Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ն զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն:
Բացի այդ, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
09.03.2023թ. նշանակված էր հերթական դատական նիստը: Դատական նիստերի քարտուղարը դատարանին զեկուցեց, թե ովքեր են ներկա դատական նիստին։ Դատական նիստին ներկա էին դատախազը, տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները, ամբաստանյալը, ամբաստանյալի պաշտպանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով վկա հանդիսացող երեք անձ օբյեկտիվ պատճառով չէին կարողացել ներկայանալ դատական նիստին, այս դատական նիստին ևս դատարանը հարցաքննեց տուժող կողմի իրավահաջորդներին։ Հավելենք, որ երեք վկաները ներկայումս գտնվում են Արցախում, որը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ ադրբեջանական կողմի նախաձեռնած «բնապահպանական հավաքի» պատճառով։
Դատարանը սկսեց հարցաքննել Վարդուհի Մանուկյանին, ում որդին, պատերազմական գործողությունների ժամանակ հանդիսանալով ժամկետային զինծառայող, գտնվել է Իշխան Վահանյանի անմիջական ենթակայության տակ։ Տուժողի իրավահաջորդն իր ցուցմունքում նշեց, որ որդին զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 1-ին։ Տուժող կողմի իրավահաջորդի խոսքով, մինչ պատերազմի սկսվելը բազմիցս լսել է, որ ամբաստանյալը բազմիցս նեղացրել է զինվորներին։ Նաև նշեց, որ որդին պատմել է, որ սեպտեմբերի 25-ին սպաները հավաքել են զինվորների զինվորական գրքույկները՝ առանց իրազեկելու, թե ինչ նպատակով են հավաքում։ Մանուկյանի խոսքով, պատերազմական գործողությունների ընթացքում կարողացել է կապ հաստատել որդու հետ, ով մի քանի մանրամասներ է պատմել տեղի ունեցող դեպքերի մասին։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ որդին իր խոսքում նշել է, որ նորակոչիկների շրջանում եղել է խուճապ, այսինքն՝ զինծառայողները գտնվել են բարոյալքված վիճակում, խուճապից զինվորները սկսել են կրակել միմյանց վրա։ Տուժողի իրավահաջորդը նաև հավելեց, որ ամբաստանյալն այդ ժամանակ սպառնալիքներ հնչեցնելով թույլ չի տվել, որ առողջ զինվորներն օգնեն վիրավորներին, մասնավորապես, ամբաստանյալը սպառնացել է սպանել այն զինվորներին, ովքեր կփորձեն օգնել վիրավորներին։
Դատարանը հարցաքննեց նաև տուժողի իրավահաջորդ հանդիսացող Բենիկ Գաբրիելյանին, ում որդին նույնպես հանդիսացել է նույն ստորաբաժանման ժամկետային զինծառայող։ Բենիկ Գաբրիելյանն իր ցուցմունքում նշեց, որ իր որդին նույնպես նախքան պատերազմական գործողությունները նրան տեղեկացրել է, որ սպաները հավաքել են զինվորների զինվորական գրքույկները։ Տուժողի իրավահաջորդը նշեց, որ զինվորական գրքույկների հավաքելու պատճառով հետագայում խնդիր է առաջացել զինվորների մարմինները նույնականացնելու գործում։ Մասնավորապես, զոհված զինվորների մարմինները հաճախ եղել են անճանաչելի, որն ուղղակիորեն բարդացրել է նույնականացման գործընթացը։ Բենիկ Գաբրիելյանը նաև հավելեց, որ որդին մանրամասներ չի հայտնել տեղի ունեցող գործողություններից, նա էլ իր հերթին մշտապես ոգևորել է որդուն։
Հետաքրքրաշարժ է այն հանգամանքը որ տուժողների իրավահաջորդները գտնում են, որ զինվորական գրքույկների հավաքելը եղել է դիտավորություն:
Դատարանը հարցաքննեց նաև տուժող կողմի իրավահաջորդ ճանաչված Լիլիա Սարգսյանին և Դավիթ Ներսեսյանին, որոնց որդիները նույնպես հանդիսացել են նույն ստորաբաժանման ժամկետային զինծառայողներ։ Նրանք նույնպես հայտնեցին, որ զինվորները նախքան պատերազմի սկսվելը ծնողներին տեղեկացրել են, որ սպաները հավաքել են զինվորական գրքույկները։
Տուժող կողմի իրավահաջորդներն իրենց խոսքում նշեցին մի քանի անձանց անուններ, որոնք նույնպես եղել են զինծառայողներ, սակայն, գործով չեն անցնում որպես վկա։ Տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները հարցերի միջոցով փորձեցին հստակեցնել այդ զինվորների անունները՝ հետագայում գործում որպես վկա ներգրավվելու համար։
Տուժողների իրավահաջորդների հարցաքննությունից հետո դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել 2023 թվականի մարտի 20-ին, ժամը՝ 13:00-ն։
Հատկանշական է այն հանգամանքը, որ տուժողների իրավահաջորդների խոսքերը կարող են վկայել պատերազմական գործողությունների ընթացքում հանցագործության հատկանիշներ պարունակող նաև այլ արարքների մասին, որպիսի հանգամանքին մեղադրողը ևս անդրադարձավ՝ հայտնելով, որ զուգահեռ ընթանում է քննություն՝ այդ փաստերի առկայությունը պարզելու համար։
Սույն դատական նիստի մասով նկատելի է ինչպես դատական դեպարտամենտի, այնպես էլ ոստիկանության աշխատանքը որը ուղղակիորեն օգնում է ինպես գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանմանը, այնպես էլ նիստի մասնակիցների անվտանգությանը։