցեր տալ դատավարության մասնակիցներին, գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ: Նաիտ Լիման ընդդեմ Շվեցարիայի և Բելեսը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության (Naït-Liman-ն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ], 2018, § 112, Běleš-ը -ը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, 2002, § 49) գործերով ՄԻԵԴ նախադեպային որոշումների համաձայն՝ արդար դատաքննության իրավունքը պահանջում է, որ կողմերն օգտվեն արդյունավետ դատական միջոցներից, որոնք թույլ կտան հաստատել իրենց քաղաքացիական իրավունքները։

Պատասխանող կողմը դատավորի բացարկի բանավոր միջնորդություն ներկայացրեց, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բացարկի միջնորդությունը ներկայացվում է միայն գրավոր ձևով։ Դատարանը միջնորդությունը թողեց առանց քննարկման նույն օրենսգրքի 152-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով։ Պատասխանող կողմը պահանջեց դատարանից տրամադրել դատարանի որոշումների գրավոր տարբերակները։ Դատարանը որևէ կերպ չարձագանքեց այս հարցին։

Այս մասով Դոնաձեն ընդդեմ Վրաստանի (Donadze-ն ընդդեմ Վրաստանի, 2006, § 35) գործով ՄԻԵԴ նախադեպային որոշումը սահմանում է, որ վարույթի կողմերն իրավունք ունեն ներկայացնելու դիտարկումներ, որոնք կարող են առնչվել իրենց գործին։ Այս իրավունքը կարող է համարվել արդյունավետ, միայն եթե այդ դիտարկումները փաստացի «լսված են», այն է՝ պատշաճ կերպով հաշվի են առնված Դատարանի կողմից։

Պատասխանող կողմը ներկայացրեց միջնորդություն՝ Կարինե Մարգարյանի մասով քաղաքացիական վարույթը կարճելու մասին։ Մոտ 40 րոպե ուշացումով դատարան ներկայացավ պատասխանող կողմի մյուս փաստաբանը։ Վերջինիս կողմից անհրաժեշտ փաստաթղթերը դատարանին ներկայացվելուց հետո միջնորդության ներկայացումը շարունակվեց։ Միջնորդության ներկայացումից հետո դատարանը ճշտեց կողմերի կարծիքները։ Պատասխանող կողմի նոր ժամանած փաստաբանը ժամանակ խնդրեց միջնորդության մասին դիրքորոշում հայտնելու համար։ Միաժամանակ, պատասխանող կողմի մյուս փաստաբանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ՝ մեկ այլ դատարանում քննվող գործին մասնակցելու համար։ Դատարանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում։

Ընդմիջման ավարտից հետո պատասխանող կողմի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց՝ դատական նիստը հետաձգելու մասին, որպեսզի իր գործընկերոջ ներկայացրած միջնորդությունը քննարկի իր վստահորդի՝ Տարոն Մարգարյանի հետ։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ այն համարելով անհիմն։

Դատարանը նաև մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ քաղաքացիական վարույթը Կարինե Մարգարյանի մասով կարճելու մասին, և դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը՝ դրանք ևս համարելով անհիմն։ Ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց՝ 10 րոպե ընդմիջում հայտարարելու մասին, որպեսզի մյուս դատարանի աշխատակազմի հետ կապ հաստատեր։ Դատարանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում։

Ընդմիջման ավարտից հետո պատասխանող կողմի ներկայացուցիչը ցանկացավ անդրադառնալ դատարանի կայացրած որոշմանը, սակայն, դատարանը թույլ չտվեց։ Պատասխանող կողմը ևս մեկ անգամ ներկայացրեց դատավորի բացարկի միջնորդություն՝ այս անգամ գրավոր։ Դատարանը միջնորդությունը թողեց առանց քննարկման՝ առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթով։

Պատասխանող կողմը ներկայացրեց միջնորդություն՝ գործն առանձնացված վարույթով քննելու և արագացված դատավարություն կիրառելու մասին։ Դատարանը միջնորդությունը համարեց անհիմն և մերժեց։

Պատասխանող կողմի ներկայացուցիչը հարցրեց դատարանին, թե նախորդ դատական նիստն ինչպես է տեղի ունեցել իր բացակայությամբ, եթե ինքը պատշաճ ծանուցված չի եղել նախորդ դատական նիստի մասին։ Դատարանը հրաժարվեց քննարկել այդ հարցը՝ առաջարկելով ներկայացուցչին ծանոթանալ գործի նյութերին։

Պատասխանող կողմի ներկայացուցիչը միջնորդեց, որ հայցվոր կողմը ներկայացնի հայցի հիմքն ու առարկան, որից հետո նա կտա իր հարցերը։ Միջնորդությունն անտեսվեց դատարանի կողմից։ Դատարանը թույլ չտվեց ներկայացուցչին շարունակել խոսքը և հայտարարություն կատարել դատարանի գործողությունների մասին։

Ապա ներկայացուցիչը ներկայացրեց միջնորդություն՝ դատական նիստը հետաձգելու մասին՝ գործի նյութերին ծանոթանալու համար, քանի որ իր՝ ոչ պատշաճ ծանուցվել ու հանգամանքը հավաստվելու դեպքում դատավորին բացարկ հայտնելու հիմքեր կառաջանան։ Դատավարության բոլոր կողմերը դրական արձագանքեցին միջնորդությանը։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ այն համարելով անհիմն։

Պատասխանող կողմի ներկայացուցիչը ներկայացրեց միջնորդություն՝ դատավորին բացարկ ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու և դատական նիստը հետաձգելու մասին։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ այն համարելով անհիմն և միաժամանակ արձանագրելով, որ պատասխանող կողմի գործողությունները ուղղված են դատական նիստի խափանմանը և գործի քննության ձգձգմանը։ Ներկայացուցիչը փորձեց արձագանքել, սակայն, դատարանն արգելեց շարունակել ելույթը։

Դատարանը հայտարարեց դատավարության հաջորդ փուլին անցնելու մասին՝ զրկելով պատասխանող կողմին հայցի հիմքի և առարկայի մասին հայցվորին հարցեր հղելու հնարավորությունից՝ հիմնավորելով, որ պատասխանող կողմը հրաժարվում է հղել հարցերը, մինչդեռ պատասխանող կողմի ներկայացուցիչները բազմիցս նշել էին, որ ունեն հարցեր՝ կապված հայցի հիմքի և առարկայի հետ։ Սա ակնհայտորեն ստեղծում է դատարանի կողմնակալության մասին տպավորություն, քանի որ պատասխանող կողմի իրավունքները փաստացի սահմանափակվեցին դատարանի գործողությունների արդյունքում։

Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի նորմերը սահմանում են, որ դատավարությունը պետք է ընթանա դատարանի և օրենքի առաջ գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա։ Դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով: Օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝          քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար:

Դենիսովն ընդդեմ Ուկրաինայի (Denisov-ն ընդդեմ Ուկրաինայի [ՄՊ], 2018, §§ 60-65) գործով ՄԻԵԴ նախադեպային վճռի համաձայն՝ դատարանը պետք է լինի անկողմնակալ։

Կրեսսն ընդդեմ Ֆրանսիայի, Ռեգներն ընդդեմ Չեխիայի Հանրապետության և Դոմբո Բեհեերն Բ․Վ․-ն ընդդեմ Նիդերլանդների (Kress-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], 2001, § 72, Regner-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ],2017, § 146, Dombo Beheer B.V.-ն ընդդեմ Նիդերլանդների, 1993, § 33) գործերով ՄԻԵԴ նախադեպային վճիռների համաձայն՝ կողմերի հավասարությունը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործը, ներառյալ՝ իր ապացույցները այնպիսի հիմքերով, որոնք չեն դնում իրեն էապես վատթար պայմանների մեջ՝ ի համեմատություն հակառակորդ կողմի։

Միկալեֆն ընդդեմ Մալթայի և Ստոյմենովիչը և Միլոշևիչը ընդդեմ Հյուսիսային Մակեդոնիայի (Micallef-ն ընդդեմ Մալթայի, [ՄՊ], 2009, § 98; Stoimenovikj-ը և Miloshevikj-ն ընդդեմ Հյուսիսային Մակեդոնիայի, 2021, § 40) գործերով ՄԻԵԴ նախադեպային վճիռներում դատարանն ընդգծել է, որ արտաքին դրսևորումները կարող են չափազանց կարևոր լինել կամ, այլ կերպ ասած, «արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև տեսնել, որ այն իրականացվել է»։ Կարևոր է վստահությունը, որը ժողովրդավարական երկրում պետք է տածի հասարակությունը։ Այսպիսով, ցանկացած դատավոր, որի անկողմնակալության առնչությամբ կա հիմնավոր կասկած, պետք է հեռացվի։

Պատասխանող կողմն արձանագրեց, որ խախտվել են իր իրավունքները, և հրաժարվեցին հաջորդող դատավարական գործողություններին մասնակցել։ Պատասխանող կողմը ևս մեկ անգամ փորձեց իրացնել իր դատավարական իրավունքները և հայցի հիմքի և առարկայի մասին հարցեր հղել հայցվորին, սակայն, դատարանը արգելեց, նշելով որ դատավարության այդ փուլն արդեն անցել է։ Պատասխանող կողմը չներկայացրեց հայցադիմումի պատասխանները։

Դատարանը հայտարարեց, որ առկա է նաև հայցադիմումի պատասխան Սուսաննա Մարգարյանի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանի կողմից։ Դատարանը ճշտեց կողմերի դիրքորոշումը՝ ներկայացված պատասխանի հետ կապված։ Պատասխանող կողմը հայտարարեց, որ իր կողմից չի ստացվել նման փաստաթուղթ։ Դատարանը հայտարարեց, որ իրականացվել է պատշաճ ծանուցում, որի մասին առկա են փոստային անդորրագրեր։ Ներկայացուցիչը խնդրեց հրապարակել ծանուցման հասցեն իր մասով։ Դատարանն  առաջարկեց ինքնուրույն ծանոթանալ անդորրագրերին և տրամադրեց գործը ներկայացուցչին։ Դիտելով անդորագրերը՝ ներկայացուցիչը հայտարարեց, որ իր հասցեն նշված չէ բերված անդորագրերից ոչ մեկի մեջ։ Դատարանը հայտարարեց, որ ծանուցվել են  վստահորդները և նրանք պետք է փոխանցեին փաստաթուղթը իրենց ներկայացուցիչներին։

Հարկ է նշել,որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացուցիչները ծանուցվում են միայն այն դեպքում, երբ առկա է նման նշում գործին մասնակցող անձի՝ իր ներկայացուցչին տրված լիազորագրում։

Դիլիփակը և Կարակայան ընդդեմ Թուրքիայի (Dilipak and Karakaya-ն ընդդեմ Թուրքիայի, 2014, §§ 85-88) գործով ՄԻԵԴ նախադեպային վճռի համաձայն՝ դիմումատուները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու իրենց դեմ իրականացվող քննությանը և պաշտպանելու իրենց շահերը։ Հետևաբար, իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր քննության մասին նրանց տեղեկացնելու համար։

Պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց փաստաթղթին ծանոթանալու նպատակով ժամանակ տրամադրելու մասին։ Դատարանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում։

Ընդմիջման ավարտից հետո պատասխանող կողմը հայտարարեց, որ ժամանակը բավարար չէր նյութին ծանոթանալու համար և էլի ժամանակ խնդրեց։ Դատարանը հայտարարեց ևս 15 րոպե ընդմիջում։

Հերթական ընդմիջման ավարտից հետո պատասխանող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը հայցադիմումի պատասխանի մասին։ Միաժամանակ, հայցադիմումում նշավծ հանգամանքերի առնչությամբ տեղի ունեցավ հարց-պատասխան պատասխանողի և հայցվորի  ներկայացուցիչների միջև, որից հետո պատասխանող կողմը ցանկացավ ևս մեկ անգամ անդրադառնալ հայցվոր կողմի պատասխանին։ Դատարանը պատասխանող կողմին տվեց մեկ ելույթի հնարավորություն։ Պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց պարզաբանել, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ո՞ր հոդվածով է առաջնորդվում դատարանը նման որոշում կայացնելիս։ Դատարանը մեջբերեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածը, ըստ որի՝ դատական նիստը նախագահողը ղեկավարում է դատական նիստը` մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ և դատական նիստը նախագահողն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում դատական նիստում պատշաճ կարգ ապահովելու համար: Պատասխանողի ներկայացուցիչը հրաժարվեց ելույթի իր իրավունքից։

Պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց՝ հայցադիմումի պատասխանին գրավոր պատասխանելու համար ժամանակ տրամադրելու մասին։ Դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության՝ պատճառաբանելով, որ պատասխանող կողմին արդեն ժամանակ տրամադրել է պատասխանի մասին դիրքորոշում հայտնելու համար, ուստի միջնորդության հիմքը նույնն է։

Դատարանը հայտարարեց, որ քանի որ պատասխանող կողմը դիրքորոշում չի հայտնում, դատարանը անցնում է դատավարության հաջորդ փուլին՝ դատավարության մասնակիցների կազմը պարզելուն և գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը լուծելուն։

Հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ վերջինիս  ծանուցելու մասին։ Դատարանը, լսելով պատասխանող կողմի դիրքորոշումը, բավարարեց միջնորդությունը։

Դատարանը հայտարարեց դատավարության հաջորդ գործողությանը՝ վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը պարզելուն անցնելու մասին։ Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց իր դիրքորոշումը։ Պատասխանող կողմը խնդրեց դատարանին պարզաբանել, թե դատավարության նոր մասնակից ներգրավվելու հնարավորության դեպքում որքանով է իրավաչափ դատավարության նոր փուլին անցնելը։ Դատարանը հղում կատարեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածին, որի 6-րդ մասի համաձայն՝  վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին։

Պատասխանող կողմը դիրքորոշում չհայտնեց վիճելի իրավահարաբերության բնույթի, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերի մասին։

Դատարանը քննարկեց ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը։ Կողմերը դիրքորոշում չհայտնեցին։

Դատարանը հարցեց, թե հայցվոր կողմը պնդում է իր պահանջը ամբողջովին։ Հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց, որ պնդում է, իսկ պատասխանող կողմը հայտնեց, որ ամբողջովին առարկում է։

Դատարանը քննարկեց հաշտության բանակցությունների հարցը։ Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ չի բացառում այդ հնարավորությունը, սակայն, այս պահին բանակցություններ չկան։ Պատասխանող կողմը ևս չբացառեց հաշտության բանակցություններին դիմելու հնարավորությունը։ Պատասխանողի ներկայացուցիչը վկայակոչեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, որի 18-րդ հոդվածը սահմանում է, որ իրավասու մարմինը պետք է հանդես գա հաշտության համաձայնության մասին նախաձեռնությամբ, ինչը դեռ չի եղել։ Պատասխանող կողմը հայտնեց, որ հարցը պետք է քննարկվի վստահորդների հետ։

Դատարանը քննարկեց գործը հաշտարարության միջոցով լուծելու հարցը։ Կողմերը ավելի նպատակահարմար գտան հաշտության համաձայնությամբ հարցը լուծելու հնարավորությունը։

Դատարանը հայտարարեց, որ քննարկման ենթակա հաջորդ հարցը ապացույցների շրջանակը պարզելու հարցն է, որը ծավալուն է, և քանի որ աշխատանքային օրը մոտենում է ավարտին, դատական նիստը պետք է հետաձգվի։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի ապրիլի 25-ին, ժամը՝ 16։00-ին։

Հարկ է ընդգծել, որ նիստը նախագահող դատավորը ժամանակ առ ժամանակ սահմանափակում էր պատասխանող կողմի օրինական իրավունքները։

Օրինակ՝ դատարանը կատարում էր գործողություններ, որոնք հակասում էին Նեջետ Սահին և Պերիհան Սահին ընդդեմ Թուրքիայի   (Nejdet Şahin and Perihan Şahin-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], 2011, §§ 81-83 և 86) գործով ՄԻԵԴ նախադեպային վճռի դիրքորոշմանը, ըստ որի՝ արդար դատաքննության գաղափարը ներառում է մրցակցային դատավարության հիմնարար իրավունքը և դա սերտորեն կապված է կողմերի հավասարության սկզբունքի հետ:

Եթե անգամ հիմք ընդունենք, որ գործի քննությունը շտապ էր,Նիդերուստ-Հուբերն ընդդեմ Շվեցարիայի (Nideröst-Huber-ն ընդդեմ Շվեյցարիայի, 1997, § 30) գործով ՄԻԵԴ վճռի համաձայն՝ ժամանակ խնայելու և քննություններն արագացնելու ձգտումը չի արդարացնում մրցակցային դատավարության հիմնարար սկզբունքի անտեսումը։  Նույն դիրքորոշումն է ձևավորվել Պիսկին ընդդեմ Թուրքիայի (Pişkin-ն ընդդեմ Թուրքիայի, 2020, § 153) գործով ՄԻԵԴ վճռում, ըստ որի՝ նույնիսկ հրատապության պայմաններում օրենքի գերակայության հիմնարար սկզբունքը պետք է գերակա լինի։

Այս գործում հիմնաքարային էր պատշաճ ծանուցման հարցը։ Դատարանը հրաժարվում էր մեկնաբանել իր որոշումը, մինչդեռ Կռչմարն ընդդեմ Չեխիայի Հանրապետության և Իմեբլու Գղուպ Կոսսեն ընդդեմ Ֆրանսիայի (Krčmář-ն ընդդեմ ՉեխիայիՀանրապետության, 2000, § 42, Immeubles Groupe Kosser-ն ընդդեմ Ֆրանսիայի, 2002, § 26) գործերով ՄԻԵԴ նախադեպային վճիռների համաձայն՝ մրցակցային դատավարության իրավունքը պետք է դրսևորվի բավարար պայմաններում և քննության կողմը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալ դատարանին ներկայացված ապացույցին, ինչպես նաև հնարավորություն ունենա ներկայացնելու դրա թույլատրելիության և վերաբերելիության վերաբերյալ մեկնաբանություններ պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում, ընդ որում, Իվոն ընդդեմ Ֆրանսիայի (Yvon-ն ընդդեմ

Ֆրանսիայի, 2003, § 39) գործով ՄԻԵԴ վճռի լույսի ներքո՝ անհրաժեշտության դեպքում կողմը պետք է ստանա լրացուցիչ ժամանակ։

Հ․-ն ընդդեմ Բելգիայի (H.-ն ընդդեմ Բելգիայի, 1987, § 53) գործով ՄԻԵԴ նախադեպային որոշումը սահմանում է, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքները ներառում են դատարանների պարտականությունը՝ ներկայացնելու բավարար հիմքեր իրենց որոշումների համար, իսկ Հիրվիսաարին ընդդեմ Ֆինլանդիայի (Hirvisaari-ն ընդդեմ Ֆինլանդիայի, 2001, § 30 in fine) գործով ՄԻԵԴ-ն ընդգծել  է, որ ներկայացված պատճառաբանությունները պետք է լինեն այնպիսին, որ թույլ տան կողմերին արդյունավետորեն օգտվել բողոքարկման ցանկացած առկա իրավունքից։ Այս իրավունքը ևս խախտվել էր դատավարության ընթացքում։

Ելնելով Ռամոս Նունես դե Կառվալո է Սան ընդդեմ Պորտուգալիայի (Ramos Nunes de Carvalho e Sá-ն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ], 2018, § 145) գործով ՄԻԵԴ վճռի իմպերատիվ դիրքորոշումից՝ պետք է արձանագրել, որ դատավորի սուբյեկտիվ և օբյեկտիվ անաչառությունը հստակորեն տարբերակված չէին, և վերջինիս վարքագիծը ոչ միայն կարող է արտաքին դիտորդի մոտ օբյեկտիվ կասկածներ առաջացնել իր անաչառության վերաբերյալ , այլև կարող է վկայել դատավորի անձնական համոզմունքի մասին։

Դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը երբեմն խոսում էր բարձր տոնով և ակնհայտ հեգնանքով, իսկ Վարդանյանը և Նանուշյանը ընդդեմ Հայաստանի (Vardanyan-ը և Nanushyan-ն ընդդեմ Հայաստանի, 2016, § 82) գործով ՄԻԵԴ-ը հստակեցրել է, որ դատավորի կողմից օգտագործվող լեզուն կարող է կարևոր լինել և ցույց տալ, որ դատավորը չունի բավարար անկողմնակալություն, որը պահանջում են նրա կողմից իրականացվող գործառույթները։

 

 

 

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments