Տիգրան Ավանեսյանի և այլոց գործով մշտադիտարկումը (թիվ ԵԴ/1383/01/20 գործով 07․03․2023թ. դատական նիստը)

1204

Գրիգոր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժանմունքի օպերլիազորներ Նարեկ Բարսեղյանի, Տիգրան Ավանեսյանի և գործով չպարզված այլ ծառայողների հետ՝ խմբով, 2020 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երևան քաղաքի բնակիչ Վլադիմիր Օհանյանին և վերջինիս ծանոթ Արմեն Ղազարյանին փաստացի բերման է ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով:

07.03.2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը:

Դատական նիստերի քարտուղարը դատարանին զեկուցեց, թե ովքեր էին ներկա դատական նիստին։ Դատական նիստին ներկա էին՝ դատախազը, ամբաստանյալները, ամբաստանյալների պաշտպանները, տուժող կողմի ներկայացուցիչը։

Դատարանը հրապարակեց գործով վկա հանդիսացող անձի նախաքննական ցուցմունքը, նաև հավելեց, որ գործով բոլոր վկաները հարցաքննվել են, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամբաստանյալները նույնպես ունեն ցուցմունք տալու իրավունք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն հոդվածը ամբաստանյալին հնարավորություն է տալիս նաև ցուցմունք չտալու՝ դատարանը որոշեց ամբաստանյալների հարցաքննությունն  իրականացնել հաջորդ դատական նիստին, եթե ամբաստանյալները առարկություններ չունեն։

Ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն ներկայացրին՝ իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու և անազատության հետ չկապված նոր խափանման միջոց նշանակելու միջնորդությամբ։ Միջնորդության հիմքում ունենալով նախորդիվ ներկայացրած նույնաբովանդակ միջնորդության մերժման պատճառը՝ պաշտպանները պնդեցին, որ այլևս անիմաստ է անազատության հետ կապված խափանման միջոցի կիրառումը։ Հիշեցնենք, որ նախորդիվ ներկայացված միջնորդությունը մերժվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այսինքն՝ դատարանն ուներ այն համոզմունքը, որ ամբաստանյալները, գտնվելով ազատության մեջ, կարող էին խոչնդոտել գործի քննությանը՝ մասնավորապես, վկաների վրա ճնշումներ գործադրելով։ Պաշտպանները միջնորդությունն արդարացի էին համարում այն պատճառով, որ բոլոր վկաները հարցաքննվել են և այլևս բացակայում է նախորդ միջնորդության մերժման հանգամանքները։ Պաշտպանները նաև հավելեցին, որ իրենց պաշտպանյալները համաձայն են հաջորդ դատական նիստին ցուցմունք տալ։

Մեղադրանքի կողմն ուներ առարկություններ միջնորդության վերաբերյալ։ Տուժողի ներկայացուցիչն նշեց, որ առկա են ճնշումներ իր նկատմամբ՝ որպես փաստարկ բերելով այն հանգամանքը, որ միջնորդության գրավոր տարբերակի մեջ կրկին անգամ շոշափվում էր այն հարցը, որ տուժող կողմի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել վկաների հետ այն պարագայում, երբ տուժող կողմի ներկայացուցչի պնդմամբ, նման դեպք երբևէ տեղի չի ունեցել, և այդ ամենը ապացուցվել է դատական նիստի ձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ 25 րոպե անց դատարանը վերադարձավ և հրապարակեց միջնորդության մասով կայացրած որոշումը։ Դատարանը մերժեց խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը:

Դատարանը նոր դատական նիստ նշանակեց 2023 թվականի մարտի 24-ին, ժամը՝ 12:30-ին։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments