Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ն զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն: Բացի այդ, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
20.03.2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը: Դատական նիստը բացվեց 150 րոպե ուշացմամբ:
Դատական նիստերի քարտուղարը, նախքան դատական նիստի սկսվելը մոտենալով դատավարության մասնակիցներին, տեղեկացրեց, որ դատական նիստը սկսվելու է ուշացմամբ, քանի որ նիստերի դահլիճում ընթանում էր մեկ այլ դատավարություն, բացի այդ, ընթացող դատավարության մասնակից էր նաև սույն քրեական գործով ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը։
Դատական նիստի բացվելուց հետո քարտուղարը դատարանին զեկուցեց, թե ովքեր են ներկա դատական նիստին։ Դատական նիստին ներկա էին դատախազը, տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները, ամբաստանյալը, ամբաստանյալի պաշտպանը, տուժող կողմի իրավահաջորդը, ինչպես նաև տուժող ճանաչված երկու անձ։
Դատարանը սկսեց տուժողի իրավահաջորդ Վրույր Խեչումյանի հարցաքննությունը։
Վրույր Խեչումյանի որդին, հանդիսանալով ժամկետային զինծառայող հանդիսացել է ամբաստանյալ Իշխան Վահանյանի ենթական։ Վրույր Խեչումյանը չէր տիրապետում քրեական գործի մանրամասներին, քանի որ, նրա խոսքով, պատերազմական գործողությունների ընթացքում ընդամենը 3 անգամ է հեռախոսազրույց ունեցել որդու հետ։ Տուժողի իրավահաջորդը հավելեց նաև, որ հեռախոսազրույցների ընթացքում որդու հետ չի քննարկել պատերազմական գործողություններին վերաբերող հարցեր։
Դատարանը, շարունակելով ապացույցների հետազոտումը, սկսեց տուժող Ռուսլան Թումանյանի հարցաքննությունը։
Տուժող Ռուսլան Թումանյանը հանդիսացել է ժամկետային զինծառայող՝ գտնվելով ամբաստանյալի ենթակայության տակ։ Տուժողը դատարանին տեղեկացրեց, որ ծառայությունն անցել է Նռնականետային դասակում, որի անմիջական հրամատարը եղել է Ռաֆայել Խալաֆյանը։ Նաև հայտնեց, որ պատերազմական գործողությունների ընթացքում գտնվել է ամբաստանյալի ենթակայության տակ։
Տուժող Ռուսլան Թումանյանը, ի տարբերություն մյուս վկաների, ավելի մանրամասն նկարագրեց դեպքերի հաջորդականությունը։ Տուժողը պնդեց, որ Իշխան Վահանյանի մարտադաշտը լքելու մասին տեղեկությունը իմացել է համածառայակիցներից։ Տուժողի ցուցմունքի համաձայն՝ դեռևս սեպտեմբերի 25-ին, այսինքն՝ մինչև պատերազմի սկսվելը, երեկոյան, ժամը՝ 19:00-ի սահմաններում, հնչել է մարտական տագնապ, սակայն, երբ ուսումնական գումարտակի զինվորները, համաձայն տագնապ ազդանշանի ժամանակ իրականացվելիք գործողությունների պլանի, շտապել են գումարտակի նկուղային տարածք, տեսել են, որ նկուղի դուռը կողպված և կնքված է եղել։ Նախկինում բանալին գտնվել է գումարտակի օրապահի մոտ, սակայն, այդ օրը բանալին օրապահի մոտ չի եղել։ Տուժողը նաև հավելեց, որ այդ օրը սպասել են ռազմական գործողությունների, այդ իսկ պատճառով զինվորական պայուսակները տարել են զորանոցներ։ Նաև հավելեց, որ իր զինվորական գրքույկը նույնպես սպաները վերցրել են պատերազմական գործողություններից առաջ, որպիսի հանգամանքը փաստել էին նաև մյուս վկաները։
Դատախազը տուժողի նախաքննական ցուցմունքի և դատական նիստի ընթացքում տված ցուցմունքի մեջ հայտնաբերեց հակասություն, որի պարզաբանման համար միջնորդություն ներկայացրեց դատարան՝ տուժողի նախաքննական ցուցմունքը հրապարակելու վերաբերյալ։ Հակասությունը կայանում էր նրանում, որ տուժողը իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ անձամբ է տեսել ամբաստանյալի մարտի դաշտից հեռանալն, իսկ դատարանում պատմեց, որ այդ մասին լսել է համածառայակից ընկերներից։ Տուժողը հակասությունը բացատրեց նրանով, որ պատերազմական գործողություններից հետո գտնվել է բարոյահոգեբանական ոչ կայուն վիճակում, այսինքն՝ տուժողը չպնդեց իր նախաքննական ցուցմունքը։
Դատարանը, ավարտելով տուժողի հարցաքննությունը, հաջորդ դատական նիստը նշանակեց 2023 թվականի ապրիլի 5-ին, ժամը՝ 12:00-ին։
ՄԻՄՀ/ISHR/-ը սույն գործով իրակացրեց թվով 7-րդ մշտադիտարկումը, որի ամփոփ և մանրամասն ուսումնասիրության արդյունքում կարող ենք տալ որոշակի գնահատական, պետական մարմինների գործողությունների,դատարանի արդար դատաքննությանն ուղղված ջանքերի, դատավարության ընթացքի և ի հայտ եկած խախտումների մասով։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) առանցքային ուշադրություն է բևեռում արդար դատաքննության իրավունքի իրացման ինստիտուտի վրա։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի կողմից վարվող նիստերի տևողությունը վկայում է կոնվենցիոն պահանջի կատարման մասին։ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ պետությունը պատասխանատու է իր բոլոր մարմինների՝ ոչ միայն դատական մարմիների, այլ նաև բոլոր պետական հաստատությունների գործողությունների համար (Մարտինս Մորեիրան ընդդեմ Պորտուգալիայի 26.10.1988թ. վճիռ, § 60): Միայն պետության պատասխանատվությամբ տեղի ունեցած ձգձգումները կարող են արդարացնել «ողջամիտ ժամկետի» պահանջը խախտելը (Հյումենն ընդդեմ Լեհաստանի, 15.10.1999թ. վճիռ, § 66, Բուչոլզն ընդդեմ Գերմանիայի, 06.05.1981թ. վճիռ, § 49)։ Ոստիկանական գործողությունների համակարգվածությունը փաստում է նշյալ պահանջի իրացման մասին։ Դատական նիստերին ամբաստանյալի ներկայությունը ապահովվել է ուղեկցող ոստիկանների կողմից: Հարկ է նշել, որ հաճախ ուղեկցող ոստիկանները պատճառ են հանդիսանում դատական նիստերի ձգձգման համար, քանի որ ծանրաբեռնվածության պատճառով ոչ միշտ են կարողանում ամբաստանյալներին կալանավորված անձանց պահման վայրերից տեղափոխել դատարան։ Այս խնդիրը չի նկատվել սույն քրեական գործի քննության ընթացքում։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, հաշվի առնելով գործի հնչեղության փաստը, ոստիկանությունը մշտապես հերթապահություն է իրականացնում ինչպես նիստերի դահլիճում, այնպես էլ դատարանի տարածքից դուրս։
ՄԻՄՀ/ISHR/-ի ուշադրության կենտրոնում էր նաև այն, թե ամբաստանյալին տրվել է իրական հնարավորություն՝ իրացնելու ՄԻԵԿ 13-րդ հոդվածով պաշտպանվող իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Այս համատեքստում պաշտպանի գործողությունները և (կամ) անգործությունը, թույլ է տալիս անել արդարացի դատողություն առ այն, որ առկա է կոնվենցիոն պահանջների խախտում։ Մասնավորապես, ամբաստանյալի պաշտպանը թվով 7 դատական նիստերի ընթացքում չի ներկայացրել միջնորդություններ, հարցեր չի ուղղել գործով տարբեր դատավարական կարգավիճակներով հարցաքննվողներին։ Այս մասով հարկ ենք համարում ՄԻԵԴ նախադեպային վճռի մեջբերումը, որը ուղղակիորեն վերաբերում է իրավաբանական օգնությանը։ ՄԻԵԴ-ը Բերտուզին ընդդեմ Ֆրանսիայի (Bertuzzi v. France, վճիռ 13.02.2003թ., § 30) գործով հայտնել է դիրքորոշում առ այն, որ կողմին ներկայացնելու համար իրավաբան նշանակելն ինքնին չի երաշխավորում արդյունավետ պաշտպանություն: Նշանակված իրավաբանին կարող են երկար ժամանակ թույլ չտալ իրականացնել իր գործառույթները կամ էլ նա կարող է խուսափել իր գործառույթներն իրականացնելուց։ Իրավիճակին ծանոթ լինելու դեպքում ներպետական մարմինները պետք է փոխարինեն իրավաբանին, եթե նրանք դա չանեն, կողմը գործնականում կզրկվի արդյունավետ պաշտպանության հնարավորությունից՝ չնայած իրավաբանական օգնությունը նախատեսող դրույթի առկայությանը։
Սույն գործով դատական նիստերի մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է դատական դեպարտամենտի կողմից արդյունավետ աշխատանքի միտումը։