2023 թվականի փետրվարի 23-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարնի Էջմիածնի նստավայրում կայացավ դատական նիստը՝ ըստ հայցի Ավետիք Աբրահամյանի ընդդեմ Նարեկ Սարգսյանի՝ վերջինիս ծնողական իրավունքներից զրկելու պահանջի վերաբերյալ։
Դատական կարգադրիչը ՄԻՄՀ/ISHR/ դիտորդին և հայցվորի ներկայացուցչին ուղեկցեց դատական նիստերի դահլիճ, որտեղ, պարզվեց, չէր կայանալու հետաքրքրություն ներկայացնող դատական գործի դատաքննությունը։ Քիչ անց դատական կարգադրիչը վերադարձավ և դիտորդին ու հայցվորի ներկայացուցչին ուղեկցեց մեկ այլ դատական նիստերի մեկ այլ դահլիճ, որտեղ պետք է անցկացվեր գործի դատաքննությունը։ Հարկ է նշել, որ դատական նիստերի որոշ դահլիճներ պատշաճ կերպով համարակալված չէին։ Հատկանշական է նաև այն փաստը, որ դատական կարգադրիչները բավարար չափով տեղեկացված չէին դատաքննությունների անցկացման դահլիճի և ժամանակի մասին։
Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին և հայտնեց նիստի ընթացքը լուսանկարահանելու ցանկության մասին։ Դատական նիստերի դահլիճում ծառայություն իրականացնող դատական կարգադրիչը ՄՒՄՀ դիտորդին զգուշացրեց, որ վերջինս, առանց նրա թույլատվության, այլևս չանցնի դահլիճի դատավարության հատվածը։ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով, դատական կարգադրիչի պարտականությունների շրջանակներում է դատական նիստի ժամանակ նիստը նախագահողի կամ դատավորի` դատական նիստի բնականոն ընթացքի և հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարման ապահովումը: Այսինքն՝ դատական կարգադրիչը չափազանցված պատկերացում է ձևավորել իր ծառայողական պարտականությունների շուրջ. դատական կարգադրիչի իրավունքներից և պարտականություններից դուրս է իրավապաշտպան կազմակերպության դիտորդին` մինչև դատական նիստի սկսվելը, դատական նիստերի քարտուղարին մոտենալն արգելելը:
Ի դեպ, ՄԻՄՀ դիտորդը պատշաճ կերպով չներկայացվեց, փոխարենը հայտարարվեց, որ նիստերի դահլիճում կա դիտորդ, ով ցանկանում է լուսանկարահանել նիստը։ Պատասխանող կողմը հայտնեց, որ դեմ է լուսանկարահանմանը։ Հայցվորի ներկայացուցիչն ասաց, որ լուսանկարահանման համար պետք է ներկայացվի գրավոր միջնորդություն, որին ինքը կպատասխանի գրավոր պարզաբանումով։ Հայցվորի ներկայացուցչի հայտարարության առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով՝ դատական նիստի լուսանկարահանման հարցը քննարկվում է բանավոր: Քաղաքացիադատավարական որևէ ընթացակարգ սահմանված չէ լուսանակարահանում իրականացնելու համար գրավոր միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ: Դատարանը, ելնելով կողմերի դիրքորոշումից, դիտորդին չթույլատրեց լուսանկարահանում իրականացնել:
Ոստիկանությունը չէր ապահովել նիստին պատասխանողի ներկայությունը։ Ոստիկանության հետ կապ հաստատելուց հետո պարզվեց, որ պատասխանողի ներկայությունը կապահովվի 30 րոպեի ընթացքում։ Դատարանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում։
Ընդմիջման ավարտից հետո դատարանը հայտարարվեց, որ պատասխանողի ներկայությունը չի ապահովվել, ուստի, դատարանը որոշում կայացրեց դատաքննությունը շարունակել պատասխանողի բացակայությամբ։
Պատասխանող կողմը ներկայացրեց գործը կարճելու մասին միջնորդություն։ Միջնորդության համաձայն՝ ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց դատարան կարող է ներկայացնել միայն ծնողը կամ խնամակալը (ՀՀ ընտանեկան օրենսգրքի 60-րդ հոդված), իսկ ներկա պահին վարչական դատարանում քննվում է հայցվորի խնամակալ նշանակելու մասին որոշումը, և խնամակալի լիազորությունները կասեցված են, ուստի, նա չի կարող դիմել դատարանը նշված պահանջով։ Հայցվոր կողմը հայտնեց, որ խնամակալի նշանակման որոշումը վերանայված չէ, ուստի, նա ունի դատարան դիմելու իրավունք։
Դատարանը որոշում կայացրեց սկզբում քննել գործի կարճման մասին միջնորդությունը, հետո՝ ընդդատության մասին միջնորդությունը։
Գործի կարճման մասին միջնորդությունը մերժվեց։
Ապա քննվեց ընդդատության միջնորդությունը։ Պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ պատասխանողը հաշվառված է Արարատի մարզում, և, ընդդատության կանոնների խախտմամբ, հայցը ներկայացվել է Արմավիրի մարզի դատարան, ուստի, անհրաժեշտ է գործի քննությունը տեղափոխել Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Որպես ապացույց, նա ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից դուրս բերված տեղեկատվությունը։ Հայցվորի ներկայացուցիչն առարկեց՝ պնդելով, որ ԿԸՀ-ն այն մարմինը չէ, որը պետք է տրամադրի նման տեղեկատվություն, նման տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։ Նա հավելեց, որ պատասխանողը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, այդ պատճառով էլ հայցը ներկայացվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան:
Դատարանը որոշեց թույլ տալ հայցվորի ներկայացուցչին տեղեկություն ներկայացնել պատասխանողի հաշվառման վայրի մասին։ Տեղեկության ներկայացման համար տրվեց 5-օրյա ժամկետ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի մարտի 6-ին, ժամը՝ 15։00-ին։