Արմեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել, կրել է հրազեն և հրազենային փամփուշտներ, հնչեցրել է սպանության, ծանր վնաս պատճառելու սպառնալիք և իրականացրել է մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հանցափորձ:
Սահակ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի դիտավորությամբ կազմակերպել է առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության փորձի պարտակման փորձ:
Արթուր Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել և փորձել է պարտակել առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանության փորձ:
2023 թվականի մարտի 7-ին նշանակված էր հերթական դատալսումը:
Դատական նիստը բացվեց 11 րոպե ուշացումով:
Դատարանն անդրադարձավ պաշտպանության կողմի՝ ամբաստանյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու և ազատությունից զրկելու հետ կապ չունեցող խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացրած միջնորդությանը՝ մերժելով այն երեք ամբաստանյալների առնչությամբ:
Որոշման հրապարակումից հետո դատարանը, առանց կոնկրետ հիմքին անդրադառնալու, որոշում կայացրեց դատական նիստը հետաձգելու մասին և հաջորդ դատալսումը նշանակեց 2023 թվականի մարտի 24-ին, ժամը՝ 12:30-ին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածը սահմանում է դատալսումների հետաձգման կոնկրետ հիմքերը: Հոդվածի ողջ իմաստով, դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատալսումը կարող է հետաձգվել միայն, եթե հստակ նշվում է հետաձգման հիմքը:
Մեկ այլ խնդիր. ըստ քրեադատավարական ընթացակարգի, դատական նիստերի քարտուղարը դատարանին զեկուցում է ՄԻՄՀ/ISHR/ դիտորդի՝ դատական նիստերի դահլիճում գտնվելու մասին, ինչից հետո դիտորդը ներկայանում է դատարանին և դատական նիստի ընթացքի լուսանկարում իրականացնելու թույլտվություն է խնդրում: Դատարանը թույլատրում է դատական նիստի լուսանկարումը՝ առաջնահերթ ստանալով մեղադրյալի համաձայնությունը: Մյուս կողմից, որպես խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության առնչությամբ դատարանի կողմից որոշումը հրապարակելու դեպքում դատական նիստերի քարտուղարը դատարանին չի զեկուցում դատական նիստին ներկայացած անձանց մասին, հետևապես, անհնարին է դառնում նաև դիտորդի ներկայության մասին զեկուցելը: Նման խնդիր առկա է նաև եզրափակից դատական ակտի հրապարակման դեպքում: Այս իմաստով, կարծում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա է որոշակի բաց, որը խոչընդոտում է դիտորդին իրականացնելու լուսանկարում, ինչի թույլտվությունը հնարավոր է բացառապես դատական նիստի ընթացքում՝ վերոնշյալ ընթացակարգի պահպանմամբ: Անհրաժեշտ է, որպեսզի Օրենսգրքի 267-րդ հոդվածով կարգավորվի դատական նիստի ընթացքի լուսանկարում, նաև տեսագրում, տեսաձայնագրում կամ հեռարձակում իրականացնելու թույլտվություն ստանալու հարցը նաև նման դեպքերում, հակառակ պարագայում, դատական նիստի դռնբացության օրենսդրական պահանջի ոչ լիարժեքություն է ձևավորվում: