ԳՆՄ արբիտրաժային դատարանի վճիռը չեղյալ ճանաչելու պահանջի մասին մշտադիտարկումը (թիվ ԵԴ/52031/02/22 գործով 23.02.2023 թ. դատական նիստը)

1230

Դիմելով դատարան՝ Վոլոդյա Մնացականյանը պահանջել է չեղյալ ճանաչել ԳՆՄ արբիտրաժային դատարանի 07.09.2022թ. թիվ 50-2643/04/22 արբիտրաժային վճիռը:

Դատական նիստերի դահլիճը բացվելուց հետո ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին՝ հայտնելով լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին:

Դատական նիստը բացվելուց հետո քարտուղարը միայն դատարանին լսելի ձայնով ներկայացրեց դիտորդին և դատավորին հանձնեց դիտորդի անվանաքարտը: Սակայն, դիտորդը չներկայացվեց դատավարության մասնակիցներին ու նիստի ներկաներին և հնարավորություն չունեցավ լուսանկարահանում իրականացնել:

Ըստ ընթացակարգի, դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:

Դատական նիստի սկզբում դիմողը հայտնեց դատարանին, որ ունի լսողական խնդիրներ, ուստի, երբեմն պետք է խնդրի դատարանին բարձր խոսել: Դատավորը դատական նիստի ամբողջ ընթացքում սովորականից բարձր էր խոսում՝ դիմողին լսելի լինելու համար: Երբեմն, ըստ դիմողի խնդրանքի, դատավորը երկու կամ երեք անգամ բարձրաձայն կրկնում էր որոշ նախադասություններ ու բառեր՝ լսելի լինելու համար:

Դատարանը տեղեկացրեց, որ մյուս կողմերը պատշաճ ծանուցվել են դատական նիստի մասին, սակայն, չեն ներկայացել: Այդ առնչությամբ դատարանը հարցրեց դիմողի կարծիքը՝ դատական նիստը շարունակելու վերաբերյալ. դիմողը չառարկեց:

 

Դիմողը պնդեց դիմողի (իր) ստորագրության իսկությունը պարզելու համար Արբիտրաժային համաձայնությունը փորձաքննության ենթարկելու մասին գրավոր միջնորդությունը, քանի որ չի հիշում՝ արդյոք ինքն է ստորագրել այդ համաձայնությունը և կասկած ունի առ այն, որ իր ստորագրությունը կեղծվել է, և եթե այդպես է, ուրեմն, արբիտրաժային համաձայնություն փաստացի առկա չէ և գործը չէր կարող քննվել արբիտրաժային դատարանի կողմից:

Դատարանը հայտարարեց, որ չի կարող քննել միջնորդությունը, քանի որ ներկայացված է ոչ թե հայց, այլ արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում: Իսկ դիմումի քննության ընթացակարգը թույլ չի տալիս դատարանին փորձաքննություն նշանակել և/կամ որևէ կերպ քննել արբիտրաժային համաձայնության անվավերության խնդիրը: Դատարանն արձանագրեց, որ դիմումը քննվում է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Դատարանն ուսումնասիրեց գործի այլ նյութերը՝ դրանց վերաբերյալ համապատասխան արձանագրումներ կատարելով:

Նախքան նիստի ավարտը դատարանը հարցրեց, թե արդյոք կողմը ցանկանում է լրացումներ կատարել: Դիմողը կրկին ելույթ ունեցավ, սակայն, ըստ էության, կրկնեց իր դիմումում մինչ այդ գրավոր շարադրված և դատական նիստի ընթացքում մեկ անգամ արդեն ներկայացված պահանջը՝ իր հիմնավորումներով:

Դատարանն ավարտեց ապացույցների հետազոտությունը և հայտարարեց դատաքննության ավարտի մասին:

Վերջնական դատական ակտը հրապարակվելու է 2023 թվականի մարտի 15-ին, Datalex դատական տեղեկատվական համակարգում:

Դատարանը տեղեկացրեց դիմողին, որ կայքում վճիռը տեսանելի չի լինելու, ուստի, վերջինս մարտի 15-ին, ժամը՝ 17:10-ին, կարող է անձամբ այցելել դատարան և ստանալ վճռի իր օրինակը:

Նիստի ավարտից հետո դատավորն իր նախաձեռնությամբ դիտորդին ներկայացրեց արբիտրաժային վեճերի հետ կապված մի քանի խնդիրներ՝ հատկապես շեշտադրելով վճիռների հրապարակայնության հարցը: Կայացված վճիռները, թեև հրապարակվում են Դատական տեղեկատվական կայքում, սակայն, հանրային չեն, տեսանելի չեն արտաքին դիտորդին: Դրանց կարող են ծանոթանալ միայն կողմերը՝ ստանալով տպագիր տարբերակը:

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments