Անուշ Բոյախչյանին մահացած ճանաչելու պահանջի մասին մշտադիտարկումը (թիվ ՇԴ/7842/02/22 գործով 30.03.2023թ. դատական նիստը)

1158

Հայցվոր Վարդուշ Գիլոյանը հայց է ներկայացրել եղբոր կնոջը՝ Անուշ Բոյախչյանին, մահացած ճանաչելու պահանջի վերաբերյալ։

Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 16.12.2022 թվականին ընդունվել է վարույթ։

30.03.2023 թվականին, ժամը՝ 14։30-ին, նշանակված էր նախնական դատական նիստ։

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած մասնակցին՝ հայցվորի ներկայացուցչին։

Հայցվորի ներկայացուցիչը դիմումը հակիրճ ներկայացրեց՝ նշելով անձին մահացած ճանաչելու անհրաժեշտությունը. Գյումրու քաղաքապետարանի տրամադրած բնակարանի օրդերում նշված է նաև Անուշ Բոյախչյանի անունը, իսկ սեփականաշնորհման համար անհրաժեշտ է վերոնշյալ անձի համաձայնությունը։ Տրված օրդերում ծանոթության բաժնում նշված է, որ նշված անձը օրդերում հաշվառման պահին բացակայում է և վերադառնալուց հետո գույքի տիրապետման իրավունք ունի։

Անուշ Բոյախչյանն ամուսնու՝ Արա Բոյախչյանի և որդու՝ Հրաչ Բոյախչյանի հետ 1997 թվականին մեկնել է ՌԴ, և նրանք այլևս հետ չեն վերադարձել։

Նիստի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրեց մի շարք հիմնավորումներ, ինչպիսիք են՝

  • 21․08․2012 թվականին դատարանի վճռով Անուշ Բոյախչյանին անհայտ բացակայող ճանաչելու որոշումը, որը մինչ այս պահը վերացված չէ,
  • 2000-ականների սկզբից սկսած նշված անձի մասին ինֆորմացիայի իսպառ բացակայության փաստը,
  • Անուշ Բոյախչյանի և ընտանիքի մյուս անդամները մշտապես եղել են լավ հարաբերությունների մեջ, չի եղել ոչ մի կոնֆլիկտ, որը կարող էր հիմք հանդիսանալ հարաբերությունների խզման։

Դատարանը կատարել է մի շարք հարցումներ պատկան մարմիններին՝ նշված անձի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։

Վիզաների և անձնագրային վարչությունից ստացվել է տեղեկատվություն, որ Անուշ Բոյախչյանը հաշվառված է եղել Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 54 շենքի բնակարան 2-ում մինչև 2008 թվականը, դրանից հետո անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, և մինչ այսօր ՀՀ քաղաքացու անձնագրով չի անձնագրավորվել։

Գյումրու համայնքապետարանից պատասխան է ստացվել, որ տեղեկություն չունեն նշված անձի գտնվելու վայրի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Մուշի բաժանմունքից պատասխան է ստացվել, որ նշված անձը որևէ դատվածություն չունի։

Հայցվոր կողմը նշեց, որ այսքանից բացի, այլ փաստերի ներկայացումը հնարավոր չէ, ուստի, դատարանը որոշում կայացրեց անցնելու դատաքննությանն։

Դատաքննության ընթացքում ներկայացվեցին գործին կցված ապացույց համարվող բոլոր փաստաթղթերը։

Դատաքննության ավարտից հետո դատարանը որոշում կայացրեց վճիռը հրապարակել դատական ակտի տեսքով՝ առցանց եղանակով։

Դատական ակտը կհրապարակվի սույն թվականի ապրիլի 19-ին։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments