Էդգար Մանվելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձ, ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
2023 թվականի մարտի 14-ին նշանակված էր հերթական դատալսումը:
Դատական նիստը բացվեց 4 ժամ 10 րոպե ուշացումով: Դատական տեղեկատվական կայքում նիստի ժամ նշված էր 12:30-ը, սակայն, նիստը բացվեց 16:39-ին:
Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը դատարանին չտեղեկացրեց դիտորդի՝ դատական նիստերի դահլիճում գտնվելու մասին: Դատարանը սեղանին դրված անվանաքարտը նկատեց, սակայն, որևէ կերպ չարձագանքեց: Այսպես, դիտորդը չներկայացվեց դատավարության մասնակիցներին ու նիստի ներկաներին և հնարավորություն չունեցավ լուսանկարահանում իրականացնել:
Ըստ ընթացակարգի, դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:
Դատարանն անդրադարձավ խափանման միջոցի փոփոխման հարցին, սակայն, հանրային մեղադրողը և պաշտպանության կողմն առարկություն չունեին, և բացակայելու արգելք խափանման միջոցը մնաց նույնը:
Դատարանն անդրադարձավ նաև նախորդ դատական նիստին հանրային մեղադրողի կողմից ներկայացված միջնորդությանը՝ քրեական գործն արագացված վարույթի իրականացնելու վերաբերյալ: Դատարանը նշեց, որ եթե կողմերը ցանկանում են, որ արագացված վարույթ կիրառվի, նախ, պետք է համաձայնեցման վարույթ կիրառվի, որից հետո միայն արագացված վարույթվ գործը քննել: Կողմերն այդ կապակցությամբ առարկություններ չունեին:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի՝ դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է հանրային մեղադրանքով նախնական դատալսումների ընթացքում` մեղադրյալի միջնորդության հիման վրա:
- Համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել, եթե՝
1) մեղադրյալը մեղադրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու համար.
2)վարույթում ներգրավված մի քանի մեղադրյալից առնվազն մեկն առարկում է համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ.
3) մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.
4) համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ իրավական կամ փաստական հիմնավորմամբ առարկում է հանրային մեղադրողը.
5) առերևույթ հիմնավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, և համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը:
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել՝ ժամանակ տրամադրելով համաձայնեցման վարույթի շրջանակում բանակցություններ սկսելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 05.04.2023թ.: