Տիգրան Ավանեսյանի և այլոց գործով մշտադիտարկումը (թիվ ԵԴ/1383/01/20 գործով 28․02․2023թ. դատական նիստը)

1271

Գրիգոր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժանմունքի օպերլիազորներ Նարեկ Բարսեղյանի, Տիգրան Ավանեսյանի և գործով չպարզված այլ ծառայողների հետ՝ խմբով, 2020 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երևան քաղաքի բնակիչ Վլադիմիր Օհանյանին և վերջինիս ծանոթ Արմեն Ղազարյանին փաստացի բերման է ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով:

28.02.2023թ. նշանակված էր հերթական դատական նիստը: Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացել էր դատարանին՝ հայտնելով  լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին։ Դատական նիստերի քարտուղարը դատարանի զեկուցեց դատական նիստին ներկայացած անձանց մասին։ Դատական նիստին ներկա էին՝ դատախազը, ամբաստանյալների պաշտպանները և գործով վկա հանդիսացող Արմեն Գասպարյանը։ Դատական նիստին ներկա չէին ամբաստանյալները։ Դատարանը ներկաներին տեղյակ պահեց, որ ամբաստանյալներին դեռ չեն ներկայացրել դատարան, սակայն, ընդգծեց նաև, որ ուղեկցող ոստիկանների հետ հեռախոսազրույցի արդյունքում պարզ է դարձել, որ ամբաստանյալները ճանապարհին են։ Դատարանը որոշեց հայտարարել 10 րոպե ընդմիջում, մինչև ամբաստանյալները կհասնեն դատարան։

Ընդմիջման ավարտից հետո ամբաստանյալներն արդեն դատարանում էին։ Դատարան հրավիրվեց վկան, ով դատավարությանը ներկայացել էր փաստաբանի հետ։ Գործով վկա էր հանդիսանում Արմեն Գասպարյանը, ով հանցագործության ժամանակ զբաղեցրել էր Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնը։ Դատարանը վկային ծանուցեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրում ամրագրված իր իրավունքների և պարտականությունների մասին։

Վկան դատարանին հայտնեց, որ հանցագործության ժամանակ զբաղեցրել է Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնը, իսկ ներկաները հանդիսացել են իր ենթակաները։ Նաև պատմեց, որ հանցագործության մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո սկսել է ծառայողական քննություն։ Վկան հավելեց, որ դեպքից մանրամասներ չի հիշում, քանի որ այդ ժամանակ ոստիկանությունը Քովիդ-19 համավարակի պատճառով աշխատել է ծանրաբեռնված ռեժիմով, Վկան նաև հավելեց, որ գործն այնուհետև տեղափոխվել է Ոստիկանության ներքին անվտանգության  վարչություն։ Դատախազի այն հարցին, թե արդյոք հետագայում վկան գործի ընթացքի մասին տեղեկություններ ստացել է, վկան պատասխանեց, որ տեղեկություններ չի ունեցել՝ պատճարաբանելով որ այդ ժամանակահատվածում նաև սկսվել է Արցախյան 44- օրյա պատերազմը, որի ժամանակ նույնպես եղել է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ։ Ի հավելումն ցուցմունքի՝ վկան ընդգծեց, որ նման գործերով հաղորդումները շատ են, այդ իսկ պատճառով էլ առանձնակի ուշադրություն չի դարձրել այդ հանցագործությանը, նաև պատճառը եղել է այն, որ գործն արդեն քննվում էր ներքին անվտանգության վարչության կողմից:

Վկայի ցուցմունքին ի պատասխան՝ մեղադրողը փորձեց հասկանալ, թե արդյոք ճիշտ է հասկացել, որ ոստիկանության կողմից կատարվող բռնությունների մասով կան բազմաթիվ բողոքներ քաղաքացիների կողմից. վկան տվեց դրական պատասխան՝ մանրամասնելով, որ ոստիկանության կողմից բռնության դեպքեր շատ է գրանցվել, որոնցից մեծամասնության մանրամասն քննության արդյունքում պարզվել է, որ իրականում առկա է եղել բռնություն՝ ծեծի տեսքով։

Դատախազից հետո վկային հարցեր ուղղեցին ամբաստանյաների պաշտպանները, որից հետո նոր դատարանը։

Վկան շեշտեց, որ դեպքի մանրամասները լավ չի հիշում, սակայն, վստահ էր, որ նախաքննության ժամանակ տվել է ճշմարտացի ցուցմունք, վկան հավելեց, որ պնդում է նախաքննական ցուցմունքը։

Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հաջորդ դատական նիստ նշանակելով 2023 թվականի մարտի 7-ին, ժամը՝ 14:30-ին։

Ամփոփելով դիտարկումը՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ վերադառնալ վկայի (ով հանդիսացել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ) խոսքերին այն մասով, որ քաղաքացիների կողմից բողոքները շատ են կապված ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցող բռնությունների հետ։ Հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ ՄԻԵԿ 3-րդ հոդվածն անթույլատրելի է համարում ցանկացած տեսակի վատ վերաբերմունք։

Հավելենք նաև, որ 2022 թվականին,  ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա, արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ 2021 թվականի  համեմատությամբ 2022 թվականին դեպքերի թիվն աճել է 20․1 %-ով (կամ 40 դեպքով)։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments