Իշխան Վահանյանի գործով մշտադիտարկումը (թիվ ՍԴ1/0014/01/22 գործով 02․03․2023թ. դատական նիստը)

1185

Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ն զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն:
Բացի այդ, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:

02.03.2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը, որին ներկա էր ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը։

Դատական նիստերի քարտուղարը դատարանին զեկուցեց դատական նիստին կողմերի ներկայանալու մասին։ Դատական նիստին ներկա էին դատախազը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, ամբաստանյալը, ամբաստանյալի պաշտպանը։

Քանի որ գործով անցնող վկաներից երեքը գտնվում են Արցախի Հանրապետությունում, այդ իսկ պատճառով դատարանը որոշեց փոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունը և հարցաքննել տուժողների իրավահաջորդներին։

Դատարանը սկսեց վկա Հրանտ Հարությունյանի հարցաքննությունը։ Հրանտ Հարությունյանի որդին դեպքի ժամանակ գտնվել է ժամկետային զինվորական ծառայության մեջ՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանի ենթակայության տակ։ Հրանտ Հարությունյանը հայտնեց, որ մինչև դեպքի նախորդող օրը կարողացել է կապ հաստատել որդու՝ Հայկ Հարությունյանի հետ։ Հատկանշական է այն, որ վկան իր խոսքում պնդում էր պետական կառույցների կողմից իր որդու որոնողական աշխատանքների գործում անհետևողականություն դրսևորելու մասին։

Վկայի հարցաքննությունն ավարտելուց հետո դատարանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում, սակայն, ընդմիջումը երկարաձգվեց մինչև 1 ժամ։ Ընդմիջման երկարաձգվելու պատճառն այն էր, որ ամբաստանյալի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը դատական նիստի ընթացքում մասնակցեց մեկ այլ գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  նույն նստավայրում կայացած դատական նիստին։

Ընդմիջման ավարտից հետո դատարանը շարունակեց տուժող կողմի իրավահաջորդների հարցաքննությունը։

Տուժողի իրավահաջորդ Սարիբեկ Պետրոսյանի որդին պատերազմական  ժամանակահատվածում նույնպես հանդիսացել է ժամկետային զինծառայող՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանի ենթակայության տակ։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Սարիբեկ Պետրոսյանն իր ցուցմունքում նշեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 12-ին մեկնել է Արցախ՝ որդուն տեսակցության, որի ժամանակ որդին իր դժգոհությունն է հայտնել ծառայության կազմակերպման, ինչպես նաև սպայակազմի վերաբերմունքի մասով։ Սարիբեկ Պետրոսյանը պատմեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին զանգ է ստացել Հարություն Կարախանյանից, ով հեռախոսը փոխանցել է Սարիբեկ Պետրոսյանի որդուն: Սարիբեկ Պետրոսյանի որդին հեռախոսազրույցի ընթացքում պատմել է, որ բոլոր սպաները փախել են, և որ նրանք շրջափակման մեջ են հայտնվել։ Սարիբեկ Պետրոսյանը հավելեց, որ հեռախոսազրույցից անմիջապես հետո ներկայացել է Կապանի զինկոմիսարիատ, որտեղից էլ վերջինիս ուղեկցել են Գորիսի զինկոմիսարիատ։ Տուժողի իրավահաջորդը նշեց, որ Գորիսի զինկոմիսարիատից հավաստիացրել են, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն և զինվորներին դուրս կբերեն շրջափակումից։ Սարիբեկ Պետրոսյանի պնդմամբ, Գորիսի զինկոմիսարիատի ներկայացուցիչն իր ներկայությամբ կապ է հաստատել գեներալ Կոմիտաս Մուրադյանի հետ, ով նույնպես հավաստիացրել է, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն։

Շարունակելով տուժող կողմի իրավահաջորդների հարցաքննությունը դատարանը սկսեց Գեղամ Ղազարյանի հարցաքննությունը։ Վերջինիս երկու որդիներն էլ ծառայություն են իրականացրել Ջրականում, նրանք պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել են։

Դատարանը հարցաքննեց նաև Գագիկ Բեգլարյանին, ով նույնպես հանդիսանում էր տուժողի իրավահաջորդ։

Տուժող կողմի իրավահաջորդներին հարցաքննելուց հետո դատարանը հիշեցրեց ներկաներին, որ կա նախօրոք նշանակված նիստ՝  2023 թվականի մարտի 9-ին, ժամը՝ 13:00-ին։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հարցաքննված բոլոր անձիք պնդում էին պատերազմական գործողությունների ընթացքում ՊՆ ենթակայության տակ գտնվող կառույցների և հենց ՊՆ-ի կողմից  ցուցաբերված անտարբերության մասին։

Հատկանշական է նաև այն, որ տուժող կողմի իրավահաջորդների կարծիքով, քրեական գործում որպես մեղադրյալ պետք է ներգրավվեն նաև այլ անձիք։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments