Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով մշտադիտարկումը (թիվ ԵԴ/0253/01/19 գործով 07.03.2023թ. դատական նիստը)

1212

2023 թվականի փետրվարի 21-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ դատական նիստը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքով։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանի՝ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար վերջինից ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը մեղադրվում է կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար վերջինից ստացել է 1 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Հարկ է նշել, որ ենթադրյալ հանցանքները կատարվել են նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամկետում, հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործը պետք է քննվի տվյալ պահին գործած քրեական օրենսգրքով։ Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժը մեղմացնող նորմերն ունեն հետադարձ ուժ։ Տվյալ դեպքում վերոնշյալ հանցանքների համար նախատեսված սանկցիաներից հանվել է որպես լրացուցիչ պատիժ գույքի բռնագրավման պահանջը, ուստի պատիժը սահմանելիս պետք է առաջնորդվել նոր քրեական օրենսգրքով։

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը դատարանին զեկուցեց նիստին դատավարությանը մասնակցող անձանց ներկայանալու մասին։ Դատական նիստին ներկայացել էին մեղադրողները, ամբաստանյալ Արմեն Գևորգյանը, պաշտպանության կողմի պաշտպանները, թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանը։ Պատշաճ կերպով ծանուցված ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել նիստին։ Վերջինիս պաշտպանները հայտնեցին, որ նա կորոնավիրուսի թեստ է հանձնել և ստացել դրական պատասխան, ինչի պատճառով էլ չի ներկայացել նիստին։

Դատական նիստերի դահլիճում գտնվող ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը, ով նախօրոք ներկայացել էր դատական նիստերի քարտուղարին և հայտնել էր նիստը լուսանկարահանելու խնդրանքի մասին, չներկայացվեց դատարանին։

Պաշտպանության կողմը հայտնեց, որ 2 միջնորդություն ունի։ Դատարանը կողմերի հետ քննարկեց միջնորդությունները քննելու նպատակահարմարությունը։ Մեղադրանքի կողմը կարծիք հայտնեց, որ ամբաստանյալի բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել։ Պաշտպանության կողմն առաջարկեց, այնուամենայնիվ, քննել միջնորդությունները։ Դատարանը որոշեց քննել միջնորդությունները։

Հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է, իսկ նույն օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է։

Պաշտպանության կողմը ներկայացրեց միջնորդությունները։ Առաջին միջնորդությամբ պաշտպանության կողմը խնդրում էր թույլատրել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին սույն թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը բուժման նպատակով  մեկնել արտերկիր։ Մեղադրանքի կողմն առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ պաշտպանության կողմը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կփաստեր, որ բուժումը չի կարող կատարվել Հայաստանում։ Քանի որ հարցը վերաբերում էր մեղադրյալի անձնական կյանքին, դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի ուժով, որոշում կայացրեց միջորդության քննումը շարունակել դռնփակ։ Այնուհետև նիստը շարունակվեց դռնբաց կարգով։

Երկրորդ միջնորդությամբ պաշտպանության կողմը խնդրում էր թույլատրել մեղադրյալ Արմեն Գևորգյանին սույն թվականի մարտի 15-ից մինչև մարտի 29-ը մեկնել Եվրոպա՝ ԵԽԽՎ ժողովներին մասնակցելու համար։ Մեղադրանքի կողմը զերծ մնաց դիրքորոշում հայտնելուց։

Դատարանը բավարարեց երկու միջնորդությունները։ Դատարանը գործի ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով կողմերին առաջարկեց ավելացնել կայացող նիստերի ինտենսիվությունը՝ շաբաթական մեկ նիստի փոխարեն անցկացնելով երկուսը։ Մեղադրանքի կողմը դրական արձագանքեց առաջարկին։ Պաշտպանները պնդեցին, որ տվյալ գործով դատական նիստերի ինտենսիվության աճը կխանգարի նրանց մասնագիտական գործունեության ծավալմանը, քանի որ մնացած գործերով արդեն կա հստակ սահմանված ժամանակացույց, և իրենք տվյալ պարագայում չեն կարողանա ներկայանալ մնացած նիստերին։

Դատարանը որոշեց ավելացնել դատական նիստերի ինտենսիվությունը և կոչ արեց պաշտպաններին «հարմարեցնել իրենց գրաֆիկը»։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի ապրիլի 18-ին, ժամը՝ 13։00-ին։

Հարկ է նշել, որ դատական նիստերի դահլիճի դատավարական հատվածն այցելուների հատվածից բաժանված է զրահապատ ապակե միջնորմով։ Նիստի ընթացքը լսելի դարձնելու համար կիրառվում են բարձրախոսներ, որոնք, սակայն, չեն ապահովում նիստի լսելիությունը։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի հրապարակային դատավարության իրավունք։ Մալհոուսն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (Malhous v. the Czech Republic, 2001, §§ 55-56) գործով ՄԻԵԴ նախադեպային վճռի համաձայն՝ դռնբաց նիստը նպաստում է արդար դատաքննության իրականացմանը։ Միևնույն ժամանակ Աքսեն ընդդեմ Գերմանիայի (Axen v. Germany, 1983, §28) գործով հստակ է ՄԻԵԴ-ի դիրքորոշումն առ այն, որ բանավոր նիստի իրավունքը կապված է այն հարցի հետ, որ պետք է հաստատվի, թե արդյոք դատաքննությունը համապատասխանում է հրապարակային լինելու պահանջին։

«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ-ն արդեն իսկ դիմում է ներկայացրել նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ՄԻՄՀ/ISHR/ մշտադիտարկման խմբի անդամների ներկայությունը դատական նիստերի դահլիճի դատավարական հատված թույլատրելու վերաբերյալ, որպեսզի այդկերպ ապահովվի դատաքննության ընթացքի լսելիությունը՝ որպես դատական վարույթի հրապարակայնության՝ քրեադատավարական սկզբունքի շոշափելի երաշխիք։ Սակայն, դատավորի աշխատակազմից բարձրացված խնդրի առնչությամբ պատշաճ արձագանք չի ստացվել:

 

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments