Մարգարիտա Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ և Արփինե Վարդանյանի վստահությունը չարաշահելու եղանակով խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի ընդհանուր 700.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ:
21.02.2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը: Նախքան դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը դատական կարգադրիչների միջոցով տեղեկացրեց դատական նիստը նախագահող դատավորին, որ ցանկություն ունի դատական նիստը դիտարկել դատական նիստերի դահլիճի դատավարական հատվածից, քանի որ դահլիճի դատավարական հատվածն այցելուների հատվածից զրահապատ ապակե միջնորմով բաժանված լինելու պատճառով կա լսելիության խնդիր, որը նկատվել էր նաև այլ գործով դատական նիստի մշտադիտարկման շրջանակներում: Դիտորդը նաև հայտնեց դատավորին դատական նիստի ընթացքը լուսանկարահանելու ցանկության մասին։
Դատավորը դիտորդին տեղյակ պահեց, որ լսելիության խնդիրը վերացված է, սակայն, եթե կրկին նիստը լսելի չլինի, դիտորդը կարող է տեղյակ պահել և տեղափոխվել դատավարական հատված: Դատավորը նաև հավելեց, որ կքննարկի նիստը լուսանկարահանելու թույլատվության հարցը:
Դատական նիստը սկսվեց 15 րոպե ուշացումով: Դատական նիստերի քարտուղարը դատարանին ներկայացրեց դատական նիստին ներկայացած կողմերին. դատական նիստին ներկայացել էին դատախազը, տուժող կողմի ներկայացուցիչը, սակայն, նիստին չէր ներկայացել ամբաստանյալը:
Դատարանը կողմերին տեղյակ պահեց ՄԻՄՀ/ISHR/ դիտորդի՝ դատական նիստերի դահլիճում գտնվելու և լուսանկարահանում իրականացնելու ցանկության մասին: Դատարանը կողմերի հետ քննարկեց լուսանկարահանման հարցը, կողմերն առարկություններ չունեին: Սակայն, դատարանը դիտորդին թույլատրեց լուսանկարահանել միայն դատավարության կողմերին, ինքը՝ նիստը նախագահող դատավորը, չցանկացավ լուսանկարահանվել:
Դատարանը կողմերին և ներկաներին տեղյակ պահեց, որ ամբաստանյալը կրկին չի ներկայացել դատական նիստին, ամբաստանյալի հետ հնարավոր չի եղել կապ հաստատել, նաև հնարավոր չի եղել ամբաստանյալին ծանուցել ոստիկանների միջոցով, քանի որ վերջիններս բնակարանային այցելության ժամանակ պարզել են, որ ամբաստանյալը չի բնակվում իր հաշվառված հասցեում, և այդ հասցեում փաստացի բնակվողները ոչ մի տեղեկություն չունեն ամբաստանյալի բնակության վայրի մասին:
Դատախազը, համաձայն ՀՀ քրեական դատավարության 285-րդ հոդվածի, հանդես եկավ միջնորդությամբ՝ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կալանավորմամբ փոխարինելու մասին՝ միջնորդության հիմքում դնելով ՀՀ քրեական դատավարության 135-րդ հոդվածը, ամբաստանյալի դատարան չներկայանալու փաստը որակավորեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Դատախազն իր միջնորդության մեջ ընդգծեց այն փաստը, որ ամբաստանյալը չի ներկայացել որևէ դատական նիստի՝ փաստացի բացակայելով 5 դատական նիստից: Տուժող կողմի ներկայացուցիչը միացավ մեղադրողին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Դատարանը որոշում կայացրեց բավարարել դատախազի միջնորդությունը և ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխարինեց կալանավորմամբ: Միաժամանակ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի ուժով հետախուզում հայտարարեց ամբաստանյալ Մարգարիտա Ասլանյանի նկատմամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս առնչությամբ ունի հստակ դիրքորոշում առ այն, որ չնայած ներպետական իշխանությունները պատասխանատու չեն մեղադրյալի վարքագծի համար, այնուամենայնիվ, կողմերից մեկի դրսևորած ձգձգումների տակտիկան իշխանություններին պատասխանատվությունից չի ազատում ապահովելու, որպեսզի քննությունն իրականացվի ողջամիտ ժամկետում (Մինչևան ընդդեմ Բուլղարիայի, գործ 2010, § 68):
Դատարանը, միանշանակ, լիազորված էր և պարտավոր էր մինչ այդ և առանց դատախազի միջնորդության միջոցներ ձեռք առնել ամբաստանյալի ներկայությունն ապահովելու համար, ինչն անհրաժեշտ է գործի ողջամիտ ժամկետում քննության կոնվենցիոն պահանջի կատարման տեսանկյունից: