17.01.2020թ. թիվ 9 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջների մասին գործի մշտադիտարկումը (թիվ ՇԴ/0605/02/20 գործով 22.03.2023թ. դատական նիստը)

1170

Լիլիթ Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 2020 թվականի հունվարի 17-ի թիվ 9 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջների վերաբերյալ։

Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 05.02.2020 թվականին ընդունվել է վարույթ։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ․ Հարությունյան) 30․06․2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ անվավեր է ճանաչվել Հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Սերոբյանի` Լիլիթ Կարապետյանին Հիմնադրամի ավագ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի պաշտոնից ազատելու մասին 17.01.2020 թվականի թիվ 9 հրամանը: Հիմնադրամից հօգուտ Լիլիթ Կարապետյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` միջին աշխատավարձի չափով՝ սկսած 17.01.2020 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, բռնագանձվել է նաև աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի յոթնապատիկի չափով: Հայցը՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ա․ Խառատյան, դատավորներ Ս․ Թորոսյան, Դ․ Սերոբյան) 05․11․2020 թվականի որոշմամբ Լիլիթ Կարապետյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մասնակի՝ հայցը մերժելու՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի յոթնապատիկի չափով բռնագանձելու պահանջների մասերով բեկանվել է և գործն այդ մասերով ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Միաժամանակ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժվել է: Վճիռը մնացած մասերով թողնվել է անփոփոխ:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ․ Հովհաննիսյան) 15․06․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04․02․2022 թվականի որոշմամբ Հիմնադրամի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, Դատարանի 15․06․2021 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.05.2022թ. որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04․02․2022 թվականի որոշման դեմ Լիլիթ Կարապետյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն քաղաքացիական գործը 09.06.2022 թվականին մակագրվել է Դատարանին:

03․02․2023 թվականին գործը քննող դատավորի այլ դատարան տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված գործը տեղափոխվել է այլ դատարան։

09․03․2023 թվականին գործը ընդունվել է վարույթ։

Նախնական դատական նիստը նշանակված էր 22․03․2023 թվականին, ժամը՝ 10։30։

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած մասնակիցներին՝ հայցվորին, հայցվորի ներկայացուցչին և պատասխանողի ներկայացուցչին։

Դատարանը, ստուգելով կողմերի անձը հաստատող փաստաթղթերը և փաստաբանների լիազորագրերը՝ պարզեց, որ հայցվորի ներկայացուցչի ներկայացրած լիազորագիրը ժամկետի մեջ չէ:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի՝ լիազորագիրը դադարում է լիազորագրի ժամկետը լրանալու դեպքում։

Դատարանն առաջացած արգելքի վերաբերյալ լսեց պատասխանողի կարծիքը, ով  պնդեց, որ չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել լիազորագիր չունեցող փաստաբանի հետ։

Դատարանը, ելնելով այն հանգամանքից, որ դատական նիստին հայցվոր կողմի ներկայացուցիչը դատարանին չի ներկայացրել ժամկետի մեջ գործող լիազորագիր, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի ուժով որոշում կայացրեց գործի քննությունը հետաձգելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են

 

 

 

հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Նշված գործի դատական վճիռները կայացվել են նշված եռամսյա ժամկետներից ուշ։

Առաջ է գալիս ՀՀ դատական օրենսգրքի 9-րդ հոդվածում ամրագրված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և լուծման պահանջի խախտում։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:

Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար:

Գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: ՀՀ դատարանների նախագահների խորհրդը թիվ 98 որոշմամբ հստակ դիրքորոշում է հայտնել առ այն, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը չի կարող արդարացվել անգամ, եթե համապատասխան դատավարական որոշումներն ընդունվել են անձի օգտին: Աշխատանքային վեճերի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է, որ «աշխատողը, որը կարծում է, որ անօրինական ձևով է ազատվել իր պարտականությունների կատարումից, անձամբ հետաքրքրված է, որ իր նկատմամբ կիրառված միջոցի անօրինականության վերաբերյալ որոշումը կայացվի անհապաղ (տես` «Օբերմայերն ընդդեմ Ավստրիայի» գործը)։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի ապրիլի 12-ին, ժամը՝ 12։10-ին։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments