Աշխատանքի իրավունքը ենթադրում է համալիր պայմանների առկայություն. այդ թվում՝ աշխատանք ընտրելու կամ չաշխատելու հնարավորության ազատություն.գործունեության կամ մասնագիտության ոլորտի ընտրություն, հարկադիր աշխատանքի արգելում, աշխատանքային գործունեության անհրաժեշտ ու բավարար պայմաններ, վարձատրության որոշակի կարգ, աշխատանքի անվտանգության ապահովում, հանգստի իրավունք և այլն։ Աշխատանքի իրավունքի ապահովման խնդիրը մեծապես կախված է բնակչության զբաղվածության հիմնախնդրի լուծումից։ Այսինքն յուրաքանչյուր պետություն պարտավոր է ստեղծել այնքան աշխատատեղ որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա գտնել իր համար ցանկալի աշխատանք։ Սա իր հերթին նշանակում է, որ անհրաժեշտ է ապահովել գործազրկությունից պաշտպանվելու իրավունքը։ Պետությունների այս պարտավորություններն արտացոլվել է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրում։ Աշխատանքի իրավունքի ապահովման հարցում կարևոր է նաև մասնագիտական ուսուցումը, որի կազմակերպման համար նույնպես պատասխանատու է պետությունը։ Աշխատանքի իրավունքը ամրագրված է միջազգային-իրավական փաստաթղթերում և ժողովրդավարական պետությունների գերակշիռ մասի սահմանադրություններում։ Մի շարք պետությունների սահմանադրութուններում (օրինակ՝ Ռուսաստանում). աշխատանքի իրավունքի փոխարեն օգտագործվում է աշխատանքի ազատություն պատկերացումը, որն առաջին հերթին նշանակում է ազատորեն գործունեության և մասնագիտության տեսակ ընտրելու հնարավորության և ազատորեն տնօրինել աշխատանքի նկատմամբ ընդունակաթյունները, ինչպես նաև արգելել հարկադիր աշխատանքը։ Սահմանադրությամբ ևս ամրագրված է քաղաքացիների աշխատանքի ազատ ընտրության իրավունքը։