2023 թվականի փետրվարի 21-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ դատական նիստը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքով։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանի՝ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար վերջինից ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը մեղադրվում է կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար վերջինից ստացել է 1 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հարկ է նշել, որ հանցանքները կատարվել են նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամկետում, հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը պետք է քննվի տվյալ պահին գործած քրեական օրենսգրքով։ Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժը մեղմացնող նորմերն ունեն հետադարձ ուժ։ Տվյալ դեպքում վերոնշյալ հանցանքների համար նախատեսված սանկցիաներից հանվել է գույքի բռնագրավման պահանջը, ուստի, պատիժը սահմանելիս պետք է առաջնորդվել նոր քրեական օրենսգրքով։
Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկայացած անձանց։ Դատական նիստին ներկայացել էին մեղադրողները, ամբաստանյալ Արմեն Գևորգյանը, ամբաստանյալների պաշտպանները, թարգմանիչը։ Դատական նիստերի դահլիճում գտնվող ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը, ով նախօրոք ներկայացել էր դատական նիստերի քարտուղարին և հայտնել էր նիստը լուսանկարահանելու խնդրանքի մասին, պատշաճ կերպով չներկայացվեց։ Պատշաճ կերպով ծանուցված ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել նիստին։ Պաշտպանության կողմը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը խցանումների պատճառով մի փոքր կուշանա, հետևապես, դատարանը հայտարարեց ընդմիջում։
Մինչև ընդմիջման ավարտը Դատարանը հայտնեց թարգմանչին, որ դատարանում սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Պաշտպանության կողմը հայտնեց, որ ըստ իրենց թարգմանիչը չունի անհրաժեշտ որակավորում։ Նրանք հավելեցին, որ թարգմանիչը պետք է ունենա թարգմանչի որակավորման փաստաթղթեր։ Թարգմանիչը հայտնեց, որ նախկինում պահանջվել են թարգմանչի որակավորումը հավաստող փաստաթղթեր, սակայն, ՀՀ Կառավարության 19 մարտի 2020 թվականի N 329-Ն որոշման համաձայն՝ բավարար է միայն բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից համապատասխան լեզվին տիրապետելու մասին մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթի առկայությունը։ Պաշտպանության կողմն առարկեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ թարգմանիչը պարտավոր է քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել թարգմանչի` իր որակավորումը հաստատող փաստաթղթերը։ Բացի այդ, ըստ կողմի՝ թարգմանչին տրված լիազորագիրը ստորագրված է հենց թարգմանչի կողմից։ Թարգմանիչը պարզաբանեց, որ թարգմանություն իրականացնող իրավաբանական անձի տնօրենը հենց ինքն է։ Մեղադրանքի կողմը հայտնեց, որ թարգմանիչը գործում է Դատական դեպարտամենտի հետ կնքված պայմանագրի հիման վրա, և միակ պարտադիր պայմանը թարգմանվող լեզուներին տիրապետելն է։
Հայտարարված ընդմիջումից հետո պաշտպանության կողմը բացարկ հայտնեց թարգմանչին՝ հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, այն է՝ թարգմանչի անձեռնահասությանը։ Մեղադրանքի կողմն առարկեց բացարկի դեմ, քանի որ, ըստ իրենց, օրենքով պահանջվում է, որ թարգմանիչը լինի չշահագրգռված անձ և տիրապետի թարգմանվող լեզվին, օրենքում որևէ կետ չկա պարտադիր լիցենզավորման կամ որակավորման մասին։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Դատարանը որոշում կայացրեց բացարկը մերժելու մասին:
Դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը։
Պաշտպանության կողմը պարբերաբար ընդհատում էր ապացույցների հետազոտումը և միևնույն կամ նույնատիպ բառի մասով պարզաբանում պահանջում թարգմանչից։ Սա պարբերաբար ուղեկցվում էր ծաղրով և թարգմանչի հանդեպ բացահայտ անարգանքով։
Ապացույցների հետազոտման ավարտից հետո պաշտպանության կողմն ամբաստանյալ Արմեն Գևորգյանի նկատմամբ կիրառվող երկրից չբացակայալու սահմանափակումը ժամանակավորապես վերացնելու միջնորդություն ներկայացրեց։ Բանը նրանում է, որ Արմեն Գևորգյանը պետք է ներկա գտնվի փետրվարի 27-ից մարտի 3-ը Ստրասբուրգում և Փարիզում անցկացվող համաժողովներին։ Դատարանը բավարարեց միջնորդությունը և վերացրեց սահմանափակումը փետրվարի 27-ից մինչև մարտի 4-ն ընկած ժամանակահատվածի համար։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2023 թվականի մարտի 7-ին, ժամը՝ 13։00-ին։
Հարկ է նշել, որ դատական նիստերի դահլիճի դատավարական հատվածն այցելուների հատվածից բաժանված էր զրահապատ ապակե միջնորմով։ Նիստի ընթացքը լսելի դարձնելու համար կիրառվել էին բարձրախոսներ, որոնք, սակայն, չէին ապահովում նիստի լսելիությունը։
«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ-ն արդեն իսկ դիմում է ներկայացրել դատարան՝ ՄԻՄՀ մոնիթորինգային խմբի անդամների ներկայությունը դատավարական հատված թույլատրելու վերաբերյալ, սակայն, դատարանը հրաժարվում է մի կողմից՝ լուծել հրապարակայնության սկզբունքին խոչընդոտող խնդիրը, մյուս կողմից՝ արձագանքել Կազմակերպության խնդրանքին։