Վահան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սմբատ Ստեփանյանին, Կառլեն Ստեփանյանին և Մարինե Ստեփանյանին, այդ կերպ ծեծի ենթարկելով:
Կառլեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վահան Հովհաննիսյանին, այդկերպ ծեծի ենթարկելով:
Սմբատ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վահան Հովհաննիսյանին, այդկերպ ծեծի ենթարկելով:
Մարինե Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ հարվածներ է հասցրել Անի Սարգսյանին, այդկերպ ծեծի ենթարկելով:
Անի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բռնի գործողություններ է կատարել Կառլեն Ստեփանյանի նկատմամբ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. Անի Սարգսյանը 2021 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գալշոյան փողոցի 8/1 շենքի հարակից հատվածում, ամուսնու՝ Վահան Հովհաննիսյանի կողմից նույն շենքի բնակիչներ Կառլեն և Սմբատ Ստեփանյանների և վերջիններիս մոր՝ Մարինե Ստեփանյանի հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կսմթել և ճանկռել է Կառլեն Ստեփանյանին՝ վերջինիս պատճառելով աջ արմնկահոդի, աջ դաստակի, 2-րդ և 3-րդ մատ-նախադաստակային հոդերի, ձախ դաստակի, աջ արմնկահոդի, աջ նախաբազկի արյունազեղումների ձևով՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Դատական նիստերի դահլիճը բացվելուց հետո ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին, հանձնեց իր անվանաքարտը՝ հայտնելով լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին: Քարտուղարն անվանաքարտը դրեց դատավորի սեղանին:
Դատական նիստը բացվելուց հետո քարտուղարը չտեղեկացրեց դատարանին դիտորդի՝ դատական նիստերի դահլիճում գտնվելու մասին: Դատարանը սեղանին դրված անվանաքարտը ևս չնկատեց: Այսպես, դիտորդը չներկայացվեց դատավարության մասնակիցներին ու նիստի ներկաներին և հնարավորություն չունեցավ լուսանկարահանում իրականացնել:
Ըստ ընթացակարգի, դատական նիստի կամ դրա մի մասի կինո- և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:
Պաշտպանության կողմը միջնորդություն ներկայացրեց ԵԴ/1693/01/22 և ԵԴ/0002/01/22 քրեական գործերը միացնել և քննել մեկ վարույթում, քանի որ առկա երկու քրեական գործերում մասնակիցները նույնն են: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ մեկ վարույթում կարող են միացվել՝ մեկից ավելի անձանց կողմից նույն կամ մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները: Տուժողների ներկայացուցիչն առարկեց՝ պատճառաբանելով, որ
- մյուս քրեական գործն արդեն մեկ տարի է, ինչ քննվում է և ապացույցների հետազոտման փուլում է գտնվում, իսկ այս քրեական գործը միացնելու դեպքում ողջամիտ ժամկետում գործի քննություն չի իրականացվի,
- պաշտպանական կողմը փորձում է ժամանակ շահել, որպեսզի մեղադրյալներին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանան,
- քրեական գործերով նաև այլ է ապացուցողական զանգվածը:
- մի քրեական գործը մասնավոր մեղադրանքի գործ է, որը հաշտության դեպքում կարճվում է, իսկ մյուսը չի կարող կարճվել, քանի որ մասնավոր մեղադրանքի գործ չէ: Այդ իսկ պատճառով քրեական գործերը չեն կարող միացվել:
Մեղադրողը ևս առարկեց միջնորդության դեմ:
Դատարանը հետաքրքրվեց՝ արդոք հաշտության եզրեր փորձել են գտնել կողմերը: Պաշտպանության կողմի ներկայացուցիչները նշեցին, որ եղել են հաշտության առաջարկներ, սակայն, տուժողների կողմից չեն ընդունվել ինչ-ինչ հանգամանքներից ելնելով:
Դատարանը որոշեց դատարանի նախագահի հետ քննարկել քրեական գործերի միացման հարցը, ինչպես նաև ժամանակ տրամադրել կողմերին հաշտության համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 07.03.2023թ., ժամը՝ 11:00-ին: