Շնորհված ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի գործողությունը դադարեցնելու և դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար 01.03.2021թ. տեղի ունեցած մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին դատական նիստի մշտադիտարկումը (թիվ ԵԴ/8883/02/21 գործով 24.02.2023 թ. դատական նիստը)

1166

Քնարիկ Կարապետյանի կողմից 09.03.2021թ. հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Հասմիկ Մարգարյանի՝ Հասմիկ Մարգարյանին շնորհված ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ գործողությունը դադարեցնելու և ՀՀ ԿԳՄՍՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար 01.03.2021թ. տեղի ունեցած մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Մինչև դատական նիստի սկսվելը դիտորդը ներկայացավ դատարանին և հայտնեց լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին: Նիստը նախագահող դատավորը տեղեկացրեց դիտորդին, որ վերջինս կարող է ձայնագրառում իրականացնել, սակայն, լուսանկարահանում կատարելու համար հարկավոր է նախապես միջնորդություն ներկայացնել և ստանալ կողմերի համաձայնությունը: Դատարանը չպարզաբանեց, թե միջնորդություն ասելով ինչ ի նկատի ունի, երբ, ինչպես և ում կողմից այն պետք է ներկայացվի: Այսպիսով, լուսանկարահանում իրականացնելու հարցը չքննարկվեց:

Դատական նիստերի քարտուղարը զեկուցեց նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց մասին: Դատարանը հայտարարեց, որ պատասխանողները պատշաճ ծանուցվել են դատական նիստի մասին, սակայն, չեն ներկայացել: Այդ առնչությամբ դատարանը ճշտեց հայցվոր կողմի ներկայացուցչի և երրորդ անձի ներկայացուցչի կարծիքը՝ դատական նիստը շարունակելու վերաբերյալ:  Վերջիններս համաձայնեցին դատական նիստը շարունակել:

Դատարանը տեղեկացրեց, որ երրորդ անձը, նախքան դատական նիստը, գրավոր եղանակով 2 միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործի վարույթը մասամբ կարճելու և դատական ծախսերը բաշխելու հարցերով: Դատարանը հարցրեց հայցվորի ներկայացուցչին՝ արդյոք վերջինս ստացել է պատճենները: Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ ստացել է և ծանոթ է առաջին միջնորդությանը, սակայն, երկրորդին ծանոթ չէ: Երրորդ կողմի ներկայացուցիչը գրավոր եղանակով տրամադրեց միջնորդությունը հայցվորի ներկայացուցչին՝ տեղում ուսումնասիրելու համար:

Հայցվորի ներկայացուցիչը պնդեց հայցում նշված 2 պահանջները, այնուհետև միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ միջնորդության օրինակները տրամադրելով դատարանին և երրորդ անձի ներկայացուցչին:

Միջնորդությամբ հայցվոր կողմը դատարանին խնդրում էր թույլատրել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն, ինչի հիման վրա հայցի հիմքում դրված փաստերը լրացնել միջնորդության մեջ մատնանշված փաստերով և պատասխանողներին ուղղված նյութաիրավական պահանջները փոփոխել նոր պահանջներով:

Միջնորդությունը ներկայացնելուց հետո հայցվորի ներկայացուցիչը ցանկանում էր անցնել փաստերի շարադրմանը, սակայն, դատարանը ընդհատեց՝ նշելով, որ դեռ որոշում չի կայացվել միջնորդության վերաբերյալ, ուստի, վաղ է փաստերի ներկայացմանն անցնելու համար:

Դատարանն արձանագրեց, որ միջնորդությունը երրորդ անձի ներկայացուցչին տրամադրվել է նիստի ընթացքում, սակայն, պատասխանողները ներկա չեն դատական նիստին և ծանոթ չեն միջնորդությանը: Դատարանը նշեց, որ հայցվորը կողմը պետք է միջնորդությունն առաքի պատասխանող կողմերին և առաքման անդորրագիրը տրամադրի դատարանին: Դրանից հետո միայն դատարանը կանդրադառնա միջնորդության քննությանը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչն արձագանքեց, որ իր համար դժվար չէ պատասխանողներին առաքել միջնորդությունը, սակայն, ինքը հիմք է ընդունում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 4-րդ մասը, որտեղ նշված է, որ դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները:

Դատարանը պնդեց իր պահանջը՝ նշելով, որ կողմերին միջնորդությունն առաքելու դեպքում դատարանը կքննի միջնորդությունը դատական նիստերից դուրս՝ անհարկի ձգձգումներից խուսափելու համար: Դատարանը խոստացավ այդ պայմաններն ապահովելու դեպքում միջնորդության վերաբերյալ կայացված որոշումը հրապարակել հերթական դատական նիստի ժամանակ:

Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ կկատարի դատարանի պահանջը, սակայն, կրկին պնդեց, որ ինքը նման պարտականություն չունի:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի ապրիլի 28-ին, ժամը՝ 16:00-ին:

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments